Փաշինյանն ու պողոսանոցը

Փաշինյանն ու պողոսանոցը

Փաշինյանը պողոսների վարչապետն է: Նրան Հայաստանի վարչապետ ասելը մի տեսակ արդեն անհարմար է: Հունվարի 23-ին պողոսների համար կազմակերպված  ներկայացումը եւս մեկ անգամ հաստատեց դա: Անձամբ ես չեմ հավատում ոստիկանության այդ օրվա որեւէ հայտարարության, չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի արած «սրտառուչ» գրառման եւ ոչ մի տառին: Վերջ, համբերության բաժակը լցվեց, ես այլեւս ոչնչի չեմ հավատում, որ կապված է այս իշխանությունների հետ: Սրանց՝ Փաշինյանին ու իր թիմին, թվում է, թե Հայաստանը մի պողոսանոց է, որտեղ բոլորն անգրագետ են, վերլուծելու կարողությունից զուրկ, անհասկացող արարածներ, որոնց կարելի է քշել թեկուզ սպանդանոց:

Տեղն է քեզ, Էդիկ Անդրեասյան, քանի՞ անգամ ես որոշել այս հեղափոխականների մասին ոչինչ չգրել ու քանի՞ անգամ ես նորից գրել, քննադատել, հույս տվել, թե՝ ահա, ահա, ամեն ինչ կընկնի հունի մեջ, երկիրն իր ճամփան կգտնի ու կգնա առաջ: Չի լինում, այ մարդ, հասկացիր վերջապես, չի լինում, սրանք ո՛չ հունի մեջ ընկնողն են, ո՛չ էլ առաջ գնացողը: Թքած ունեն քո տվայտանքների վրա:
Մի 3-4 օր չերեւաց, չէ՞, գլխավոր պողոսատերը: Ի՛նչ հանգստություն էր ամենուր: Ուղղակի երջանիկ էինք, որ չկար՝ ՖԲ-ում չկար, կառավարությունում չկար, ԱԺ-ում չկար, քաղաքական կյանքում չկար, ոստիկանության օպերատիվ հաղորդագրություններում չկար, եղանակի տեսության մեջ չկար… Այդ օրերին հանցագործություններն էլ պակասեցին, ոչ մեկին չէին բռնում, նույնիսկ որոշ քրեական գործեր կարճվեցին ու վերադարձվեցին՝ գործ տվողներին: Մարդիկ ՖԲ-ում սկսեցին «Դուք»-ով դիմել միմյանց: Բայց մեկ էլ իմացանք, որ կին դատավորի լուսամուտին են կրակել… Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ մասին լսելուց հետո, այն էր, որ Նիկոլը վերադառնում է: Դա ասես նախանշան լիներ: Ներքին ձայնս չէր խաբում: Հենց բսնեց, կաշը գնաց:

Սերժի վախտ իսկապես լավ էր: Արդեն օրինաչափություն էր դարձել, որ Հայաստանում անհամ բաները պետք է տեղի ունենային հանրապետությունից նրա բացակայության ժամանակ: Ու քանի որ նա մեկ-մեկ էր բացակայում Հայաստանից, անհամ բաներն էլ մեկ-մեկ էին տեղի ունենում: Նիկոլի վախտ լրիվ հակառակն է: Երբ նա «բացակայում է», ոչ մի անհամություն չի լինում, երբ հայտնվում է, անհամություններն սկսվում են նոր թափով: Տեսնես ինչի՞ց է: Եսիմինչ ընդդիմություն էլ չունի, որ ասենք՝ նրան տեսնելիս ընդդիմությունը կատաղում է: Բայց տեսաք, չէ՞, թե Փաշինյանի վերադարձի նախօրյակին ԱԺ-ում ինչ եղավ: Լուրջ հարց էին քննարկում, ի դեպ՝ քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց հարցը: Ես միշտ ասել եմ, որ այս ինստիտուտի մարդկանց պետք է հարգանքով մոտենալ: Բայց դու փորձիր սա հասկացնել «Իմ քայլը» խմբակցությանն ու կից պատգամավոր Արման Բաբաջանյանին: Նիկոլի հոտն էին առել, թե ինչ, այնպես հարձակվեցին ԲՀԿ-ի վրա, որ Ծառուկյանի աջակիցներն ստիպված եղան Արման Բաբաջանյանին իր պլյուսներով ու մինուսներով բնութագրել 3 տառի շրջանակներում: Արժանին պետք է մատուցել կին պատգամավորներին, որ նետվեցին տղամարդկանց միջեւ, որ բանը ձեռնամարտի չհասնի:

