Տնտեսական հեղափոխությունը մակդի՞ր է, ածակա՞ն, թե՞ ուղենիշ

Տնտեսական հեղափոխությունը մակդի՞ր է, ածակա՞ն, թե՞ ուղենիշ
Գագիկ Մինասյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն, այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով կառավարության ծրագրին, նշեց, որ այնտեղ չկա որեւէ խոսք այն մասին, որ ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշները պետք է տեղափոխվեն բյուջեի օրենք, ոչ թե մնան բյուջեի հավելվածում, իսկ դրա համար մեծ եւ նվիրումով աշխատանք է պետք իրականացնել։ «Չգիտեմ, միգուցե կառավարությունը հասկացել է, որ ինքն ի վիճակի չէ այդ մեծ եւ նվիրումով աշխատանքն իրականացնել, դրա համար չի ներառել այդ կարեւորագույն դրույթն իր գործունեության ծրագրում։ Բայց եթե այդպես է, ապա այսօր մենք պետք է արձանագրենք, որ հրաժարվում ենք այն մեծ ու կարեւոր աշխատանքից, որը իրականացվեց տարիների ընթացքում, եւ մենք չենք գնում ծրագրային միջնորդավորման ներդրմանը՝ դրանից բխող հետեւանքներով»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ այդ դեպքում կառավարությունը պակաս վերահսկելի է դառնալու։ Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, նա նշեց, որ գյուղատնտեսության, սպորտի, մշակույթի, այլ ոլորտների բազմաթիվ մասնագետնեեր արձանագրում են, որ չկա մի խնդիր, որը լուծված չէ, եւ փոփոխության դեպքում պետք է ավելի արդյունավետ լուծվի։ Նա հիշեցրեց, որ կառավարության անդամներն ասել են, որ նման որոշումները պետք է ընդունվեն հանրային լայն կոնսենսուսի արդյունքում, սակայն այդ երեք նախարարությունների պարագայում ունենք ճիշտ հակառակ պատկերը։ «Ե՛վ շահառուները, եւ՛ մասնագետները կտրականապես դեմ են արտահայտվում այս կառուցվածքային փոփոխություններին»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

Գագիկ Մինասյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխություն ասելով պետք է հարցնել, թե ինչ է այն՝ մակդիրնե՞ր, ածականնե՞ր, թե՞ հստակ ուղենիշներ։ «Եթե կառավարությունը, ԱԺ-ն հասկանում են այդ ածականները, ապա դա եւս մոտեցում է։ Բայց լուրջ մասնագետներն ասում են՝ տվեք մեզ թվեր, որ հասկանանք՝ այդ հեղափոխությունը կա՞, թե՞ այն էյֆորիա է»,- հարց ուղղեց ՀՀԿ-ականը։ Նրա դիտարկմամբ՝ չկա կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի արդյունք։ Հարցին, թե ՀՀ-ում կա՞ մենաշնորհ, ԱԺ նախկին պատգամավորն արձագանքեց, որ կան բնական մենաշնորհներ, ոչ բնական մենաշնորհների պարագայում էլ լավ կլիներ, որ թվերը ստանայինք համապատասխան գերատեսչությունից եւ համեմատեինք, թե այդ մենաշնորհների մակարդակը մեծացե՞լ է, նվազե՞լ է։ «Ես կարծում եմ, որ եթե դրանց մակարդակը նվազած լիներ, մենք այստեղ կունենայինք բոլորվին այլ թվեր»,- նշեց նա։