Ինչ գույքային բեռ են ուզում դնել Կենտրոնում դեռևս բնակվող ոչ օլիգարխ բնակչության վրա

Ինչ գույքային բեռ են ուզում դնել Կենտրոնում դեռևս բնակվող ոչ օլիգարխ բնակչության վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկնեց իր նախկինում ևս հնչեցրած այն միտքը, որ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում:  Առաջին արձագանքները, հատկապես, քննադատական էին, մասնավորապես, որ դա, ըստ էության, շքեղության հարկն է՝ այլ անվամբ։ Եվ կամ, առհասարակ, հեռուն գնացող եզրակացություն, որ այսպիսով Հայաստանի բնակչության ոչ օլիգարխ հատվածը ստիպված է լինելու վաճառել  բնակարանները և տեղափոխվել այլ թաղամասեր։

Նշված խնդիրների մասին Hraparak.am -ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։ Նրան հարցրեցինք՝ չի կարծո՞ւմ, որ այդ գույքահարկի 10 անգամով ավելացման պարագայում այն հատվածը, որ դեռ Կենտրոնում չի վաճառել իր բնակարանները ստիպված է լինելու վաճառել և տեղափոխվել արվարձաններ։

«Նախ ասեմ, որ նախագիծ չկա, կան նախնական հաշվարկների բազաներ, 10 անգամ և այլն։  Դա էլ․․․ մեկ օրինակ է հնչեցվել Մոնումենտում գտնվող ամենաթանկ օբյեկտը և եթե դրույքաչափերի որևէ փոփոխություն չլինի և կադաստրային արժեքի փոխարեն միայն շուկայական գնով հաշվարկվի, ապա շուրջ 8 անգամ, այո, բարձրացում է ակնկալվում, քանի որ ակնհայտ է, որ հենց գույքահարկի մասով ունենք բավականաչափ մեծ խնդիր։  Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե Կենտրոն կամ այլ վարչական շրջաններն  են, այլ խզվածությունը։ Այն գինը, որը բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ վճարել են իրենց գույքի դիմաց»։

Հարցին, թե ինչ անել Կենտրոնում դեռ բնակվող ոչ օլիգարխիկ բնակչության հետ, ԱԺ պատգամավորն ասաց․«Դուք հիմա գնահատականներ եք տալիս, որ կթողնեն, կգնան, բայց միաժամանակ պետք է ֆիքսենք, որ կա խզվածություն իրականության և փաստացի իրավիճակի միջև։ Սա ևս մեծ պրոբլեմ է։ Եվ մեծ հաշվով, որ երկրի գույքահարկի հետ համադրում ենք, այդ գույքարհարկի բեռը մեզ մոտ բավականաչափ ցածր է»։

Նշենք, որ Հայաստանում էլ բավականաչափ ցածր է աշխատավարձերի ու թոշակների «բեռը»։
Ամեն դեպքում, Արտակ Մաուկյանն ասում է, որ եթե կան մտահոգոթյուններ, դրանք հաշվի կառնվեն։