Մեկին պաշտպանելով՝ խնդիրներ են ստեղծում մյուսի համար

Մեկին պաշտպանելով՝ խնդիրներ են ստեղծում մյուսի համար

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում: Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը: «Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Սա եւս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,- նշել է Սարգսյանը: Նա նաեւ ասել է, որ այս կարգավորման հետ միաժամանակ նաեւ կհստակեցվեն կենսաթոշակային տարիքի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ կենսաթոշակառուներին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունելու հնարավորություն գործատուին տրված չէ: Նախագծով գործատուին կտրվի այդ իրավունքը։ Սա, իհարկե, բավական լավ նորարարություն է։

Ի վերջո, կենսաթոշակային տարիքի հասած անձինք, Հայաստանի ներկայիս կենսամակարդակի պայմաններում, հաճախ ոչ թե վաստակած հանգստի գնալու մասին են մտածում, այլ հանապազօրյա ապրուստ ճարելու։ Սակայն, որքան էլ պաշտպանենք կենսաթոշակային տարիքի հասածների աշխատանքային իրավունքները, առաջանում է հետեւյալ հարցը՝ իսկ ինչպե՞ս է կատարվելու աշխատուժի սերնդափոխությունը, կա՞մ ինչպես են երիտասարդները մտնելու աշխատաշուկա, եթե աշխատաշուկայի՝ օրենքով նախատեսված սերնդափոխության մեխանիզմներում փոփոխություն է կատարվելու։ Ստացվում է, որ իշխանությունները մեկին պաշտպանելով՝ ակամա խնդիրներ կարող են ստեղծել մյուսի համար։ Եվ սա՝ այն դեպքում, երբ երիտասարդներն աշխատաշուկա մտնելիս հազար ու մի բարդության առաջ են կանգնում, ու նույնիսկ քսանամյա երիտասարդից, ով առաջին անգամ է աշխատանքի անցնելու, շատ գործատուներ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ են պահանջում։ Եթե մենք աշխատաշուկայի սերնդափոխությունն օրենքով չենք կատարում, ակամա խթանում ենք, որ երիտասարդներն էլ իրենց բախտն այլ երկրներում որոնեն։ Արդյունքում՝ կարող է տուժել Հայաստանի տնտեսությունը։ Այնպես որ, այս հարցը պետք է առավել հստակեցվի, այլապես միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի աշխատաշուկան լուրջ խնդիրների առաջ կկանգնի։