Երեւանն ու Բաքուն փորձում են Մոսկվայի չեզոքության սահմանը իմանալ

Երեւանն ու Բաքուն փորձում են Մոսկվայի չեզոքության սահմանը իմանալ

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության սրացման ներկա փուլին, շեշտելով, որ Ռուսաստանին ավելի ու ավելի քիչ տարածք է մնում մանեւրելու համար Կովկասյան տարածաշրջանի այս երկարամյա հակամարտության հարցում։ Ընդհանուր գծերով ներկայացնելով սրացման ներկա ընթացքը, պարբերականը նկատում է, որ լարումը սկսվել է դեռ շատ օրեր առաջ։ Հրապարակման մեջ շեշտվում է, որ Բաքուն բանակցությունները սկսել է համարել անիմաստ, իսկ Թուրքիան էլ լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին։ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի կեցվածքները այս առնչությամբ, հոդվածագիրը համարում է առավել բալանսավորված։ Վերջիններս կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ։ Սակայն բանակցությունների պատրաստ կողմերը կարծես թե դեռ չեն․ ավելին Երեւանը չի բացառել, որ կճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը կարծում է, որ ներկայիս սրացումը ամռանը հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետեւանք է։ Այն ժամանակ էլ կողմերը հրետանային հարվածներով էին «փոխանակվել», որից հետո ՌԴ Պնախարարը այցելել էր Բաքու։ Պրոֆեսորը ուշադրություն է հրավիրել այն իրողությանը, որ բախումները սկսվելուց առաջ Մոսկվան անակնկալ կերպով սկսեց ստուգումներ Հարավային Ռազմական օկրուգում, որի 102-րդ բազան գտնվում է Ռուսաստանի Գյումրի քաղաքում։ Զուգահեռ, զորախաղեր անցկացրեցին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ըստ սցենարի, թուրքերը պետք է չեզոքացնեին ռուսական կոնտինգենտը, իսկ ադրբեջանցիները պետք է սկսեին հարձակում ԼՂ-ի վրա։ Մասնագետները ներկա սրացման մասշտաբայնության եւ հետեւանքների առումով միակարծիք չեն, եւ եթե «Արսենալ Օտեչեստվա» հանդեսի խմբագիր Վիկտոր Մուրախովսկու համար այս սրացումը լուրջ հետեւանքների չի բերի, ապա ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի համար ընդհակառակը՝ սա ավելի լուրջ սրացում է, քան 2016-ի քառօրյան եւ նույնիսկ՝ 1992-94 թթ պատերազմը։