Էլի շնորհակալ եմ Աստծուց, որ ընտանիքս փրկվեց. Եթե կարող եք` օգնեք

Էլի շնորհակալ եմ Աստծուց, որ ընտանիքս փրկվեց. Եթե կարող եք` օգնեք

Ամեն օր «Հրապարակ»-ին են դիմում բազմաթիվ արցախցիներ տարբեր խնդիրներով: Նրանք ակնկալում են, որ գուցե կգտնվեն բարերարներ, պարզապես հայ մարդիկ, հայաստանցիներ, սփյուռքահայեր, որոնք կօգնեն իրենց` հաղթահարելու այդ խնդիրները: 

Արցախցի Անյուտա Պատվականյանը Հայաստան է տեղափոխվել իր մեծ ընտանիքի հետ` 11 հոգանոց ընտանիքով բնակվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ վարձակալած բնակարանում, որի համար վճարում են 220 հազար՝ ամսական։ 
Ընտանիքի անդամներից 4-ն անչափահաս են, 3-ը` թոշակառու։ Ընտանիքն արդեն ծախսել է պետությունից ստացած 100 հազարական դրամները, որով բնակարանի մի քանի ամսվա վարձակալության գումարն են վճարել:  Ընտանիքի թոշակառու անդամները դեռ չեն ստացել իրենց թոշակները, դիմել են Միասնական սոցիալական ծառայության բաժիններ, որոնցից մեկում պատասխանել են՝ ինչպես հնդիկները, այդպես էլ դուք` պետք է հաշվառվեք։ 

Մենք Արցախում ապրելու տարիներին երբեք նման խնդիրներ չենք ունեցել, այսօր դարձել ենք տնավեր, բայց չենք ուզում, որ այստեղ որևէ մեկի համար խնդիրներ առաջացնենք, թեկուզ եթե սխալ են արտահայտվել մեր հասցեին։ Ես էլի շնորհակալ եմ Աստծուց, որ իմ ընտանիքի անդամների հետ փրկվեցինք, եկանք այստեղ, չեք պատկերացնի, թե ինչքան մահեր տեսանք, ինչեր անցավ մեր գլխով։ Երկար տարիներ ինքս աշխատել եմ Շուշիում, որպես կապի պատասխանատու, երբ մեզ մոտ էին ծառայում Հայաստանից եկած զինվորներ ես իրենց համար՝ հրամանատարությունից թաքուն ջեմ, մուրաբա էի տանում, որ ուտեին, և կարծում եմ հենց սա է եղել պատճառը, որ Աստված գնահատեց, և իմ ընտանիքի անդամները անփորձանք եկան հասան Հայաստան։ Ոչ մեկին չենք ցանկանում նեղություն տալ մեր խնդիրների լուծման համար, պարզապես, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել մեզ, կխնդրեի մեզ հեռուստացույց և սառնարան նվիրեին՝ գոնե օգտագործած: Լվացքի մեքենա գնել ենք` երբ ստացանք այդ 100 հազարները, քանի որ անհնար է 11 հոգու լվացքը ձեռքով անել։ Հեռուստացույցն էլ անհրաժեշտ է երեխաների համար` ողջ օրը տանն են, դպրոցական չեն, չգիտենք, ինչպես կազմակերպենք 4 պատի մեջ իրենց ժամանցը»,-մեզ հետ զրույցում ասաց Անյուտան: 

Հ․Գ․ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 097 31 54 04: