Աշխարհի վերջ չի լինի

Աշխարհի վերջ չի լինի

Տնտեսագետ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնում է տնտեսության վիճակին և Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության իր հաշվարկ-կանխատեսումներին։

Ըստ այդմ՝ Հայաստանում Covid 2019-ով վարակվածության տեմպը մայիսի 23-ի դրությամբ կազմում  էր 5,4% տոկոս, (ինչը վերջին 6 օրերին պահպանվում էր միջին արագության՝ 5․5 տոկոսի ցուցանիշի տիրույթում)  ի  հակառակ վարակվածության տեմպի նվազեցման համաշխարհային միտումների, քանի որ համաշխարհային ցուցանիշը նույն՝ մայիսի 23-ին կազմել է 1․9 տոկոս։ Վարակի արագության Հայաստանի տեմպն արդեն ավելի բարձր էր վիրուսի տարածման ամենաբարձր արագությունն ունեցող երկրներից՝ Բրազիլիայի՝4,8 և Հնդկաստանի 5 տոկոսանոց ցուցանիշներից։  Եղիազարյանի հաշվարկով՝ այս տեմպի դեպքում՝ համավարակի ավարտին հիվանդացածների թիվը, ըստ կախատեսման, կկազմի 88 հազար մարդ կամ Հայաստանի ողջ բնակչության 2․9 տոկոսը։ Պարոն Եղիազարյանին  հարցրեցինք՝նոր հաշվարկ ունի՞՝ իջե՞լ է տեմպը, ավելի արագացել։ Ասաց, որ ոչ, դեռ չի հասցրել։ Դրանք, նրա պարզաբանմամբ՝ մաթեմատիկական հաշվարկներ են։ Հարցրեցինք նաև, թե ինչպես է վերաբերում Հրանտ Բագրատյանի հաշվարկներին, ըստ որոնց Հայաստանում այս պահին կա 150 հազար վարակված մարդ։Արմեն Եղիազարյանն ասաց․«No comment» ու ավելացրեց․ «Հրանտ Բագրատյանն իմ ղեկավարն է եղել»։

Արմեն Եղիազարյանը իր հարցազրույցներից մեկում  հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով չարժեր տնտեսությունը կանգնեցնել։ Հարցրեցինք, թե ինչպես է վերաբերում «կիսա» լուծումներին։ Այսինքն՝ մեկ, երբ հաշվված հիվանդներ կան, տնտեսությունը կանգնեցնում են, հետո, երբ 7000+, և այս արագությունն է լինում, հակառակը, բացում են, ասելով, որ տնտեսությունը չի դիմանա։ Արմեն Եղիազարյանի խոսքով՝ ինչո՞ւ ոչ։ «Դա երկու ստրատեգիա է, մեկ աշխատել, տնտեսությունը պահել, և մյուսը՝ առողջապահությունը»։ Իսկ հնարավո՞ր է համադրել այդ ամենը։ Արմեն Եղիազարյանն ասում է․«Գոյություն ունեն հաշվարկներ, ամեն չաշխատելու օրը 50 միլիոն դոլար է։ Հիմա այդ 50 միլիոն դոլարը բազմապատկում եք չաշխատած օրերի վրա և ստանում եք կորստի թիվը»։

Հիշեցնենք, որ ապրիլ ամսվա համար տնտեսության անկումը կազմել էր 17․4  տոկոս։ Արմեն Եղիազարյանի հաշվարկներով՝ տարվա կտրվածքով անկումը 2019թ․ նկատմամբ կլինի 7․5 տոկոս։
Բազմաթիվ տնտեսագետներ Հայաստանում տնտեսական անկումների, գործազրկության ավելացման ու այլ բացասական գործոնների հետևանքով կանխատեսում են նաև պարենի դեֆիցիտ  ու գնաճ։ Արմեն Եղիազարյանն ասում է՝ աշխարհի վերջը չի լինի։ Բայցև՝ էկոնոմիկայի նախկին նախարարն ասում է․ «Բա 84 միլիարդ գումար են բաժանել, բա գները պիտի ավելանան»։