Սերժ Սարգսյանը պետք է գար «Ռոսիա մոլի» բացմանը, որ գովազդեր

Սերժ Սարգսյանը պետք է գար «Ռոսիա մոլի» բացմանը, որ գովազդեր

Այսօր Ազգային ժողով էր եկել գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թե որն է այցի նպատակը՝ գործարարը կատակեց, որ կարոտել է Ազգային ժողովի բուֆետի կարկանդակներy ։

Խորհրդարանում նրան ուղեկցում էին Սիփան Փաշինյանը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Խաչատուր Սուքիասյանի հետ «Հրապարակ»-ը հարցազրույց է արել, որը կներկայացնենք մեր վաղվա համարում։ Գործարարը կարճ ճեպազրույց ունեցավ նաեւ մի քանի լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ վերջերս Խաչատուր Սուքիասյանը մի առիթով ասել էր, որ Սերժ Սարգսյանը վատ ընկեր է, դրանից հետո շատերը հիշեցին, որ նույն Խաչատուր Սուքիասյանը  «Ռոսիա մոլի» բացմանը հրավիրել էր նաեւ Սերժ Սարգսյանին։ Այսօր գործարարը պատասխանեց այդ հիշեցումներին․

«Նախեւառաջ Խաչատուր Սուքիասյանը, ցանկացած ՀՀ քաղաքացի ոչ թե անձին է ընդունում, այլեւ ինստիտուտն է հարգում եւ ընդունում: Խոսքը գնում է այդ պահին Հայաստանի նախագահական ինստիտուտի մասին: Այդ պահին, այդ ժամանակ ով կլինի այդ ինստիտուտում ներգրավված կամ ընտրված մարդը, իհարկե, դու էդ ինստիտուտն ես հարգում: Արդեն կնայենք այդ անձի վարքագիծը, այդ անձը, որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ, ի՞նչ ձեւ է այդ իրավունքը իրացրել, թե՞ ուրիշ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ, այդ անձը, ում մասին ես ասում եմ, այլ իրավունքներ էլ է վերցրել, դա արդեն իմ ասելու խնդիրն է, բայց մնացածը պետք է այլ ինստիտուտներ զբաղվեն դրանով»:

Մեր հարցին՝ նախկինում  ինչո՞ւ չէիք ասում այդ մասին՝ նա պատասխանեց. «Ձեր եղբայրը, կինը, կամ ամուսինը մի բան կասի՝ մի հատ մեծ ծանր բանով կտան գլխին, նորմա՞լ է դա: Հետո դուք էլ, որպես լրագրող, կասեք՝ գիտեք ինչ, նա անցավ, վերեւից մի բան ընկավ գլխին, ոչ թե վերեւից տվեցին գլխին, որովհետեւ մնացածը նրանց սպասարկողներն են: Մարդը 45 հոգու բիզնես է խլում, 45 լրատվական կառույց պաշտպանում է, էդ թվերին, ի՞նչ է դրա անունը, կարա՞ք ինձ ասեք»:

Մեր դիտարկմանը, բայց այդքանից հետո Սերժ Սարգսյանին դուք էիք հրավիրել «Ռոսիա մոլի» բացմանը, ինքն է այդ ինստիտուտի ղեկավարը՝ Սուքիասյանը պատասխանեց. «Իհարկե, ինքը պետք է գար, որ գովազդեր «Ռոսիա մոլը» որովհետեւ ես շատ տուժած էի, iիրեն կանչել էի ու պետք է գար, որ գովազդեր: Որովհետեւ, երբ որ ինքն է գալիս, գալիս եք, լուսաբանում եք, երբ չի գալիս, չեք գալիս»:

Ճշտեցինք՝ օգտագործե՞լ եք ձեր բիզնեսում՝ Խաչատուր Սուքիասյանը վրդովվեց. «Դուք շատ վատ մտքեր եք օգտագործում։ Չեմ օգտագործել, ես ասել եմ՝ մետրոն օգտագործեք, պարոն Սարգսյան, մետրոյով եկեք ու նա ընդունել է, մետրոյով է եկել»:

Ամբողջական հարցազրույցը «Հրապարակ»-ի վաղվա համարում։