Ավետիսյանների սպանդից 4 տարի անց. քաղաքական մտորումներ ռազմաբազայի մասին

Ավետիսյանների սպանդից 4 տարի անց.  քաղաքական մտորումներ ռազմաբազայի մասին

Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցին Գյումրիում, ինչպես և սպասվում էր, լարված իրավիճակ է: Հակառուսական տրամադրություններ են գրգռվում: Տիգրան Խզմալյանի հիմնած «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» մարդկանց փորձելու է հավաքել 102-րդ ռազմաբազայի մոտ «սգո և բողոքի» ակցիայի»: Ակցիայի ժամանակ պահանջելու են ռուսական զորքի դուրս բերումը Գյումրիից: Սակայն այսօրվա և 2015 թվականի Գյումրին նույն քաղաքը չէ: Այն ժամանակ, Ավետիսյանների սպանությունից մի քանի օր անց, երբ ռուս սահմանապահները հայերի օգնությամբ հայտնաբերեցին Պերմյակովին, Գյումրին մեկ մարդու պես ոտքի կանգնեց և պահանջեց նրա հանձնումը Հայաստանի իրավապահներին: Այսօր Ավետիսյանների սպանությունը, նաև ռուսական բազայի զինծառայողի կողմից ծեծված Ջուլիետա Ղազարյանի մահը և այդ ռազմաբազայի դուրս բերման պահանջը գյումրեցիներից շատերի համար իրար հետ չկապվող իրողություններ են: Ավելի տպավորիչ է հակառուսական ակցիաների կազմակերպիչների «եվրոպական» արմատը: 

Սերիկ Տոնոյանը, որը Գյումրու ակտիվ քաղաքացիներից է և Մարտի 1-ից մինչ օրս բազմաթիվ ակցիաների է մասնակցել, նշում է, որ գյումրեցիները հիմնականում բացասական են վերաբերվում ռազմաբազան քաղաքից դուրս տանելու կոչերին: «Եթե ուշադիր նայենք ատրիբուտներին, կտեսնենք Եվրոպայի դրոշ, այլ օտար պաստառներ,- ասում է նա,- մենք պետք է հասկանանք, իրենք դա էս ժողովրդի համար են ուզում, թ՞ե Եվրոպայի, Արևմուտքի պատվի համար: Բնականաբար, մարդիկ լավ հասկանում են, որ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը, կամ էն ծեծված կնոջ դեպքը առիթ է: Բնականաբար, հանցագործությունը ժողովրդի կողմից ընդունելի չի: Կարելի է որոշակի պահանջներ դնել ռուսական ռազմաբազայի ղեկավարության առաջ, որ զինվորը դուրս գալուց անպայման ուղեկցող ունենա, ինչպես նախկինում էր, որ կարգ ու կանոնը զորամասի խստացվի: Մենք ուզում ենք, որ զորքն ավելի վերահսկելի լինի, բայց ամսի 12-ի ակցիան չի բխում ժողովրդի շահերից: Մեծ հաշվով ռուսական զորքը տեղափոխելու պահանջ չկա»: 

Արդեն մի քանի օր է, լուրեր են տարածվում, որ ռուսական 102-րդ ռազմաբազան ուզում են տեղափոխել Արցախ, որ իրականում ռուսները ևս դեմ չեն այդ գաղափարին և ձգտում են դրան: Մաքսային վարչության նախկին պետ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը սա վտանգավոր գործընթաց է համարում Արցախի համար, թեև դեմ չէ, որ արցախցիներից շատերը երազում են իրենց մոտ ռուսական բազա ունենալու մասին: 
«Ահա, Ռուսաստանում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Գյումրիի 102-րդ ռուսական հենակետը պետք է հանել եւ տեղակայել Արցախում, նկատում է Աբգարյանն իր ՖԲ էջում․ «Սա պատահական խոսակցություն չէ՝ սա փորձ է հիմնավորվել վաղուց ուժը կորցրած Գյուլիստանի պայմանագրի վրա, սրանով ուզում են իրենց ռուսամոլ դավաճանների միջոցով Հայաստանում արհեստականորեն վախի մթնոլորտ ստեղծել, Արցախում ներքին իրադրությունը պղտորել ու սրել»: 

