Երբ գալիս է քո հերթը

Երբ գալիս է քո հերթը

Երբ նա Ազգային ժողովում ստորացնում ու վիրավորում էր Հանրապետականի պատգամավորներին՝ ծաղրում էր, թե՝ քանի՞ գլխանի եք, որ ինձ չընտրեք, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորները հրճվում էին եւ իրենց անվերապահ աջակցությունը հայտնում նրան՝ մտածելով, թե իրենք երբեք չեն հայտնվելու այդ վիճակում, եւ վարչապետի պաշտոնին հավակնող անձը երբեք իրենց չի ստորացնելու։ Երբ հոկտեմբերի 2-ին, հենց ԱԺ բակում ազատում էր «Բարգավաճի» ու Դաշնակցության նախարարներին, «Լուսավոր Հայաստանի» ու ՀԱԿ-ի ժողովուրդը հրճվում էր՝ «դրանց հասնում է, նախկին իշխանությունների հետ կոալիցիայի մեջ են եղել»։ Հույս ունեին, որ իրենք միշտ արժանապատիվ ու համահավասար հարաբերություններ են ունենալու «Քաղպայմանագրի» ու Փաշինյանի հետ։

Երբ 2018-ին իշխանության գալով աշխատանքից ազատում էր մարզպետներին ու նախարարներին, Հունան Պողոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Վանեցյանը, Դավիթ Անանյանը, Էրիկ Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը եւ շատ ուրիշներ, ում առաջարկում էր պաշտոն զբաղեցնել, չէին պատկերացնում, որ այդ ուղտը մի օր իրենց դռանն էլ է չոքելու։

Երբ ՍԴ դատավորների դեմ էր պայքարում, մյուս դատավորներին թվում էր, թե այդ պայքարն ուղղված է ՀՀԿ-ի սահմանադրագետ Հրայր Թովմասյանի ու նրա շրջապատի դեմ։ Իսկ երբ դատավորներին անվանում էր «վնգստացողներ», զինվորականներին էր թվում, թե բանակն ուրիշ կառույց է՝ վարչապետը հասկանում է դրա նշանակությունը, իրենց երբեւէ չի դիպչելու։

Երբ Ռոբերտ Քոչարյանին էր նստեցնում, Սերժ Սարգսյանին թվում էր, թե ինքը զերծ է մնալու քրեական հետապնդումներից։

Երբ Արամ Սիմոնյանին էր հալածում, պոլիտեխնիկի, Բրյուսովի, Սլավոնականի ռեկտորները վստահ էին, որ Սիմոնյանն այնքան մեղքեր ունի՝ դա է պատճառը,  իրենք «մաքուր» են աշխատում, իրենք «պրոբլեմ չունեն»։

Եւ այդպես եկավ բոլորի հերթը։ Հեմինգուեյն ասում էր․ մի հարցրու՝ ում մահն է գուժում զանգը, զանգը գուժում է քո մահը։