Մեզ թվում էր՝ եթե երեխաներին դուխով դաստիարակենք, բավարար է պատերազմում հաղթելու համար

Մեզ թվում էր՝ եթե երեխաներին դուխով դաստիարակենք, բավարար է պատերազմում հաղթելու համար

Անցնող 2020 թվականն ամփոփել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ


Դրական շարժեր

Կրթության եւ գիտության ոլորտում 2020թ․ ձեռքբերումներից կարելի է նշել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումը։ Դա այն եզակի փաստաթղթերից է, որ ամրագրված էր նախարարության գործունեության ծրագրում եւ որն ընդունվեց։ Ցավոք, նախարարությունն իր կողմից հաստատված գործունեության ծրագրի 90 տոկոսը չի կատարել, եւ այդ իմաստով նախադպրոցական կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ օրենք ընդունվեց։ Սա ինձ ուրախացնում է, որովհետեւ նախադպրոցական կրթությունը միշտ համարվել է կրթության ոլորտում անտեսված, բայց իրականում դա ամենակարեւոր ոլորտն է, եւ սա, թերեւս, կարող ենք համարել դրական զարգացումներից մեկը, բայց սա՝ դեռեւս փաստաթղթային մակարդակում, ինչը բնավ չի նշանակում, որ ոլորտը ծաղկում է, պարզապես ինչ-որ շարժ այս տարի նկատվեց։ Ձեռքբերում կարող ենք համարել նաեւ դպրոցաշինական ծրագրերը, որոնք բավական մեծ թափ ստացան։ Իհարկե, դրանք էլի նախկինում ընդունված ծրագրեր էին՝ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի օժանդակությամբ՝ դեռ նախորդ կառավարությունից եկող, բայց այս տարի էլ բավական ներդրումներ արվեցին։ Ես մի փոքր դրական կհամարեի նաեւ կորոնավիրուսը, որովհետեւ այն հնարավորություն տվեց, որպեսզի մեր ուսուցիչները, դասախոսները բարելավեն իրենց թվային գրագիտության մակարդակը, եւ այս մի քանի ամսվա ընթացքում մեր ուսուցիչներն ավելի շատ բան սովորեցին տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման առումով, քան նախորդ տարիներին։ Թեեւ, հույս չունեմ, որ սա կբերի գլոբալ փոփոխության, որովհետեւ այս ամենի արդյունքում մեծ մասը եկավ այն եզրակացությանը, որ հեռավար ուսուցումը սուտ բան է, եւ ճիշտը դպրոցներն ու համալսարանները բացելն է։ Եվ ես մի փոքր մտահոգություն ունեմ, որ այս իրավիճակից հետո այս ամենը չի օգտագործվի եւ կմոռացվի։

Քննությունը տապալեցինք

Այս տարի բացասականը շատ-շատ էր, եւ կարելի է ասել, որ 2020-ը կրթության ոլորտում քննությունների տարի էր․ ե՛ւ պատերազմը, ե՛ւ կորոնավիրուսը քննություն էին կրթական համակարգի համար, իսկ այդ քննությունը մենք հիմնականում տապալեցինք։ Նախ՝ նախարարության գործունեությունը, որն այս տարի էլի չգոհացրեց։ Աշխատանքից ազատվեցին կամ իրենց կամքով գնացին նախարարը եւ կրթության գծով երկու փոխնախարարները, եւս մեկ փոխնախարար գնացել էր դեկտեմբերի վերջին։ Արդյունքում նախարարության կրթական վերնախավում այլեւս չմնաց որեւէ մեկը, որ 2018-ի թիմում էր, այսինքն՝ թիմը գնաց։ Բայց այդ թիմը մեզ խոստացել էր, որ 2022-23 թթ․ ունենալու ենք որակապես նոր կրթական համակարգ։ Ու քանի որ թիմը գնաց, բնականաբար, այդ խոստումներն էլ գրվեցին սառույցին։

Ընդհանուր առմամբ, նախարարությունը ներկայացրեց մի քանի փաստաթուղթ, որոնք բոլորը սկանդալային ընթացք ունեցան, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որը թեպետ 2019-ի վերջին ներկայացվեց, բայց 2020-ին եղան բազմաթիվ քննարկումներ, լսումներ ԱԺ-ում։ Այդ օրենքը քննարկումներից հետո կորավ ասպարեզից եւ վերջերս անակնկալ ձեւով հայտնվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող օրակարգում, որպես հրատապ խնդիր ընդունվեց եւ գնաց ԱԺ։ Այդ օրենքը սկանդալով եկավ, սկանդալով ընթացավ, տեսնենք վերջն ինչ է լինելու։ Մյուսը չափորոշիչներն էին, որ մեծ քննարկումների առիթ դարձան։ Նախարարությունը, ամեն դեպքում, լավ չի իրականացնում իր հանրային հաղորդակցությունը, եւ ընդունելով նախարարությանն ուղղված որոշ քննադատություններ՝ պետք է ասեմ, որ որոշ քննադատություններ էլ վերագրեցին նախարարությանը։ Օրինակ՝ հայտարարվեց, որ «Ռազմագիտություն» առարկան հանվում է, բայց այդպիսի բան չկար։ Այսինքն՝ սխալ հաղորդակցական քաղաքականության պատճառով նախարարությունը երբեմն քննադատվում է ոչ միայն իր սխալների, այլեւ նույնիսկ չարածների համար։

Այդ առումով չափորոշիչները որքան էլ խնդրահարույց էին, բայց այնտեղ կային որոշ բաներ, որ եթե նախարարությունը պրոակտիվ աշխատեր, այդ քննադատությունները չէին լինի։ Նաեւ ասեմ, որ նախարարությունը շատ դեստրուկտիվ էր տանում այդ քննարկումները՝ մարդկանց պիտակավորում էին, հեգնում, ծաղրում, անցյալին վերաբերող ինչ-որ բաներ հիշեցնում, շատ անառողջ վիճակ էր։ Բայց հետո ի՞նչ տեղի ունեցավ․ նույն ծաղրող եւ բոլորին հեգնող կառավարությունն Արցախի հարցում հայտնվեց պարտվողի իրավիճակում, եւ հիմա այդ նույն պիտակները շատ ավելի դաժան ձեւերով կպցնում են ներկայիս կառավարությանը։ Այսինքն՝ եթե նույնիսկ մարդիկ սխալ բաներ են խոսում, կարելի է քննարկումը կոնստրուկտիվ տանել, որովհետեւ եթե մեկը մի բան քննադատում էր, ասում էին՝ սա կաշառակեր է, նա՝ դաշնակցական, մյուսը՝ հետամնաց։ Այսինքն՝ այսպիսի պիտակավորումներով ճիշտ չէ խոսել, դու պետք է փորձես այդ մարդու գաղափարները հերքել, ոչ թե փորփրես նրա անցյալը կամ կուսակցական պատկանելությունը, որոնք այս դեպքում կարեւոր բաներ չեն։

Կրթության բացերը

Կորոնավիրուսն ինչո՞վ էր մարտահրավեր կրթության համար, որ ցույց տվեց մեր կրթության բացերը։ Մենք տեսանք, որ ունենք բազմաթիվ երեխաներ, ըստ նախարարության՝ 20 տոկոս, որոնք համակարգիչ, ինտերնետ չունեն, եւ վստահ եմ՝ շատ ընտանիքներ էլ կային, որ ընդամենը մեկ սարք ունեին, բայց տանը 3-4 երեխա կար, կամ տունը փոքր էր, եւ զուգահեռ 2-3 երեխա չէր կարողանում տանը դաս անել։ Այսպիսի բազմաթիվ սոցիալական խնդիրներ դուրս եկան ջրի երես։ Ավելին ասեմ․ պարզվեց՝ ունենք ուսուցիչներ էլ, որ չունեն համակարգիչ, այսինքն՝ տեսանք, որ ընդհանուր մեր ենթակառուցվածքների վիճակը լավ չէ։ Դպրոցներում էլ չկային բավարար թվով համակարգիչներ, որ տրամադրեին այն ուսուցիչներին ու երեխաներին, որոնք դրա կարիքն ունեին։ Տեսանք նաեւ, որ երեխաներն առանձնապես չէին ուզում սովորել, եւ շատ երեխաներ ձախողեցին հեռավար կրթությունը ոչ թե որ համակարգիչ չունեին, այլ որ հեռավար կրթությունը երեխային հնարավորություն տվեց թաքնվել ամեն ինչից, գլուխ պահել, անջատել տեսախցիկը, պառկել անկողնում եւ ձեւացնել, թե իբր ինքը դասի է։ Եվ այն, որ ուսուցիչները բողոքում էին, որ հեռավարը չի աշխատում, իրականում այդտեղ մեղավորը ոչ թե հեռավարն էր, այլ այն, որ երեխան նախկինում էլ չէր ուզում սովորել, հիմա էլ։ Ուղղակի նախկինում, ուսուցչի առաջ նստած, փախչելու տեղ չուներ, իսկ հեռավարն իրեն տվեց փախչելու, թաքնվելու հնարավորություն, ասենք՝ ինտերնետս գնաց, հոսանքն անջատվեց։

