Առաջարկում եմ կալանավորներին և դատապարտյալներին ազատ արձակել

Առաջարկում եմ կալանավորներին և դատապարտյալներին ազատ արձակել

Նախկինում դատապարտված Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, առաջարկում է կորոնավիրուսով պայմանավորված՝ կալանավորների նկատմամբ կիրառել գրավի ինստիտուտը, նրանց ազատ արձակել, քանի որ եթե կորոնավիրուսը ներթափանցի քրեակատարողական հիմնարկներ, իրավիճակն անվերահսկելի կդառնա։

«Բնականաբար, խոսքը բոլոր կալանավորների մասին չէ, խոսքը վերաբերում է տարբեր հանցատեսակների։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, լինելով իսլամական պետություն, լինելով նման ծանր օրենքներ ունեցող պետություն, գնացել է նման քայլի՝ զուտ մի նպատակով, որ համաճարակը կանխարգելվի։ Ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԱՄՆ-ն ևս, նաև մի շարք եվրոպական պետություններ։ Եթե մենք ուզում ենք փորձ ձեռք բերել և աշխարհի փորձով կանխարգելել այդ վարակը, պետք է նաև կիրառենք այն մեթոդները, որոնք կիրառում է այսօր աշխարհը, պետությունները հենց այնպես չեն գնում նման արմատական քայլերի։ Մենք էլ ունենք քրեակատարողական հիմնարկներ, մենք էլ ունենք ազատազրկվածներ, իսկ ինչո՞ւ մեզ մոտ դա չպետք է կիրառվի։ Աստված մի արասցե, եթե այսօր կալանավայրերում մի դեպք գրանցվի, Դուք պատկերացնո՞ւմ եք որևէ գործուն միջոց, որով կարելի է ազատազրկված մարդկանց օգնություն ցուցաբերել։ Ես առաջարկում եմ հետևյալը, որ, հաշվի առնելով այս պահին մեր երկրի ծանր կարանտինային վիճակը, կան շատ ազատազրկված անձինք, որոնց նկատմամբ կիրառելի է գրավը, կառավարությունը ոչ թե միջամտի դատական գործընթացներին, ինչը մեծ հաճույքով անում է, երբ իրեն պետք է, զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով, պետական շահից ելնելով, գործուն մեխանիզմներ առաջարկեն, կալանավորված անձանց նկատմամբ կիրառվի գրավի ինստիտուտը։ Պետությունը պետք է քաղաքական կամք դրսևորի, կիրառի գրավի ինստիտուտը առաջինը այն նպատակով, որ գրավը մուծելուց հետո գնում է դատական դեպոզիտի հաշվին, և այդ անձինք փաստացի հնարավորություն կունենան մեկուսանալ իրենց ընտանիքներում, և պետությունը հակահամաճարակային լրացուցիչ ծախսեր չի անի, այդ միջոցները կուղղվեն այլ սոցիալական խնդիրներ լուծելու համար։

Դա դատաքննության պորցեսին չի խանգարում։ Մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Այսօր թույլ չեն տալիս, որ ամուսինները նույն մեքենայով երթևեկեն, այդքան մարդուն ՔԿՀ-ների գերծանրաբեռնված խցերում պահում են, ի՞նչ երաշխիքներ են կարող տալ այս մարդկանց, որ չեն վարակվի այդ հիվանդությամբ։ Մենք գիտենք, որ ՔԿՀ-ներում հերթափոխային աշխատանք է իրականացվում՝ հերթափոխային հսկիչներ, հերթափոխային անվտանգության բաժնի աշխատակիցներ և այլն, և այդ մարդիկ շփվում են արտաքին աշխարհի հետ։ Ես համոզված եմ ու պնդում եմ, որ հիգիենիկ պահանջները չեն կատարվում, և եթե մեկ հսկիչը վարակված լինի, պատկերացնո՞ւմ եք քանի կալանավորի կարող է վարակել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանախը։

Բայց կալանավայրերը հատուկ պահպանության օբյեկտներ են, կարծում եք՝ ինքնամեկուսացումն առավե՞լ արդյունավետ է, քան պետության կողմից վերահսկողությունը՝ հարցրինք Այվազյանին։

«Միանշանակ, որովհետև բանակը նույնպես գտնվում է պետական վերահսկողության տակ, և մենք այսօր փաստ ունենք, որ կան վարակված զինծառայողներ։ Դա այն դեպքում, երբ բանակում ուժեղացված են հակահամաճարակային միջոցառումները, ընդհանրապես արգելված են տեսակցությունները, արձակուրդները, գործուղումները, և այս պարագայում մենք բանակում դեպք ունենք»,- պատասխանեց Մանախը։

Նա նաև նշեց, որ կան դատապարտյալներ, որոնք ևս պետք է ազատ արձակվեն։

«Մենք վաղուց գիտենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները մինչ այժմ առկա են։ Պետական պրոբացիոն ծառայությունը, հաշվի առնելով այն անհաղթահարելի ուժը, որը ծառացած է մեր պետության առաջ, այն անձանց, որոնք հաղթահարել են վաղաժամ ազատման շեմը, պետք է նիստ հրավիրել և այդ անձանց անհապաղ ազատ արձակել, նրանք, միևնույն է, գտնվելու են պետական պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ։ Դատապարտյալների ոտքերին պայմանական վաղաժամկետ ազատելուց հետո հատուկ սարք են ամրացնում՝ դարձնելով շարժն ավելի վերահսկելի, քան քաղաքացիներին հեռախոսով հետևելն է։ Ես հեծանիվ չեմ հորինում, մենք ունենք օրենսդրական լծակներ, դրանք պարտադիր են և կիրառելի»։