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը, որը ծագումով գյումրեցի է, կամ ինչպես ինքն է ասում` «լենինականցի», ևս գտնում է, որ ռուսներն իրենք էլ են ձգտում իրենց Գյումրիի հենակետի տեղափոխմանը: Հակառուսական տրամադրությունները ստեղծում են հենց իրենք, ռուսները: «Նրանք հիմա ամեն ինչ անելու են, որ տեղափոխվեն Արցախ՝ Իրանին մոտ: էս ամեն ինչը խեղկատակություն է՝ Իրանի սահմանն են ուզում: Եթե ռուսը ոտք դրեց Արցախ թե հայերը և թե Հայաստանը կարժանան արևմտյան Հայաստանի ու Ղարսի ճակատագրին: Իսկ, եթե մտածում ես, որ մենք ի վիճակի չենք, ուրեմն պետք է վերանանք: Արցախը շատ կոշտ ոսկոր է Թուրանին ձգտող Թուրքիայի ու Ղազախստանի կոկորդներին: Հենց ռուսը մտավ Արցախ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն թույլ կտան Ադրբեջանին հարձակվել, իսկ ռուսը ինչպես միշտ տորգ կանի թուրքերի հետ»: 

Տիգրան Խզմալյանի նախաձեռնությունը քննադատում է հասարակական ակտիվիստ, իրավապաշտպան Անի Կաղինյանը: Խզմալյանի և նրա միջև արդեն դաժան մարտեր են ընթանում վիրտուալ տարածքում: «Ես ուզում եմ հասկանալ, եթե դուք պահանջում եք, որ 102-րդ Ռուսական ռազմաբազան դուրս հանվի ՀՀ տարածքից: Դուք դրան փոխարինող ի՞նչ առաջարկ ունեք, եթե ռազմաբազան դուրս է հանվում, ովքե՞ր են պաշտպանելու հայ-թուրկական սահմանը»,- գրում է Անին, դավաճան և պոպուլիստ անվանելով Խզմալյանին և նրա հետևորդներին, իսկ Խզմալյանը նրան պատասխանում է` Եվրոմիությունն է եւ ՆԱՏՕ-ն, որոնց կազմում ՀՀ անդամակցությանը ձգտում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «եթե Դուք դա համարում եք «պոպուլիզմ», ապա մենք Ձեր մոտեցումը համարում ենք ստրկամտություն եւ դավաճանություն»։

Հիմա դուք կո՞ղմ եք ռուսներին, թ՞ե դեմ: Ի պատասխան մեր այս հարցին Անի Կաղինյանը նշեց. «Նախ ասեմ, որ ես ինքս լիովին կողմ եմ, որ որևէ երկրի ռազմական միավոր դուրս բերվի իմ հայրենիքից, կամ եթե նույնիսկ մեր ազգային շահը պահանջում է դրանց ներկայությունը (կլինի ՆԱՏՕ, թե ռուսական), ապա լինեն հստակ ձևաչափեր ու դրանք լինեն «հյուրի կարգավիճակով», այլ ոչ թե տիրոջ: Նաև գիտակցում և հասկանում եմ, որ ամեն մի ժողովուրդ ինքն է պարտավոր պաշտպանել և պահպանել իր սահմանը: Ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու ինտենսիվ ագիտացիան այսօր անում են ՌԴ-ում ադրբեջանական կողմից կաշառված «ռուս» քաղաքագետները, իսկ Հայաստանում՝ արևմտյան պատվերը կատարող գրանտակերները։ Փաստորեն, այսօր այդ պահանջը դնող անձինք և ակցիայի մասնակիցները ընդանրապես կապ չունեն ազգայի շահի հետ և սպասարկում են իրենց տերերին: Եվ ուրեմն, ես դեմ եմ ակցիան կազմակերպող այդ կեղծ «հայրենասերներին», որոնք հետապնդում են անձնական շահեր և այս պահին թուլացնում են մեր արդեն իսկ թուլացած արտաքին քաղաքականությունը, վտանգելով մեր պետականությունը»:

Այսպես, Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը 4 տարի անց քաղաքական մտորումների տեղիք է տալիս: