Ձեր կենսագրության ոչ մի էջ չի կարող գաղտնի լինել՝ առավել եւս դատվածությունը

Ձեր կենսագրության ոչ մի էջ չի կարող գաղտնի լինել՝ առավել եւս դատվածությունը
Սուրեն Պապիկյան

Երեկ մենք հրապարակում էինք արել, որտեղ ներկայացրել էինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրության թաքցված փաստը։ Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Պապիկյանը բանակում զինծառայության տարիներին հանցանք է կատարել եւ դրա համար դատապարտվել 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա մեկ տարի անց համաներումով ազատ է արձակվել։ Սակայն իր պաշտոնական կենսագրության մեջ այս փաստը չկա։ Մենք հատուկ ընդգծել էինք, որ այդ փաստը չէր կարող նշանակություն ունենալ նրա պաշտոնավարման հարցում, բայց այն հանգամանքը, որ նա իր կենսագրությունից թաքցրել է իր դատվածությունը, արդեն խնդրահարույց է։

Մեր հրապարակումից անմիջապես հետո Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, թե՝ hraparak.am-ի հոդվածին կանդրադառնա վաղը՝ ուղիղ եթերում։

Մենք, անկեղծ ասած, դրական կարծիքի էինք նախարարի մասին եւ սպասում էինք, որ Սուրեն Պապիկյանը կանդրադառնա իր կենսագրության վերը նշված փաստին, կբացատրի, թե ինչու է այն թաքցրել հանրությունից՝ սրբագրելով կենսագրությունը։ Բայց, ի զարմանս մեզ, այսօր Սուրեն Պապիկյանը լայվ մտավ եւ ոչ թե խոսեց դատվածության փաստը հանրությունից թաքցնելու պատճառների մասին, այլ իրենց թիմի բնորոշ ոճով մեղավորներ ու դավադիրներ փնտրեց եւ մեր հրապարակումը վերագրեց այդ ուժերին ու, անգամ՝ սահմանադրական հանրաքվեի դեմ տարվող քարոզչությանը։

Այս թիմի ամենածանրակշիռ պաշտոնյան «վայ լրատվական» է համարում այն լրատվամիջոցին, որն անդրադարձել է իր կենսագրության մութ էջին եւ ներկայացրել է, ուշադրություն՝ ճշմարտությունը։ Ավելին՝ նա իր մասին արված հրապարակման առիթով հաղորդում տվեց՝ իրավապահներին կոչ անելով, պարզել, թե ով է իր կենսագրության այդ էջը դարձրել հանրության սեփականությունը։ 
Մենք ցավում ենք, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որը նաեւ իշխող կուսակցության վարչության նախագահն է, չի հասկանում, որ իր կենսագրության ոչ մի կետ չի կարող գաղտնի մնալ հասարակությունից։ Ինքը հանրային անձ է եւ հանրային միջոցներից աշխատավարձ է ստանում, ուստի հաշվետու է ոչ միայն իր ներկա քայլերի, այլեւ անցյալի համար։ Այո, մամուլը կարող է եւ պետք է անդրադառնա այսօրվա իշխանությունների բոլոր քայլերին ու արարքներին՝ ներկայի եւ անցյալի։ Նրանց կյանքի ոչ մի մանրամասն չի կարող գաղտնի համարվել եւ հրապարակման՝ ոչ ենթակա։ Եւ ծիծաղելի է, երբ բարձրաստիճան պաշտոնյայի կենսագրության ճշգրիտ ներկայացումը համարում է գաղտնի ինֆորմացիայի արտահոսք ու իրավապահներին կոչ է արվում այդ արտահոսքի «մեղավորներին» գտնել ու պատժել։

Քանի դեռ այս տարրական ճշմարտությունը չեն հասկացել այսօվա իշխանությունները, մենք չենք կարող խոսել ժողովրդավարության անգամ երեւութականության մասին։