Բաց նամակ Սուրբ Նիկոլ Ամենափրկիչ Ոսկեբերանին

Բաց նամակ Սուրբ Նիկոլ Ամենափրկիչ Ոսկեբերանին

ՀՀ վարչապետ Սուրբ Նիկոլ Ամենափրկիչ Ոսկեբերանին
Ի ծնե և ցմահ անկուսակցական քաղաքացի Արկադի Գալստյանից

Բաց Նամակ

Նորին Սուրբ Ամենափրկիչ Ոսկեբերան Տեր, Ձեր ձեռամբ կերտված ԱԺ ամբիոնից Ձեր ոսկե բերանով հայտարարվեց, որ «Հայաստանի Հանրապետությունը պետություն է և Դուք թույլ չեք տա, որ ինչ-որ մեկը հռչակի, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն չի», սակայն ես՝ քաղաքացի Արկադի Գալստյանս ստիպված եմ հռչակել, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն լինել չի կարող, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հանցավոր անգործության պատճառով այն վաղուց արդեն դարձել է չպետություն, կամ դուքյան, որն ունի ընդամենը գերբ ու դրոշ, մեկ էլ ձեր պարապ թիմակիցների սրտին խորթ օրհներգ, որը փոխելու փորձերը ժամանակավրեպ լինելու պատճառով անհաջողությամբ պսակվեցին։
Նախ՝ ի գիտություն Ձեզ և ձեր տարրական իրավական գիտելիքներից զուրկ բազմաթիվ թիմակիցների պետք է հայտնեմ, որ պետություն հասկացողությունը այն չէ, ինչ Ձեզ են զեկուցում, այլ այն է, ինչ ստորև կներկայացնեմ Ձեզ․

Այսպիսով՝ համաձայն գլխավոր իրավական ուժ ունեցող, սակայն Ձեր իրավանախորդների ձեռքով ու Ձեր անմիջական ծածուկ օժանդակությամբ բազմիցս բռնաբարված ու կարկատված ՀՀ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Նույն օրենքի 12 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Վերոգրյալ մի քանի հոդվածներին ծանոթանալուց և օրենքով սահմանված կարգով դրանցում ամրագրված պետության պարտավորությունները տառացի մեկնաբանելուց հետո  առաջարկում եմ մի պահ խորհել և խոստովանել ես եմ ճիշտ Դուք սխալվեցի՞ք, թե այնուամենայնիվ Դուք եք ճիշտ և Հայաստանի Հանրապետությունը պետություն է և վերջ՝ դրանից բխող հետևանքներով։

Խորը ափսոսանքով՝  Արկադի Գալստյան