Ալեքսանյանը չի զղջում, որ մեդալը տվել է Կարեն Գիլոյանին

Ալեքսանյանը չի զղջում, որ մեդալը տվել է Կարեն Գիլոյանին

Այսօր Բաղրամյան 26-ում կայացավ տարվա լավագույն 10 մարզիկների մեծարման արարողությունը։ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անրադառնալով  Արսեն Ջուլֆալակյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ասաց․ «Ով, ինչ գրառում է կատարել՝ բան չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը երեկ հայտնել էր , որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում: 

Փաշինյանը, որը անձամբ ներկա էր միջոցառմանը, իր ելույթում նշեց, որ ազգային և պետական նպատակներից մեկը մինչև 2050 թվականը առնվազն 25 ոսկե մեդալ ունենալն է։ 

Ալեքսանյանը նշեց, որ մարզիկը չի կարող ասել, թե 2050 թվականին Հայաստանը քանի օլիմպիական չեմպիոն կունենա, բայց վստահ է, որ երկուսը չեն լինի։

Ալեքսանյանը ասաց, որ չի ափսոսում, որ 5-րդ ոսկե մեդալը տվել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին։«Չեմ ափսոսում, խոստացել էի, իսկ ես ինչ խոստանում եմ՝ իմ խոսքի տերն եմ։ Խոստացել էի, որ 5-րդ ոսկին Գիլոյանին պետք է տամ, նվաճեցի ու տվեցի։ Կարևորը, որ այդ ոսկին Հայաստանում է», - ասաց նա։ 

Հիշեցնենք, որ 2012 թվականին, երբ Ալեքսանյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, Գիլոյանը նրան հայտնել է, որ 5-րդ ոսկե մեդալը իրենն է լինելու։