«Հրապարակ». Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Զանգեզուրի միջանցք չի հիշատակվել, խոսքը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին էր
Վերջին օրերին Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից Ռուսաստանին ուղղված հայտարարություններ են հնչում։ Իրանի արտաքին գործերի նախարար Սայիդ Աբբաս Արաղչին Ռուսաստանին նախատել է՝ Հայաստան-Իրան ցամաքային միջանցք ստեղծելուն ուղղված կոչերի համար։ «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը։ Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից մեր հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել էր Արաղչին X-ում։
Խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ է անդրադարձել Կրեմլի հայտարարություններին` դա բնորոշով որպես Ռուսաստանի կողմից մեջքից հարված` Իրանի անվտանգությանը։ Mehr լրատվականում էլ մի հոդված է հրապարակվել՝ «Իրանի մոտեցումը «Զանգեզուրի միջանցքին». ո՞ր լուծումն է լավագույնը» վերնագրով։
«Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Մոսկվայի անկարողությունը, ռուսաստանցի խաղաղապահների վատ աշխատանքը Լաչինի միջանցքում եւ դրա հետեւանքով այս տարածաշրջանի բնակիչների վրա առաջացած ճնշումը ստիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգության եւ ռազմական ամբողջականության ոլորտում վերանայել իր կառավարության նախկին քաղաքականությունը եւ Երեւանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հօգուտ արեւմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հնդկաստանի»,- գրված է հոդվածում։
Իրանից եկող այս ազդակների մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։
- Իրանը բավականին կտրուկ հայտարարություններ է արել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի մասով ՌԴ-ի պահվածքի վերաբերյալ։ Իսկապե՞ս ռուս-իրանական հարաբերությունները լարված են։
- Գիտեք, Զանգեզուրի միջանցքի խնդիրը, վստահաբար, Ռուսաստանի խնդիրը չէ՝ առաջինը, երկրորդ` դա հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրն է, երրորդ՝ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի հարցը հանեց Խաղաղության պայմանագրից, չորրորդ` այն, ինչ հայտարարում էր Լավրովը, որ այդպիսի արձագանք ստացավ, դա հնացած ինֆորմացիա էր՝ թյուրիմացություն է եղել, եւ ռուսական կողմը նրան դա թույլ չէր տվել։ Եվ նման իրավիճակից, թյուրիմացությունից օգտվեցին Իրանում որոշակի շրջանակներ, ի դեպ, ուժեր, որոնք հակառուսական քարոզչությամբ են զբաղված, եւ այդ լարումն արհեստական բնույթ ունի։ Ինչո՞ւ, որովհետեւ որեւէ պահանջ ու պրետենզիա Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին` զանգեզուրյան միջանցքի մասով, գրեթե զուրկ են հիմնավորումից, որովհետեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրում Զանգեզուրի միջանցք, որպես այդպիսին, չի հիշատակվել, այնտեղ խոսք է գնում միայն կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ահա եւ վերջ, դա արհեստական եւ ուռճացված, հորինված խնդիր է, որի նպատակն է՝ խնդիրներ առաջացնել ռուս-իրանական հարաբերություններում։ Նաեւ Ռուսաստանում են այս խնդիրն ուռճացնում, դե, էլ չեմ խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի մասով։
- Որո՞նք են այդ ուժերն Իրանում եւ Ռուսաստանում, որոնք փորձում են, ինչպես Դուք եք ասում, ուռճացնել այս խնդիրը։
- Իրանում կան այդպիսի ուժեր: Չնայած մենք Իրանի հետ կառուցում ենք ռազմավարական համագործակցություն, «Հյուսիս-Հարավ» միջանցքն ենք կառուցում, մենք չենք համարում, որ Իրանը պրոռուսական տրամադրվածություն ունեցող երկիր է։ Իրանում կան, պայմանական ասած, պրոարեւմտամետ լիբերալներ, դեմոկրատներ եւ այլն, պահպանողականներ, որ ավելի շատ ՔՍԻՐ-ն է, որոնց ուղղվածությունը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։ Այսպես կոչված, լիբերալներն ու ռեֆորմատորները, բարեփոխիչները պրոռուսական չեն, նրանք՝ բոլորը, պրոարեւմտամետ են, եւ նույնիսկ ներկայիս նախագահ՝ ադրբեջանցի Փեզեշքիանը, նրա հայտարարությունների մեծ մասը, ռեւերանսներն Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանն են ուղղված, եւ միայն առիթի դեպքում է հիշատակում Ռուսաստանն ու Չինաստանը։ Ռուսաստանը միայն վերջերս լրջորեն զբաղվեց Իրանով՝ Իրանում չկա այդքան ակտիվ պրոռուսական լոբբինգ, եւ դա իրեն զգացնել է տալիս։ Որոշ ուժեր՝ Արեւմուտքի աջակցությամբ, փորձում են փչացնել ռուս-իրանական հարաբերությունները՝ ուկրաինական հակամարտության կոնտեքստում։
- Իսկ այդ ուժերին կհաջողվի՞ դա։
- Ոչ, ոչինչ չի հաջողվի, ինչո՞ւ, որովհետեւ ռուսական հետախուզությունն այնտեղ եւս լավ է աշխատում։
- Իսկ ի՞նչ կասեք Իրանի տրամադրած հրթիռների մասին, այդ համագործակցությունը շարունակակա՞ն է լինելու եւ ընդլայնվելո՞ւ է։
- Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Իրանը Ռուսաստանին հրթիռներ է մատակարարում, մենք՝ ինքներս ենք հրթիռներ արտադրում, այդ տեղեկատվությունն արեւմտյան լրատվամիջոցներն են շրջանառության մեջ դրել։ Մեզ մեր հրթիռներն էլ են բավականացնում, մենք խնդիրներ ունեինք անօդաչուների հետ, որոնց հարցով Իրանը հնարավոր է` որոշակի աջակցություն ցույց է տվել, իսկ հրթիռների մասով մեզ ոչինչ պետք չէ` ո՛չ կորեական, ո՛չ էլ իրանական, այդ ամենն իսկական միֆոլոգիա է։
- Դուք ասում եք, որ ռուսական կողմը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ չի ասում, բայց Լավրովը, Զախարովան իրենց վերջին հայտարարություններում դա չէի՞ն ակնարկում։
- Պարադոքսն այն է, որ Զանգեզուրի միջանցքը լոբբինգ էին անում ամերիկացիները՝ Օ՛Բրայենի վերջին այցելությունն այնտեղ, ասում էր, որ դա ուղիղ տրանզիտ է Միջին Ասիայից Ադրբեջանով, Հայաստանով դեպի Թուրքիա։ Հիմա ասում եք, որ Լավրովն է նույնն ասում, ինչ է, ուզում եք ասել, որ Մոսկվան ու Վաշինգտոնը նո՞ւյնն են ուզում։
- Գուցե Մոսկվան որոշել է իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել եւ ի՞նքը վերահսկել այդ միջանցքը։
- Այդ միջանցքն այդքան էլ կարեւոր չէ, մեզ համար ավելի կարեւոր է «Հյուսիս-Հարավ» միջանցքը, Թուրքիա մտնել կարող ենք Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով։
Կարծիքներ