Զարթոնքցիները Դավիթ Սանասարյանի հետ գյուղապետարանի շենքում են

Զարթոնքցիները Դավիթ Սանասարյանի հետ գյուղապետարանի շենքում են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր առավոտյան Զարթոնքի բնակիչները փակել են Գյումրի-Երևան գնացքի ճանապարհը՝ նշելով, որ լուսադեմին գյուղում կրակոցներ են հնչել, 4 հոգի վիրավոր են:Նրանք պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Ոստիկաններին չէր հաջողվում հեռացնել ցուցարարներին եւ բացել երկաթուղին: Քիչ առաջ տեղեկացանք, որ գյուղացիներին հանդիպել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որին հաջողվել է համոզել բնակիչներին, որպեսզի ճանապարհը բացեն: Գյուղացիներն այս պահին  նրա ուղեկցությամբ գյուղապետարան են շտապել՝ ՊՎԾ պետի ներկայությամբ առերեսվելու գյուղապետի հետ:

Նշենք, որ մեր տեղեկություններով կրակոցներից տուժած 4 անձիք հիվանդանոցից դուրս են գրվել եւ գտնվում են Մեծամորի ոստիկանական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել: Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։  Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։