Պատերազմը՝ կրթական ձախողում

Պատերազմն ընդհանուր համակարգային, պետական ձախողում էր եւ, բնականաբար՝ նաեւ կրթության, գիտության ձախողումն էր, որովհետեւ մեր սխալներից մեկն այն էր, որ մեզ թվում էր, որ եթե երեխաներին հայրենասիրական ոգով կամ, ներկա իշխանությունների լեզվով ասած՝ դուխով դաստիարակենք, դա բավարար կլինի պատերազմում հաղթելու համար, բայց պարզվեց՝ պատերազմում հաղթելու համար պետք է գիտություն, որը, պարզվեց նաեւ՝ մենք չունեինք, որպեսզի ավելի լավ զենքեր ունենայինք։ Կրթության մասով ես կնշեի նաեւ դիսցիպլինայի պակասը։

Վերջին տարիներին տնօրենները, ուսուցիչները հաճախ էին նշում, որ կարգապահությունը կրթական համակարգում լավ չէ։ Երբեմն «կարգապահություն» բառից մարդիկ խուսափում են՝ դա նույնացնելով սովետական կամ բանակային բարքերի հետ, որ մենք ազատ հասարակություն ենք, ի՞նչ կարգապահություն։ Այդպես չէ, ես կարծում եմ, որ մեր կրթական եւ ոչ միայն կրթական համակարգում կարգապահության մակարդակը շատ ցածր է, իսկ պատերազմը դա շատ լավ ցույց տվեց։ Կարգապահություն՝ չի նշանակում բռնապետություն, եւ այն, որ տարբեր խոսակցություններ ենք լսում, որ դիրքերը թողեցին փախան, հրամանատարը զինվորին մենակ թողեց, այ, սրանք կրթության ոլորտում եւ մեր հասարակության մեջ կարգապահության պակասից են։ Մենք կարգապահ հասարակություն չենք, իսկ կարգապահությունը ցանկացած հասարակության, նաեւ ժողովրդավարական հասարակության կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Չպետք է հանդուրժենք այն վիճակը, որ մարդն ասի՝ դե, ես ազատ քաղաքացի եմ, ինչ ուզեմ, կանեմ․ կուզեմ՝ դասի կգամ, կուզեմ՝ ոչ։ Ես ամենամեծ ձախողումը սա կհամարեի եւ այն, որ մեր գիտությունը պարտվեց այս պատերազմում, ինչը նաեւ սպասելի էր, որովհետեւ մենք ի՞նչ ենք արել գիտության համար, որ այդ գիտությունն էլ անօդաչուներ ստեղծեր, ավելին՝ որպես կանոն, այն մարդիկ, որոնք այս թեմաներով խոսել են, նրանց կարծիքը չենք էլ լսել։

Ինչպիսի կրթություն է մեզ պետք

Ստեղծված պայմաններում մեր կրթական համակարգը մղվեց 2-րդ պլան, որովհետեւ այս իրավիճակում, երբ քաղաքական, առողջապահական, սոցիալական աղետ կա, ոչ մեկը չի նստելու եւ զբաղվի կրթական հարցերով։ Նախ պետք է այս քաղաքական ճգնաժամը լուծվի, պետք է առողջապահական, մարդկային, հումանիտար աղետը լուծվի, որովհետեւ կան բազմաթիվ անհետ կորածներ, գերիներ, փախստականներ, եւ այդ մթնոլորտում լուրջ քննարկումներ կրթության թեմայով դեռեւս ակնկալել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ պետք չէ սկսել։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կրթության ոլորտում շատ մեծ գործընթացներ չեն լինի, բայց պետք է սկսել, որովհետեւ հասարակությունը հստակ հասկացել է, որ լուծումներից մեկն էլ պետք է գա կրթության ոլորտից, դրա համար պետք է քննարկումներ անել։ Ես, օրինակ, շատ կողմնակից կլինեի, որ հումանիտար մասնագետների մի խումբ ստեղծվեր, որը փորձեր հասկանալ մեր ժողովրդի առանձնահատկությունները եւ փորձեր այս իրավիճակում հասկանալ, թե ինչպիսի կրթություն է մեզ պետք, ինչպիսի ժողովուրդ ենք մենք, ինչ խնդիրներ ունենք, եւ դրա վրա նոր կառուցվեր կրթության որոշակի ռազմավարություն։