300 ջերմուկցիները  «Լիդիանին» թույլ չեն տա ձմեռացում անել

300 ջերմուկցիները  «Լիդիանին» թույլ չեն տա ձմեռացում անել

Ամուլսարաի դիրքապահներից Շիրակ Բունիաթյանը հայտնել էր, որ «Լիդիանն» իրենց հետ բանակցում է ձմեռացում անելու համար և ավելացրել․ «Տեխնիկայի ձմեռացումը ենթադրում է, որ իրենց այդ տեխնիկան տանեն, փաթեթավորեն, եսիմ ինչ անեն, որ ձմռանը չվնասվի։ Մենք  դա կորոշենք ամսի 15-ին՝ հանրային քննարկմամբ, երբ հասկանանք՝ ժողովուրդը ցանկանո՞ւմ է, թե ոչ, որովհետև անցած տարի թույլ ենք տվել, այդ ձմեռացումն արել են ու դրանից հետո աշխատանքներ չի արվել»,-ասաց  Բունիաթյանը։ Նրա խոսքով՝ կհասկանան՝ պե՞տք է մտնեն, ձմեռացում անեն, թե ոչ, քանի որ իրենց նպատակը «Լիդիանի» գույքը փչացնելը չէ։

Հավաքը տեղի է ունեցել կիրակի օրը և հավաքին ներկա մոտ 300 ջերմուկցիները մերժել են առաջարկը։ Այս մասին   «Հրապարակին» հայտնած Բունիաթյանն ավելացրեց․  «Ոչ ոք չի ուզում, որ այնտեղ որևէ գույք փչանա, բայց բոլորն էլ այն կարծիքին են, որ անցյալ տարի թույլատրվել է»,-ասաց ակտիվիստը։

Հարցին, թե չեն մտածո՞ւմ, որ այդ պատասխանից հետո իրենց դեմ ուժ կկիրառվի, վերջինս պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ մենք ոչ մի բան չենք բացառում, բայց ուզում ենք հավատալ, որ հեղափոխության գաղափարախոսությունը թույլ չի տա, որ գնան էդ քայլին»։