ՌԴ ԱԳՆ-ն ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ-ն ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարության մասին

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։

«Դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում։ Կողմերը նպաստում են հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,-ասել Է Զախարովան։

Միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի մասնակից է: Նա հիշեցրել է, որ այդ խմբի շրջանակներում արդեն հսկայական աշխատանք է կատարվել` ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ:

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս պայմանը հավանության է արժանացել և Բաքվի, և Երևանի կողմից։ Ցավոք, խմբի աշխատանքը հայկական կողմի դիրքորոշման պատճառով սառեցված է», - ասել Է Զախարովան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել լիարժեք փոխգործակցությունը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ 2021 թվականի հունվարին ստեղծված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի (դրանում ընդգրկված էին երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալներ Օվերչուկը, Գրիգորյանը և Մուստաֆաևը - խմբ.) գործունեության դադարեցման մասին պաշտոնական որոշում չի կայացվել տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ։ Շփումները շարունակվում են, բայց ոչ թե եռակողմ, այլ դեմ առ դեմ ձևաչափով ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև։