Ծուռ հայելիների իրականության հերթական դրսեւորումը

Ծուռ հայելիների իրականության հերթական դրսեւորումը

Մի ժամանակ, երբ Նիկոլն ընդդիմադիր էր, եվրոպական չինովնիկներին անվանում էր եվրոյոնջաներ: Հետաքրքիր է՝ երբեմնի եվրոյոնջաների կամ նրանց ղեկավարների հետ այսօրվա շփումներում ինչպե՞ս է իրեն զգում ինքը, եւ ինչպե՞ս՝ նրանք: Թե՞ երկու կողմն էլ արդեն մոռացել են դա (դժվար թե նրանք չիմանային)՝ հաշվի առնելով, որ հայաստանյան բռնապետիկը՝ ինչպես սիրում է անվանել նրան իմ բարեկամ Ավետիքը (Իշխանյան), այսօր «ժողովրդավարական» Հայաստան է ներկայացնում եվրոպաներում:

Եվ քանի որ Նիկոլն արդեն հրաժարվել է իր կողմից օգտագործված բնութագրումից, ապա ես ինձ թույլ տամ օգտագործելու այն տվյալ հոդվածի շրջանակում: Հատկապես որ եվրոպական չինովնիկները տվել են դրա հնարավորությունը: Եվ այսպես՝ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում դատապարտել են Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Ոնց որ թե դա նորություն չէ, եւ հասկանալի չէ, թե ինչու են այդ մասին հիշել հիմա: Հատկապես որ վերջին ամիսներին բելառուսական ընդդիմությունն իրեն զգացնել չի տալիս լուրջ փողոցային ակցիաներով: Միակ բացատրությունը կարող է լինել այն հանգամանքը, որ դատապարտող հայտարարության նախագիծ ներկայացնողը նոր է իմացել այդ երեւույթի մասին: Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության վերաբերյալ տրագիկոմիկ անեկդոտում:

Համաեվրոպական «ազգըն- տիրները» դատապարտել են նաեւ Բելառուսի մասնակցությունն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը։ Ժամանակին Նիկոլի կողմից եվրոյոնջաներ անվանված անձանց հետ համաձայն չեմ նաեւ այդ հարցում: Ես որեւէ մասնակցություն չեմ դիտարկել, թեեւ ամենօրյա ռեժիմով հետեւում եմ հակամարտության ընթացքին: Չեմ դիտարկել նույնիսկ ռուսալեզու արեւմտյան տեղեկատվական կայքերում: Եվ, ըստ այդմ, չեմ հասկանում, թե ինչ հիմքով են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այդ երկրի կառավարության անդամները պատասխանատվության ենթարկվելու Միջազգային տրիբունալի եւ Միջազգային քրեական դատարանի առջեւ, եթե բելառուսական բանակը չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին: Իսկ Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի նկատմամբ, օրինակ, եվրախորհրդարանականները, չգիտես ինչու, չպահանջեցին դատական հետապնդում, չնայած 2020 թվականի աշնանը վերջինս պատերազմ նախաձեռնեց ընդդեմ Արցախի, որի ընթացքում բազմահազար մարդիկ սպանվեցին ու վիրավորվեցին: Մի քանի տասնյակ հազար մարդ էլ զրկվեց տնից-տեղից՝ սեփական հայրենիքում վերածվելով փախստականի: Ինչը կատարվեց ռասայական հիմունքով՝ էթնիկ զտման միջոցով: Գումարած դրան՝ անտառներում պատսպարված խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվեցին միջազգային համաձայնագրերով արգելված՝ սպիտակ ֆոսֆորով հագեցած ռումբեր: Կարծում եմ, որ հարեւան երկրի բռնակալը պետք է ոչ թե մեկ անգամ, այլ բազմաթիվ անգամ ենթարկվեր քրեական դատապարտման: Չնայած՝ ում ինչ եմ ասում՝ արեւելյան բռնապետը եվրոպացիների հուսալի գործընկերն է, քանի որ նրանց ապահովում է որոշակի քանակությամբ նավթագազային վառելիքով:

Վերադառնանք Բելառուսին. Եվրախորհրդարանը պահանջել է նաեւ Բելառուսը ճանաչել որպես օկուպացված տարածք՝ միաժամանակ պահանջելով Բելառուսի տարածքից դուրս բերել ՌԴ զինված ուժերը: Ըստ այդ պահանջի՝ պետք է հասկանանք, որ Բելառուսն օկուպացված է Ռուսաստանի կողմից: Այս մեկն ուղղակի սպանիչ էր. ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Ռուսաստանն օկուպացրել է Բելառուսի Հանրապետությունը: Չեմ կարդացել նույնիսկ «Դոյչե վելե» կոչված տեղեկատվական համալիրի էջերում, որին մի ժամանակ համարել եմ տեղեկատվության օրինակելի աղբյուր: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում այն վերածվել է պրոպագանդայի եւ ագիտացիայի միջոցի: Մի երեւույթ, որ մամուլի պատասխանատուներից պահանջում էր բոլշեւիկ Վլ. Ուլյանովը (Լենինը): Մի խոսքով, նիկոլական եվրոյոնջաներն արձանագրել են մի երեւույթ, որը գոյություն չունի իրականության մեջ: Սակայն առկա է մեկ այլ երեւույթ՝ դա ռուս-բելառուսական միացյալ զորագունդն է, որը ստեղծվել եւ տեղակայվել է Բելառուսում միջպետական համաձայնությամբ: Շեշտեմ՝ երկու երկրների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ: Եվ որի առջեւ ընդամենը խնդիր է դրվել՝ ապահովել բելառուսական սահմանների անվտանգությունը:
Ի դեպ, այդպիսի ռազմական միավորում առկա է նաեւ Հայաստանում եւ հենց ռուսական մասնակցությամբ: Կարծում եմ, որ դրա առկայության մասին պետք է որ տեղյակ լինեն եվրոպաներում: Բայց քանի որ Հայաստանը բավական հեռու է գտնվում ռուս-ուկրաինական հակամարտության գոտուց, ապա հայաստանյան ռազմական միավորի գոյությունը համաեվրոպական «ազգընտիրներին» որեւէ ձեւով չի խանգարում: Եվ նրանք չեն պատրաստվում Հայաստանն օկուպացված համարել Ռուսաստանի կողմից: Չնայած, միացյալ զորագնդից բացի, Հայաստանում առկա է նաեւ ռուսական 102-րդ ռազմական բազան, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայից: