Այո, պաշտպանվում ենք, որ հետո մի բան չլինի, ասեն՝ Վանեցյանն ինքն իրեն չէր կարողանում պաշտպանել

Այո, պաշտպանվում ենք, որ հետո մի բան չլինի, ասեն՝ Վանեցյանն ինքն իրեն չէր կարողանում պաշտպանել

Հարցազրույց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

Սկիզբը՝ նախորդ համարում

- Հանրային հետաքրքրություն առաջացրած եւս մի քանի քրեական գործերի մասին կուզեի խոսեիք, դրանք շատ են, բայց առանձնացրել եմ «Երեւան» հիմնադրամինը, որը հեղափոխությունից հետո առաջին հարուցված գործերից էր։ Ի՞նչ նորություններ կասեք այդ գործով։

- Քրեական գործով իրականացված լայնածավալ, օպերատիվ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Երեւան» հիմնադրամը վատնել է մի մասը, մի մասը՝ ոչ արդյունավետ կամ նպատակային է ծախսել այդ գումարների, ընդհանուր չափը գումարի 1 մլրդ 807 մլն դրամ է, որն ամբողջությամբ վերականգնվել է, պետական բյուջե է փոխանցվել։ Մենք ինչո՞ւ սկսեցինք գործողություններ, որովհետեւ հայտարարվեց, որ այս հիմնադրամը լուծարվում է, երբ մենք արեցինք գործողություն, դեռեւս 500 մլն կար հաշվի վրա, հետեւաբար, միասին ստացվում է՝ 2 մլրդ 307 մլն դրամ է բյուջե վերադարձվել։

- Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված գործից նորություն կա՞, ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու ու ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործից հետո նա հայտարարեց  իր սեփականությունը հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին․ արդյոք այս գործը կարճվե՞լ է։

- Այո, ինքը ցանկություն է հայտնել նվիրաբերել այդ հյուրանոցը Հայաստանի Հանրապետությանը, բայց դա չի նշանակում, որ գործը կարճել ենք, իհարկե, չենք կարճել, գործով քննությունը շարունակվում է, հայտնի տեսանյութը տեսել եք, այն, ինչ որ ասված է, դա հիմնավորվում է եւ կհիմնավորվի քրեական գործի շրջանակներում, մեղադրանքները կառաջադրվեն, եւ կլինեն հետեւանքներ։

Բայց եկեք նաեւ մի բան հասկանանք, որ կոնկրետ այդ դեպքը եղել է 2005-06 թվականներին, այսինքն՝ կա վաղեմության ժամկետ, որը հիմք է քրեական հետապնդում չիրականացնել, բայց մենք պարտավոր ենք հիմնավորել այդ մարդու մեղքը կամ ապացուցել նրա անմեղությունը քրգործի շրջանակներում։ Այսինքն, մենք մեր գործն անում ենք, եւ այդ ընթացքում պարոն Ավետիսյանը ցանկություն է հայտնել նվիրաբերել «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը, ինչը ողջունելի է։

- Օրենքով գողերի, քրեական  հեղինակությունների դեմ պարբերաբար ռեյդեր են կազմակերպվում՝ Զապ, Օշականցի Գեւորիկ ու էլի ինչ-որ մարդիկ։ Նրանց տները խուզարկեցին, Կանեւսկոյին բռնեցին, բաց թողեցին եւ այլն․ առհասարակ, «գողականների» դեմ ռեյդերն ի՞նչ արդյունք տվեցին։

- Ես չեմ կազմակերպում, Օսիպյանի հացը ձեռից մի խլեք (կատակում է), ոստիկանությունն է իրականացնում այդ մասով։ Գիտեք, դա ուղիղ ոստիկանության գործառույթն է, այդ ուղղությամբ պատշաճ աշխատում է, եթե հարկ կլինի, անհրաժեշտություն կծագի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ անձանցով, միանշանակ կզբաղվենք։

- Կարծում եք, որ Հայաստանում այս շերտի հետ կապված իրավիճակն այնքան հանգիստ է, որ ձեր միջամտության կարիքը չկա՞։

- Այո, այո։ Գիտեք, դա ուղիղ ոստիկանության գործառույթն է, այդ ուղղությամբ պատշաճ աշխատում են, եթե հարկ կլինի, անհրաժեշտություն կծագի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ անձանցով, միանշանակ կզբաղվենք։

- Կարո՞ղ է Հայաստանում արդեն օրենքով գողեր ու հեղինակություններ էլ չկան։

- «Օրենքով գողեր» եզրույթը ես չեմ ընդունում, դա հորինված բան է, չկա նման պաշտոն։

- Իսկ նման մարդի՞կ։

- Կան մարդիկ, որոնք իրենց համարում են ինչ-որ մի բան։ Կան մարդիկ, որոնք իրենց համարում են օրենքով գող, մեկը՝ ուրիշ բան, բայց ՀՀ քաղաքացիները բոլորն են հավասար պետության օրենքների առջեւ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։ Եվ անկախ իրենց զբաղեցրած դիրքից կամ ինչ-որ մի խմբին իրենց դասելուց, իրենք պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, կխախտեն օրենքը՝ պատասխանատվության կենթարկվեն, եթե մարդը գիծը չի անցնում, թող գնա ապրի ու ասի՝ ես Յուրի Գագարինն եմ։

- Նախկին իշխանության ժամանակ այդ մարդիկ բավականին արտոնյալ պայմաններում էին, խոսվում էր անգամ իշխանության հետ համագործակցելու մասին, հիմա չկա՞ նման բան։

- Գիտեք, մենք բոլորս, հանրությունը, կարծում եմ՝ ԱԱԾ-ի անելիքներն էլ են այստեղ մեծ, պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք երկրում, որ երիտասարդները ոչ թե ուզենան քրեական ուղղություն բռնեն, դա իրենց համար ընդունելի լինի, այլ բռնեն իրավապահ համակարգի կողմը։ Այդ առումով ես շատ դրական եմ համարում, որ ԱԱԾ վերջին 9 ամսվա գործունեությամբ պայմանավորված՝ հասարակության լայն շերտերի մոտ դրական էմոցիա է ստեղծվել, ինչի վկայությունը նա է, որ Երեւանում երիտասարդ աղջիկներն ու տղաները կրում են ԱԱԾ գրությամբ գլխարկներ, հագնում են շապիկներ, որոնց վրա գրված է՝ «սիրահարվԱԱԾ»։

- Կարծում եք դա Ձեր գործունեությա՞մբ, թե՞ պարզապես Ձեր անձով է պայմանավորված։

- Իհարկե, անձերը կապ ունեն, ես շնորհակալ եմ մեր լրագրողական համայնքին, որ ի սկզբանե ինձ փորձեցին ոչ թե սեւացնել, այլ ընդհակառակը՝ օբյեկտիվ լուսաբանեցին իմ գործունեությունը։ Եվ, այո, ես քանի որ հանդիսանում եմ ԱԱԾ տնօրեն, հիմնարկի դեմքը ես եմ, գնահատականը ես չէ, որ պետք է տամ, բայց դրականն ակնհայտ է։

Բայց վերջին ժամանակներս կարծես թե նոր աղմկոտ բացահայտումներ չեք անում, Ձեր ասած «դրական էմոցիաների» պակաս կա որոշ շրջանակների համար։ Ավարտվեցի՞ն բացահայտումները, կա՞նգ առավ այդ ալիքը։

- Ոչ, իհարկե, ոչ։ Հունվար ամսվա ընթացքում բռնել ենք մեծ քանակությամբ թմրանյութի ապօրինի շրջանառություն, սահմանախախտներ, Բագրատաշեն մաքսակետում կոռուպցիոն մի շղթա ենք բացահայտել, որտեղ ներգրավված էին մաքսայինի աշխատողները, ձերբակալել ենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի, որն էլի ներգրավված էր կոռուպցիոն շղթայի մեջ… Ես բազմաթիվ գործեր էլի կարող եմ թվարկել, բայց առանց մանրամասնելու, այսինքն՝ հունվարի առաջին 7 օրը, երբ մարդիկ չէին աշխատում, մենք արել ենք այս ամենը, բայց մյուս կողմից՝ չեմ ուզում, որ ԱԱԾ-ն լինի առաջնագծում, պարզապես չենք հրապարակում, հնչեղություն տալիս։

- Դու՞ք չեք ուզում, թե՞… եղան տեղեկություններ, որ կառավարությունում խանդում են, որ Ձեր վարկանիշն ավելանում է։

