Եթե Ստյոպա Սաֆարյանը իր պաշտոնի պատասխանատվությունը զգար, 2 կողմերին էլ կհրավիրեր

Եթե Ստյոպա Սաֆարյանը իր պաշտոնի պատասխանատվությունը զգար, 2 կողմերին էլ կհրավիրեր

Հանրային խորհդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վերականգնել է իր ֆեյսբուքյան էջը, որը կոտրել էին, և շարունակում է այնտեղ այս կամ այն քաղաքական իրադարձության ու անձանց վերաբերյալ հրապարակումներ անել՝ ակնհայտորեն պաշտպանելով իշխանության տեսակետը, մինչդեռ Հանրային խորհրդի նախագահը ի պաշտոնե պարտավոր է քաղաքական չեզոքություն և անկողմնակալություն դրսևորել։ Սակայն չեզոքություն չպահպանելը Ստյոպա Սաֆարյանի դեպքում դեռ չարյաց փոքրագույնն է, Սաֆարյանը Փաստաբանների պալատի նախագահի հրաժարականի հարց է բարձրացնում, միչդեռ Փաստաբանների պալատը անկախ մարմին է, պալատի նախագահին ընտրում են փաստաբանները,  իր ֆեյսբուքյան էջում պիտակավորում է եկեղեցուն, տարբեր գործիչների հասցեին գրառումներ է կատարում՝ այդպես բորբոքելով առանց այդ էլ խորացող ատելության մթնոլորտը։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հետ՝ հարցնելով, թե որքանո՞վ են ՀԽ նախագահի գրառումները համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին, չէ՞ որ Վազգեն Մանուկյանին ժամանակին մեղադրում էին քաղաքական չեզոքություն չպահպանելու մեջ, որքանո՞վ է դա անում Ստյոպա Սաֆարյանը․

«Ես այդ հարցի վերաբերյալ հրապարակավ իմ տեսակետը մի քանի անգամ արտահայտել եմ՝ գտնելով, որ Հանրային խորհուրդը, ըստ օրենքի, պետք է լինի երկխոսության տանող կառույց, եթե ժողովրդի մեջ կան առճակատվող խմբեր։ Այդտեղից հետևելով պարոն Սաֆարյանի վարքը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Ինքը Հանրային խորհուրդը և իր պաշտոնը փոխանակ ծառայեցնի այդ երկխոսությանը, որ լարվածությունը մեղմանա, այլ  բռնել է բևեռներից մեկի դիրքը և ինչ-որ հայտարարություններ է անում։ Ես իրեն մի քանի անգամ հրապարակավ զգուշացրել եմ, ես նաև կառավարությանն եմ հրապարակավ ասել, որ ուշադրություն դարձնեն, քանի որ իրենք են պատասխանատու այդ նշանակման համար, և, իմ կարծիքով, այստեղ կա օրենքի խախտում․ Ստյոպա Սաֆարյանը անկողմնակալ չէ, և քաղաքականապես չեզոք չէ, նա ընդգծված ինչ-որ մի բևեռի շահեր է պաշտպանում», -ասաց Պեպանյանը։

Արծրուն Պեպանյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը չունի լիազորություն՝ Սաֆարյանին անվստահություն հայտնելու, նրան նշանակել է վարչապետը․

«Հանրային խորհուրդը նման լիազորություն չունի, իրեն կառավարությունն է նշանակում։ Վազգեն Մանուկյանի ժամանակ, երբ իշխանությունները խնդիր ունեին, իրենք չէին կարողանում հարցը Հանրային խորհրդում դնել տալ, ուզում էին օրենքները փոփոխությունների ենթարկել։ Երբ մենք ասում ենք, որ Ստյոպա Սաֆարյանը խախտում է անում, պետք է դա կարողանանք օրենքով հիմնավորել, այստեղ օրենսդրական բացեր կան, չափանիշներ են պետք։ Արման Բաբաջանյանը դա էր ուզում անել, բայց քանի որ Վազդեն Մանուկյանը գնաց, իրենք համարեցին, որ խնդիրը լուծվել է և անտերության մատնեցին։ Ես նաև հրապարակավ դիմել եմ Բաբաջանյանին, թե ինչո՞ւ ընթացք չի տալիս իր օրենսդրական նախաձեռնությանը , այն դեպքում, երբ խնդիրն այսօր ավելի է սրացել»։

Պեպանյանն ասաց, որ չի կարող պնդել, թե Սաֆարյանը որևէ գործ չի անում, մամուլում 1-2 անգամ հանդիպել է, որ նա ինչ-որ քննարկումներ է ունեցել, սակայն նշում է, որ ՀԽ-ի կարևոր գործառույթներից մեկը հանրային համերաշխությանը նպաստելն է, որի մասին ինքը հենց առաջին օրն է զգուշացրել Սաֆարյանին․

«Առաջին նիստի ժամանակ ես իրեն զգուշացրել եմ, որ Հանրային խորհուրդը պարտավոր է միջամտել, որպեսզի լարվածությունը մարի, ես այն ժամանակ էլ ասել եմ, որ ես քաղաքացիական պատերազմի վտանգ եմ տեսնում, որի դրսևորումները տեսնում ենք թե՛ մարզերում, և թե՛ Երևանում։ Կոչ եմ արել, որ այս հարցը բերենք օրակարգ, բայց էլի Սաֆարյանը  համաձայն չի եղել, հետո գրել էր, որ ոչ մի լարվածություն չկա և այլն։ Ես այդ հարցերը Վազգեն Մանուկյանի ժամանակ էլ եմ դրել , ասել եմ, որ լարվածություն կա, ՀԽ-ն այս հարցով պետք է զբաղվի, բայց օրակարգ չի մտել»։

Ստյոպա Սաֆարյանը նաև ակտիվորեն գրառումներ է անում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Նա իր գրառումներից մեկը նվիրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին-Տեր նակալյանին՝ գրելով․

«Բերիայի գաղափարական թոռնիկ, Չարենցին, Բակունցի ու հազարավոր անհատ մարդկանց գնդակահարած տեր-նկալանց տրոյկիստի գենետիկ ծոռի մոտ հալյուցինացիաներ են սկսվել։ Նրան թվում է, թե մնացածն էլ իրենց նման անող ու ատկազ եկող են, ըստ որում՝ ոչ թե սեզոնային, այլ կռուգլի տարին սրացումների մեջ։ Իրեն փոխանցեք, որ իմ վրա հարձակման քրեական գործով անցնողներից մեկը ադեկվատիստ ա։ Թեպետ ինքը դա բոլորից լավ գիտի»,- գրել է Սաֆարյանը։

Պեպանյանն ասաց, որ Սաֆարյանը իրականում պետք է կողմերին հրավիրեր և քննարկումներ կազմակերպեր, եթե գիտակցում է իր պաշտոնի պատասխանատվությունը․

«Եթե ՀԽ նախագահը իր պաշտոնի պատասխանատվությունը ամբողջությամբ զգար, կհրավիրեր 2 կողմերին, կլսեր, կամ կողմերի հետ առանձին-առանձին կհանդիպեր, կփորձեր հասկանալ, թե ինչից է ծագել խնդիրը։ Սա 2 շարքային մարդու վեճ չէ․ մեկը ԱԺ փոխնախագահ է, մյուսը՝ կուսակցության նախագահ , սա արդեն քաղաքական մեծ խնդիր է, և ինքը պարտավոր է 2 կողմերին էլ լսել, այլ ոչ թե դառնար դատավոր և սկսեր որակումներ տալ։Ես դարձյալ գտնում եմ, որ ինքն այստեղ անթույլատրելի քայլ է արել։ Ես էլ եմ ՀԽ անդամ, ես ինչո՞ւ որևէ մեկին չեմ դատապարտում, ես էլ իմ ներքին համոզումներն ունեմ, բայց հրապարակային խոսք չեմ ասում, որովհետև ես որպես ՀԽ անդամ դրա իրավունքը չունեմ, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ անեմ, որ այս լարվածությունը չահագնանա։ Սա պետք է լիներ ՀԽ նախագահի հարցը, նա սրա համար պիտի գիշերները չքներ»։