Հանցագործություն չեմ արել, անմեղ եմ. Արմավիրի նախկին քաղաքապետ

Հանցագործություն չեմ արել, անմեղ եմ. Արմավիրի նախկին քաղաքապետ

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման օրինականության դեմ տարված բողոքը երեկվանից չի քննվում։ 

Բողոքը մակագրվել էր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, որը ինքնաբացարկ է հայտնել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետի պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը կապված է եղել նրա հետ, որ դատավորը մտերիմ է եղել Խլղաթյանի հետ. «Ճիշտ է` ինքնաբացարկի հիմքում գրել է, որ մտերմության այն աստիճանը չի եղել, որ անկաշկանդ չքննի, բայց հայտնում է ինքնաբացարկ»։

Պաշտպանը նաեւ նշեց` իր պաշտպանյալն ասում է` հանցագործություն չեմ արել, անմեղ եմ։

Իսկ ինչ վերաբերում է նրա դեմ տված հնարավոր ցուցմունքներին, ասաց, որ այդ հարցին չի ուզում պատասխանել, բայց չկա այնպիսի բան, որը մեղադրանքի հետ կապ կունենա։

Իսկ իրավապահների կողմից հայտնաբերած տոպրակով գումարի մասին էլ իրենք ոչինչ չգիտեն։

Հիշեցնենք` Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ) 2-րդ մասի հատկանշներով։