- Ոչ, ոչ, ե՛ս չեմ ուզում։ Ապրիլին տեղի ունեցած, այսպես կոչված, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ուներ մեծ անելիքներ, եւ հասարակության պահանջ նաեւ կար, բայց եթե հիշում եք, ես իմ ծառայության սկզբից էլ ասել եմ, որ ճիշտ չեմ գտնում ԱԱԾ-ի այդքան հրապարակային լինելը, եւ կամաց-կամաց ԱԱԾ-ն պետք է ստվեր գնա։ Իմ խոստումը ես իրականացրել եմ, բայց դա չի նշանակում, որ մենք հաշվետու չենք լինելու հասարակության առջեւ, ԶԼՄ-ների առջեւ։ Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք ինչ-որ մի հանցագործություն բացահայտելու՝ անկախ անձերից, անկախ դեպքերից, դրանց ներգրավված մարդկանցից, բայց եկեք «բռնել, փակել, արյուն», էս ամեն ինչը դնենք մի կողմ, մարդիկ թող համախմբվեն, սկսեն աշխատել, որ մեր երկիրը շենացնենք։

Վարչապետը հայտարարել է, որ ընտրություններից հետո անելու է տնտեսական հեղափոխություն, ես առիթից օգտվելով՝ հասարակությանը կոչ եմ անում՝ թեւերը քշտեն եւ օրուգիշեր աշխատեն թե՛ իրենց բարեկեցությունը լավացնելու համար, թե՛ երկրի զարգացումն ապահովելու համար։ Իսկ մենք մեր գործը կանենք, ամուր կանգնած ենք երկրի անվտանգության պաշտպանության հիմքում, օրուգիշեր աշխատում ենք, որ մեր քաղաքացիները լինեն պաշտպանված, ապրեն անվտանգ միջավայրում, բայց պետք է բոլորն աշխատեն ու հզորացնեն մեր տնտեսությունը, որովհետեւ եթե մենք տնտեսապես չզարգացանք, մեր ողջ պաշտպանական համակարգը կամ անվտանգությունը ոչ մի բանի պետք չեն։ Մենք կպահենք անվտանգությունը, դուք զբաղվեք երկրի շենացմամբ, թող բոլորը հարստանան, հարուստ լինելը լավ բան է, մարդիկ թող հարստանան, լավ ապրեն, իրենց կարիքները բավարարեն, բայց միայն օրինական ճանապարհով։ Մի ժամանակ իրավիճակ էր ստեղծված երկրում, որ անգամ մանրապատումներ էին սարքել, ով հարուստ էր, ԱԱԾ-ն գալիս պառկացնում էր գետնին, խլում ունեցվածքը․ ոչ, մենք մենակ ուրախ ենք, որ մարդիկ հարստանան ու լավ ապրեն։

- Ի դեպ, Ձեր ընտանիքի բիզնեսներին վերջերս հաճախակի է մամուլն անդրադառնում, որ ՊԵԿ-ը նույնիսկ Ձեր հայրիկի ծաղկի բիզնեսում չարաշահումների վերաբերյալ գործ է հարուցել, կա՞ Ձեր հովանավորությունը…

- Գիտեք, ես շատ վատ եմ տանում, որ նման սուտ ինֆորմացիաներ են գրում, հետո դու պարտավորվում ես հերքել, պաշտպանվել, ի վերջո, պարզվեց, չէ՞, որ ո՛չ ՊԵԿ-ն է գործ հարուցել, ո՛չ ավտոս են կաշառք տվել, հայրիկս է անհատույց օգտագործման տվել ԱԱԾ-ին։ Էլի եմ կրկնում՝ որեւէ կաշկանդվածություն չկա ինչ-որ մի հանցագործություն բացահայտելու՝ անկախ անձերից, անկախ դեպքերից, դրանց ներգրավված մարդկանցից։

- Եվ վերջում․ նկատեցինք, որ Դուք շարունակում եք մեծաթիվ  թիկնազորի ուղեկցությամբ շրջել, Ձեր անվտանգությանն ուղղված սպառնալիքները, որոնց մասին հայտարարել էիք, շարունակվո՞ւմ են։

- Ցավոք սրտի՝ այո, կան սպառնալիքներ, այո, շրջում եմ թիկնազորով, զրահապատ մեքենայով, ամեն դեպքում, ավելի լավ է ապահովագրենք, մեզ հանկարծակի մի բան չլինի, որովհետեւ շատ ինֆորմացիաներ ենք ստանում։ Իհարկե, այնպես չէ, որ նստած ասում են՝ գնանք Վանեցյանին սպանենք, բայց վտանգներ զգում ենք ու պաշտպանվում, որ հետո մի բան չլինի, ասեն՝ Վանեցյանն ինքն իրեն չէր կարողանում պաշտպանել։