Ըստ երեւույթին, Փաշինյանը համարեց, որ դոզան քիչ է, ու անձամբ գնաց ԱԺ՝ չմոռանալով նախօրոք անոնսավորել, որ պատասխանելու է նաեւ Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ հարցերին: Եկավ, ինչպես ասում են, պատասխանեց՝ ինչքան գիտեր, մոռացավ մի կես բերան էլ ցավակցել ու գնաց: Հաջորդիվ արդեն հինգշաբթի՝ կառավարության նիստն էր, որը պետք է նվիրվեր անորակ մսին, գոմերի օդափոխությանը, թրքոտ կաթին եւ բուշլատով ու ռետինե սապոգներով ղասաբ-մսավաճառներին: Սպանդանոցներին այլընտրանք չկա՝ պիտի հայտարարեր նա, մոռանալով, որ յուր կառավարությունը դեռ մեկ օր առաջ մկան ծակին 20 թուման էր տալիս՝ անասնապահներից թաքնվելու համար: Այս բարձր նոտայի վրա էր խոսակցությունը, որ ոստիկանությունն ահազանգ ստացավ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված ահաբեկչի մասին:

Մինչ ոստիկանությունը կհասներ հյուրանոց, Նիկոլի անձնական պատգամավոր Արման Բաբաջանյանն արդեն ելույթ էր ունենում ԱԺ-ում՝ ախխխ, ինչ վատ բան է եղել, կրակել են Երեւանի սրտում, վարչապետի նստավայրից մի քանի մետր այնկողմ… Շունչն էլ այնպես էր կտրվում, ասես ԱԺ էր հասել հենց վարչապետի կաբինետից: Ավելի ուշ վարչապետս հանդես եկավ բռնությունը դատապարտող գրառումով: Այդ ընթացքում «ոստիկանության բազմաթիվ ուժերը» (ձեւակերպումը Փաշինյանի թերթինն է), օրենքի տառին համահունչ, «վնասազերծեցին» հյուրանոց ներխուժած ահաբեկչին՝ նրանից «առգրավելով մի ինքնաձիգ», որին Ռեմբոն էլ կնախանձեր:

Ի դեպ՝ Ռեմբոյի մասին: Սիլվեստր Ստալոնեն վերջին ժամանակներս խնայողության նպատակով թե՛ իր ֆիլմերի պրոդյուսերն է դարձել, թե՛ սցենարիստը եւ թե՛ գլխավոր հերոսը: Հետաքրքիր է, թե ինչու նա չի գալիս Հայաստան՝ իր մարտաֆիլմերի համար ձրի սցենարներ տանելու:

Իսկ հիմա՝ խնդրանք պողոսանոցի շատ թե քիչ մտածող հատվածին: Հարգելիներս, ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները որեւէ բան են բեմադրում, աշխատեք շատ չհուզվել եւ ձեր էմոցիաները Ֆեյսբուքում չցուցադրել: Փաշինյանը նման բաներից ավելի է ոգեւորվում եւ աշխատում է հաջորդիվ այնպիսի բան անել, որ նախորդը մոռացվի: Ուզում եմ ասել՝ եթե հունվարի 23-ին «Էրեբունի պլազայում» տեղի ունեցածի վրա այնքան չղժժայիք, 24-ին Հրայր Թովմասյանի տան խայտառակ խուզարկությունը չէր լինի: Այնպես որ, խնդրում եմ հիմա էլ այդ խուզարկության վրա մի ղժժացեք, այլապես վաղը մի նոր բան է գալու գլխներիս: Մինչդեռ ավելի լուրջ բաներ են տեղի ունենում Հայաստանում, քան այս հիմար բռնոցին է: «ՀԺ»-ն երեկ լուր էր տպագրել, որ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել զոհված զինվորների մայրերին համախմբող ՀԿ-ներին: Եվ այդ աննախադեպ լուրը Փաշինյանների քարոզչամիջոցը տեղադրել է առաջին էջի ամենավերեւում: Բա ո՞ւր է ամոթը: Այ, էս աստիճան փչացել ենք արդեն, իջել, ցածրացել, դարձել պողոսանոց: