ԱՄՆ ներգաղթը բացառապես օրինական ճանապարհով.  Դա իսկապես հնարավոր է

ԱՄՆ ներգաղթը բացառապես օրինական ճանապարհով.  Դա իսկապես հնարավոր է

Սիրելի ընթերցող, ինչպես հիշում եք, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գործող «Gevorg Alexanyan Law Group» LLC մի խումբ հայազգի իրավաբաններով «ՀՐԱՊԱՐԱԿ» լրատվամիջոցի հետ համատեղ նախաձեռնել ենք պարբերաբար հանդես գալ ԱՄՆ ներգաղթային օրենսդրության վերաբերյալ մեր հոդվածաշարերով, այդ ճանապարհով փորձելով ձեզ առավելագույնս օգտակար լինել՝ ԱՄՆ ներգաղթելու ձեր որոշման կայացման ընթացքում կամ դրանից առաջ: 

Մեր առաջին հրապարակումից հետո մենք բավականին հետաքրքրիր նամակներ և հարցադրումներ ենք ստացել՝ ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ արդեն իսկ ԱՄՆ ներգաղթած մեր քաղաքացիներից, ունենք նաև բավականին թվով դիմումներ՝ Սիրիայում և Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից: Այս հոդվածի հետ կապված և ձեր անհատական հարցերի շուրջ դուք կրկին կարող եք գրել մեզ՝ [email protected] էլ.հասցեին կամ թողնել մեկնաբանություն հոդվածի ներքո: Մենք անպայման կարձագանքենք:
Այս հոդվածը թվով երկրորդն է և անշուշտ, այս շարքը լինելու է շարունակական: Այս անգամ մենք կանդրադառնանք Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքների կառուցվածքի համառոտ բնութագրին, ինչը կնպաստի յուրաքանչյուրին առավել ճշգրիտ կողմնորոշվելու, թե ներգաղթի հատկապես որ տեսակն է իրեն և իր ընտանիքին համապատասխանում ու ինչպես պետք է օգտվել այդ հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ ներգաղթային գործընթացը կարգավորվում է «Ներգաղթի և ազգության Ակտով» (“Immigration & Nationality Act”)։ Քանի որ այս Ակտը բավականին ծավալուն է, մենք այն կներկայացնենք երկու մասով։ Առաջին մասը կվերաբերի ԱՄՆ-ում մշտական բնակության հաստատմանն ու դրա եղանակներին, երկրորդը՝ Միացյալ Նահանգներ կատարվող ժամանակավոր այցերին։ 

Մշտական բնակություն հաստատելու նպատակով («Գրին Քարդ»-ով) ԱՄՆ մուտք գործելու համար կա երեք հիմնական ուղի՝ 

1. Ընտանիքի անդամների, վերամիավորման միջոցով (սահմանափակումը տարեկան 226,000 վիզա): 

2. Աշխատանքի միջոցով (տարեկան տրամադրվող վիզաները ԱՄՆ կառավարության կողմից սահմանափակված են մինչև 140,000 վիզա):

3. Վիճակահանության միջոցով՝ Բազմազանության Վիճակահանությամբ, որը առավել քան տարածված է Green Card-ի խաղարկություն անունով (սահմանափակում տարեկան 50,000 վիզա)։ 
ԱՄՆ օրինական ձևով մշտական ներգաղթի առավելագույն մասն իրականացվում է առաջին երկու տարբերակներով և միայն մի որոշ, ոչ զգալի մասն է, որ ստանում է մշտական բնակություն՝ վիճակահանությամբ Green Card շահելու միջոցով: Համեմատելու և տեսանելի լինելու համար նշենք, որ օրինակ 2019 թվականին ԱՄՆ-ն թողարկել է 577,000 Գրին Քարդ առաջին երկու տարբերակներով ներգաղթյալների համար և ընդամենը 50,000՝ վիճակահանությամբ շահածների համար։ 

Ընտանիքի միջոցով ներգաղթելու համար ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ-ում Գրին Քարդ ունեցող անձը իրավունք ունի և կարող է խնդրագիր ներկայացնել ԱՄՆ «Քաղաքացիության և Ներգաղթային Ծառայություններ» (“Citizenship & Immigration Services”) հետևյալ բարեկամների համար․

Քաղաքացիներ
    • Ամուսին («անմիջական հարազատ» դաս)
    • Ծնողներ («անմիջական հարազատ» դաս)
    • Երեխաներ մինչև 21 տարեկան («անմիջական հարազատ» դաս)
    • Չամուսնացած տղաներ կամ աղջիկներ (1-ին դաս) 
    • Ամուսնացած տղաներ կամ աղջիկներ (3-րդ դաս)
    • Քույրեր և եղբայրներ (4-րդ դաս)

Գրին Քարդ կրողներ
    • Ամուսին (2-րդ Ա դաս)
    • Երեխաներ մինչև 21 տարեկան (2-րդ Ա դաս)
    • Չամուսնացած տղաներ կամ աղջիկներ (2-րդ Բ դաս)

«Դաս»-երի կարևորությունը նրանում է, որ այն կարգավորում է, թէ ինչքան ժամանակ է հարկավոր սպասել, որպեսզի վիզան ստանալու հերթը հասնի տվյալ խնդրագրին։ Քանի որ վիզաների թիվը սահմանափակ է, տարիների ընթացքում գոյացել է հսկայական հերթ, որը տվյալ պահին ունի հետևյալ տեսքը (Փետրվար 2020 տվյալներով)․
    • 1-ին դաս – մոտ 6 տարի
    • 2-րդ Ա դաս – հերթ չկա
    • 2-րդ Բ դաս – մոտ 5 տարի
    • 3-րդ դաս – մոտ 12 տարի
    • 4-րդ դաս – մոտ 13 տարի

Պետք է հատուկ նշել, որ անմիջական հարազատ դասը ազատված է տարեկան սահմանափակումներից, և այդպիսով չկա հերթ այդ դասի խնդրագրերի համար։ 
Նմանատիպ կառուցվածք է գործում նաև աշխատանքի միջոցով մշտական բնակություն ստանալու պարագայում։ Այստեղ ևս գոյություն ունեն դասեր հետևյալ տեսքով․

1-ին դաս – Առաջնահերթություն վայելող աշխատողներ (օրինակ՝ անվանի, հեղինակավոր գիտնականներ, օլիմպիական չեմպիոններ, կամ հանրահայտ արտիստներ)

2-րդ դաս – Բարձր կրթական, մասնագիտական աստիճաններ ունեցող անձինք (Մագիստրոսի աստիճան կամ բարձր) կամ բացառիկ կարողության տեր անձինք (նման է 1-ին դասին, բայց որոշ էական տարբերություններով՝ կապված ընթացակարգի հետ)

3-րդ դաս – Մասնագետներ (օրինակ՝ բժիշկներ, հաշվապահներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, ուսուցիչներ և այլն), հմուտ վարպետներ (օրինակ՝ խոհարարներ, գորգագործներ և այլն), և այլ աշխատողներ: Այսինքն՝ տեսականորեն ԱՄՆ-ում ցանկացած պահանջված գործ, սակայն գործնականում՝ ոչ բոլորը:

4-րդ դաս – Որոշ հատուկ ներգաղթյալներ (օրինակ՝ կրոնական աշխատողներ)

5-րդ դաս – Աշխատանք և աշխատատեղ ստեղծողներ (հարկավոր է ներդնել $900,000 կամ $1,800,000 և ստեղծել նվազագույնը 10 աշխատատեղ):

Հետաքրքիր է նշել, որ ներկա պահին (Փետրվար 2020) բացի 1-ին դասից, մնացած բոլոր դասերում հերթ չկա։ Սա պատմականորեն կարելի է համարել անոմալիա, քանի որ դեռ ոչ վաղ անցյալում գոյություն ունեին տարիների հասնող հերթեր գրեթե բոլոր դասերում, բացի 1-ից։
Իհարկե կան այլ ուղիներ Գրին Քարդ ստանալու համար, օրինակ՝ անձինք, ովքեր հանդիսանում են որոշ հանցագործությունների հետևանքով տուժված անձինք, ամուսինների կողմից ֆիզիկական կամ հոգեբանական կտտանքների ենթարկված անձինք, քաղաքական ապաստան հայցողներ, և մի շարք այլ դասերի պատկանող  անձինք, սակայն դրանք հասանելի են միայն նրանց, ովքեր արդեն գտնվում են ԱՄՆ-ում։  

Ընթացակարգային առումով, խնդրագրերը վերանայվում են երկու փուլով։ Առաջին փուլում դրանք վերանայվում են ԱՄՆ-ում, դաշնային իմիգրացիոն գործակալության կողմից և դրական պատասխանի արժանանալու դեպքում ուղարկվում են համապատասխան հյուպատոսարան 2-րդ փուլի՝ վերջնական վերանայման, տվյալների ճշտման և հարցազրույցի անցկացման համար։ Այդ իսկ պատճառով, բուն խնդրագրի դիմումը ներկայացնելուց մինչև ԱՄՆ ժամանելը կարող է վեց ամսից մինչև նույնիսկ մի քանի տարի տևել։

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով ոլորտի բազմաշերտ և բավականին խորը լինելը, մենք փորձում ենք հնարավորինս համառոտ և մատչելի ներկայացնել ձեզ ներգաղթի հետ կապված սկզբունքները: Միևնույն ժամանակ պատրաստ ենք նաև քննարկել յուրաքանչյուրին հուզող որևէ մասնավոր դեպք: Մեր հաջորդ հոդվածում մենք կանրադառնանք ԱՄՆ մուտքի արտոնագրերի ամենատարածված՝ ժամանակավոր վիզաներին և դրանց տեսակներին։

Հարգանքներով՝ 
Գեվորգ Ալեքսանյան, Փաստաբան, «Gevorg Alexanyan Law Group» LLC փաստաբանական գրասենյակի հիմնադիր-ղեկավար:
Լոս Անջելես, Քալիֆորնիա