Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ քաղհայցից

Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ քաղհայցից

Երեկ վերաքննիչ քրեական դատարանի առջեւ կրկին մարդաշատ էր․ քննվում էր 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման եւ Սահմանադրական դատարան ուղարկելու հարցը։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ վերջինիս է մակագրվել Քոչարյանի գործին առնչվող միանգամից 2 բողոք։ Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանները ժամանակ խնդրեցին՝ ինքնաբացարկի միջնորդությանը ծանոթանալու համար։ Քոչարյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց։ «Հորդորում եմ Ձեզ հասկանալ նաեւ, որ գործով այս կարգի կասկածները չափազանց կարեւոր է փարատել, իսկ դրանք փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Նույնիսկ տարիներ անց այս հանցագործության հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ, եւ հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,- դիմելով դատավորին՝ ասաց Քոչարյանը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարծիքով էլ ներկայացված փաստերը հիմնավոր չէին։ 

Այդ ընթացքում դատարանի առջեւ կրքերը թեժ էին։ Պարբերաբար բախումներ էին տեղի ունենում Քոչարյանի եւ «Սասնա ծռերի» համակիրների միջեւ։ Նրանք նախ բարձրախոսներով սկսեցին միմյանց հետ բանավիճել, ապա շշեր նետել միմյանց վրա։ Նիստը հետաձգվեց 1 օրով։
Երեկ տեղի ունեցավ նաեւ Քոչարյանն ընդեմ Փաշինյանի քաղհայցի քննությունը։ Այն անսպասելի ավարտ ունեցավ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայցադիմումում նախ փոփոխություններ կատարեց, իսկ Փաշինյանի պաշտպանն էլ միջնորդեց, որպեսզի նոր հայցադիմումն իրեն էլ ներկայացվի գրավոր։ Դատարանն առաջարկեց դատական հաջորդ նիստի օրը նշանակել հոկտեմբերի 30-ին։ Հայկ Ալումյանն ընդմիջում խնդրեց, ապա ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց․ «Ես լիազորված եմ հայտարարելու, որ եթե մեր դատավարական հակառակորդն ասի, որ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա մենք պատրաստ ենք հրաժարվելու հայցից»։

Փաշինյանի ներկայացուցիչն էլ ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է սահմանադրական նորմի մեկնությանը, եւ Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։ Ալումյանը խնդրեց հաջորդ օրը նիստ հրավիրել, որպեսզի հայցից հրաժարվելու դիմումը ներկայացնի։ Ակնհայտ է, որ քոչարյանական կողմը զիջման է գնում՝ նման զիջման հույս ունենալով մյուս գործի քննության ընթացքում։