«Հրապարակ». 8-րդ հիվանդանոցն ու Հովհաննիսյանի անվան սրտաբանականը միավորվել են․ դատարկությունները լցնելու հայկական տարբերակ

«Հրապարակ». 8-րդ հիվանդանոցն ու Հովհաննիսյանի անվան սրտաբանականը միավորվել են․ դատարկությունները լցնելու հայկական տարբերակ

Երեւանի ավագանին դեռ անցյալ տարվա հոկտեմբերին որոշում էր ընդունել, որով Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտը միանում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ին, որն ավելի հայտնի է որպես 8-րդ հիվանդանոց։ Այժմ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը տեղափոխման փուլում է։ Ղեկավար անձնակազմն օրվա մի մասը Պարույր Սեւակի 5 հասցեում է, մյուս մասը՝ 8-րդ հիվանդանոցի շենքում՝ Հրաչյա Ներսիսյան 7-ում։  
Նոր բուժմիավորումն անվանել են «Երեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Թե որն է երկու բուժհաստատությունների միավորման նպատակը, ինչով է հիմնավորվում երկու աշխատող հիմնարկների  վերակազմավորումը, որը, ինչպես ցանկացած փոփոխություն, գոնե ժամանակավորապես խաթարում է հիմնարկների բնականոն աշխատանքը, որոշման մեջ գրված չէ։ Բժիշկները, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները դժվարանում են պատճառ նշել, քանի որ գործընթացի շուրջ տեղեկատվություն գրեթե չկա։ «Հավանաբար, երկու շենքերը կիսադատարկ էին, ուզել են լցնել դատարկությունները»,- ասաց սրտաբանականի նախկին աշխատողներից մեկը։ 

Հարցին, թե ինչ է լինելու սրտաբանության ինստիտուտի շենքի ճակատագիրը, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ պատասխանում են․ «Այն շարունակելու է գործել որպես «Երեւան» ԲԿ մասնաշենք։ Զուտ իրավաբանական անձինք են միավորվել, իսկ սրտաբանության ինստիտուտի շենքում շարունակվելու են մատուցվել «Երեւան» ԲԿ-ի ծառայությունները»։
Հիշեցնենք, որ նախկինում 8-րդ հիվանդանոցի հետ տարբեր խառը պատմություններ էին կապված։ Այստեղ մի քանի անգամ տնօրեն է փոխվել։ 2019 թվականին, երբ առողջապահության նախարարն էր Արսեն Թորոսյանը, նա, ի թիվս այլ ԲԿ-ների ղեկավարների, նաեւ «Քանաքեռ-Զեյթունի» տնօրենին փոխեց եւ հիվանդանոցը հետ վերցրեց Երվանդ Զախարյանի աղջկանից՝ Գայանե Զախարյանից, որի ընկերությանը քաղաքապետարանը 2010 թվականին այս բուժհիմնարկը հանձնել էր հավատարմագրային կառավարման։ Հին տնօրեն Հայկ Պետրոսյանին փոխարինեց նորը՝ Ավետիս Ավետիսյանը: Այս տարվա հունվարի 5-ին Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակեց Սերգեյ Միրզոյանին։ Այժմ արդեն, միավորման մասին որոշումն ընդունելուց հետո, «Երեւան» ԲԿ-ն  նոր ղեկավար ունի՝ ժամանակավոր պաշտոնակատար, «Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ նախկին տնօրեն Հովիկ Բալյան։  

Ի՞նչ է լինելու աշխատողների հետ, որտե՞ղ են նրանք տեղավորվում, կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Հովիկ Բալյանը մեր հարցերին պատասխանելով ասաց, որ սրտաբանության ինստիտուտի շենքը դատարկվելու է, սակայն կրճատումներ չեն լինելու։ «Հիմնարկներն արդեն միացել են։ Աշխատողները՝ ամեն մեկն իր աշխատասենյակում է։ Այս պահին տեղափոխություններ շենքից շենք չեն լինելու։ Կրճատումներ էլ չեն լինելու, այլ հակառակը՝ հիմնարկը զարգացնելու ենք, նոր ծառայություններ են մատուցվելու, եւ հաստիքներն ավելացնելու ենք՝ կապված զարգացման հետ»,- ասաց նա։ 

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված որոշումը։ 

- Որոշումը կայացրել է լիազոր մարմինը, կարող եք դիմել իրենց։ Դա կառավարման հետ էր կապված, օպտիմալացման հետ, ու գնումներն էլ՝ սրանից հետո միավորված կիրականացնենք ու երեւի թե ավելի էժան՝ այսպես, պարզ ասեմ։  

- Շենքերի հետ ի՞նչ է լինելու։ 

- Երկու շենքերն էլ կիսադատարկ են։ Նոր ծառայությունը՝ «Երեւան» ԲԿ-ն, կտեղավորվի մեկ շենքում։ 

- Իսկ սրտաբանականի շենքը դատարկվելո՞ւ է, փաստորեն, այնտեղ բուժծառայություննե՞ր են մատուցվելու։ Քաղաքապետարանից այդպես են ասում։ 

- Այդ շենքը հարմար չէ բժշկական տեսանկյունից, կազմակերպչական։ Օրինակ, եթե մեկին վիրահատարանից հանում են՝ տանեն, ասենք՝ պալատ կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, նրան տանում են միջանցքով, հարազատների մոտով։ Սխալ է այդ ամեն ինչը։ Բացի դա, այդ շենքում գազ չկա։ Պատուհաններն ալյումինից են, մոտավորապես 5 մլն ամսական մենք տալիս էինք որպես էլեկտրաէներգիայի վճար։ Սրտաբանական ծառայությունները մատուցելիս հաճախ այլ պրոֆիլի մասնագետների կարիք է լինում։ Օրինակ, երբ արյունը ջրիկացնող պրեպարատներ են ստանում, սկսում են, ասենք, արյունահոսել, եւ մեզ պետք են լինում վիրաբույժ, անոթային մասնագետ եւ այլն։ Հիվանդները չեն կարողանում ամբողջական ծառայություններ ստանալ, ու մենք ստիպված ենք լինում այլ հաստատություններից մասնագետներ կանչել։ Ու ժամանակ առ ժամանակ խնդիր է առաջանում՝ հիվանդին տեղափոխելու բազմապրոֆիլ հիվանդանոց։ Իսկ միավորված կլինիկաների դեպքում այս հարցը կլուծվի։ Ինչ վերաբերում է շենքին։ Առաջիկա մեկ տարում դեռ շենքում բուժծառայություններ կմատուցենք, իսկ հետագայում կհանձնենք լիազոր մարմնին, եւ նա կորոշի շենքի հետագա ճակատագիրը։ Այս պահին դատարկվող շենք չկա։ Դա լինելու է այն ժամանակ, երբ որ նոր ԲԿ-ն ամբողջական լինի 8-րդ հիվանդանոցի տարածքում, ու երբ որ այս շենքն այլեւս պետք չլինի, մենք այն հանձնելու ենք լիազոր  մարմնին։  

ՀԳ․ «Երեւան» անունով բուժհաստատություն նախկինում էլ ունեցել ենք։ Դա մայրաքաղաքի ֆինանսապես ամենամատչելի հիվանդանոցն էր, որը նույնիսկ «աղքատների հիվանդանոց» էին անվանում։ Տնօրենը փորձառու վիրաբույժ Տարոն Տոնոյանն էր։ Սակայն հետագայում գլխավոր բժիշկ Հայկ Բալյանի եւ Տոնոյանի միջեւ անհամաձայնությունների ու դատական վեճերի արդյունքում հիմնարկը դադարեցրեց գոյությունը։