«Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»

«Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»

Մի ժամանակ «դուխով» Նիկոլը հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու: Ինչը, բնականաբար, նշանակում էր, որ երկիրը կվերածվի անտեր տարածքի՝ տարածք առանց իշխանության: Վեցամյա վարչապետության հանգեցրած բազմաթիվ արհավիրքներից հետո, նույն անձն ասում է. «Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»: Առաջին հայացքից, ոնց որ թե գիտակցության գալն ակնհայտ է, բայց երևի մեկ այլ վեցամյա շրջան է պետք, որպեսզի չլինի Նիկոլը: Չնայած վախենամ, որ այդ ժամանակ արդեն Հայաստանն այլևս չի լինի: Ամեն դեպքում, ասվածն իրավապահներին ու ԱԺ պատգամավորներին ի գիտություն:

Սակայն վերհիշելով հրապարակում պատի տակ կանգնելու և գնդակահարվելու՝ վեցամյա հնության վերջինիս միտքը, դժվար է ասել, որ ինքն, իսկապես, գիտակցության է եկել: Որովհետև իր հրամանատարությամբ նույնիսկ խայտառակ պարտությունից հետո ինքը ոչ թե կանգնեց պատի տակ, այլ նույնիսկ հրաժարական չտվեց: Ավելին՝ ինչ-որ դեղեր ընդունած մարդու դեմքով թաքստոցից վրեժի էր կոչում իր համակիրներին: Էլ ուր մնաց, թե պատասխանատվություն կրելուն պատրաստ լիներ: Վերհիշելով նաև ժողովրդական՝ «Կուզիկին միայն գերեզմանը կուղղի» ասացվածքը, կարող եմ ենթադրել, որ եթե գործը հասնի ընտրությանը՝ ինքը, թե Հայաստանը, ապա, կրկնվեմ, վստահաբար չի լինի հենց Հայաստանը: Գրագետների շրջանակից ում էլ որ հարցնենք՝ վստահ եմ, որ ստանալու ենք հենց այդ պատասխանը: Բացառությամբ, բնականաբար, իր շնորհիվ պաշտոն ստացածների ու կյանքը վայելողների:

Այնպես որ, թե՛ իր և թե՛ իրավապահների ու ԱԺ պատգամավորների վրա հույս դնելն անմտություն կլինի: Իսկ եթե գնանք 16 տարի հետ ու առերեսվենք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, իսկ այնուհետև աստիճանաբար գանք մեր օրերը, կգիտակցենք, թե որքան միամիտ էինք մենք: Մենք բոլորս, որ հավատում էինք 10 անձի սպանության մեջ գործող իշխանությանը բմբլահան անող նիկոլական ճառերին: 10 անձի սպանությունը մատի փաթաթան սարքած ընդդիմադիր Նիկոլը, կարգվելով վարչապետ, թքած ուներ բազմահազար երիտասրադների զոհվելու հանգամանքի վրա: Ում համար նախկինների իշխանության դեմ պայքարողների կյանքն ավելի արժեքավոր էր (հիշենք 30 միլիոն դրամ հատկացնելը նրանց հարազատներին), քան արտաքին թշնամու դեմ հանուն մեր ժողովրդի գոյատևման զոհվողներինը:

Ասվածը նշանակում է, որ պետք է կյանքի կոչել Նիկոլի խոսքը, այսինքն՝ նրա իշխանության չլինելը: Այլապես վաղն իսկապես կարող է ուշ լինել, ու հետագա սերունդները մեզ մեղադրեն, որ ողջ գրագետ հասարակությամբ չկարողացանք ոչ միայն հրաժարական պարտադրել նրան: Այլև չկարողացանք նույնիսկ օգտվել հենց նրա խոսքից ու նրա ասած 3 միլիոն վարչապետներով ընդամենը մեկին առաջնորդել կառավարության շենքից դուրս: Այնտեղ, որտեղ նա ազատ ժամանակ կունենար՝ խորհրդածելու, թե ինչ արհավիրքներ բերեց հայաստանցիների ու հայոց պետականության գլխին: