ԱԺ քարտուղարությունը կրակն է ընկել անընդունակ պատգամավորների ձեռքը

ԱԺ քարտուղարությունը կրակն է ընկել անընդունակ պատգամավորների ձեռքը

Ազգային ժողովում երեկ խառը եւ շփոթահար վիճակ էր։ ԱԺ նախագահությունը գլուխ չէր հանում նիստը վարելու նրբություններից եւ կանոնակարգ-օրենքից, պատգամավորներն էլ՝ քվեարկելու կարգից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ում մոտ թեեւ սահուն է ստացվում վարժ ընթերցելը, բայց դեռ չի հաջողվում ըստ կանոնակարգի շարժվելը։ Նա հաճախ շփոթում էր՝ որ հարցը երբ պետք է դրվի քվեարկության, ում կարող է ձայն տալ, ում՝ ոչ։ Դրա համար նա անընդհատ իր մոտ էր հրավիրում ԱԺ քարտուղարության պետ, հին ու փորձառու Թաթուլ Սողոմոնյանին, որ ուղղորդի իրեն՝ ինչպես պետք է ճիշտ վարվել։ Սողոմոնյանն ուղղակի կրակն էր ընկել Միրզոյանի ձեռքը։ Իրավիճակից դուրս գալու համար Արարատ Միրզոյանը հաճախ ինքն իր վրա կատակներ էր անում, թե «կներեք, էլի շփոթեցիք» կամ՝ «այս անգամ էլ ես չեմ շփոթել, դիսփլեյին էր գրված» եւ այլն։ Միրզոյանից բացի՝ ԱԺ քարտուղարության համար խնդիրներ էին առաջացնում նաեւ նորաթուխ պատգամավորները, որոնք չէին կարողանում կոճակները ճիշտ սեղմել, որ քվեարկեն։

Քվեարկություններից մեկի ժամանակ, երկրորդ փորձից հետո, Արարատ Միրզոյանը ստիպված եղավ սովորեցնել՝ մի կոճակ կա, որը պետք է սեղմել, որպեսզի համակարգը ճանաչի, իսկ մյուս երեք կոճակներն էլ «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» քվեարկելու համար են։ Բայց դարձյալ գտնվեցին անընդունակ պատգամավորներ, որոնք չկարողացան այս պարզ տեխնիկական հարցից գլուխ հանել։ Ստիպված եղան աշակերտների նման ձեռքերը բարձրացնել, որ քարտուղարությունն անհատապես հաշվի նրանց ձայները։ Խեղճ քարտուղարությունն էլ այդ ընթացքում ձեռ ու ոտ ընկած՝ աջ ու ձախ էր վազվզում, որ կարողանար առաջացած «ճգնաժամը» լուծել։ Եվ սա այն դեպքում, երբ Լենա Նազարյանը նոր ԱԺ-ի ձեւավորումից առաջ, ըստ տարածված լուրերի, նորընտիրների հետ թրեյնինգ էր անցկացրել։ Փաստորեն, թրեյնինգը բոլոր պատգամավորները չէ, որ լավ են յուրացրել։ 

Երեկվա նիստն աչքի ընկավ նաեւ իր ընդմիջումներով։ Տպավորություն էր, թե նորաթուխ պատգամավորները գտնվում են դպրոցի դասարանում եւ ոչ մի կերպ չեն կարողանում մինչեւ վերջ նստել «դասին», ուզում են՝ մեկ րոպե առաջ «զանգը տա», որ դուրս փախչեն։ Դրա համար էլ նախ հաճախակի 20 րոպե ընդմիջում էին վերցնում, որ ինչ-որ հարցեր քննարկեն, եւ հետո Արարատ Միրզոյանը երբ տեսնում էր, որ ընդմիջմանը մի քանի րոպե է մնացել, առաջարկում էր շուտ դուրս գալ, մինչդեռ նախկինում այդ 2-3 րոպեն թեկուզ փորձում էին օպտիմալ օգտագործել, մեկ ելույթ ավել ունենալ, հասցնել հարց հնչեցնել, որ ընդմիջումից հետո մեկ քայլ գոնե առաջ գցեն իրենց գործը։ Հետո շարունակել, ոչ թե դա օգտագործել։ Բայց այսքանով ամեն ինչ չավարտվեց։ Երեկ տեղի ունեցավ ԱԺ պատմության մեջ երեւի թե աննախադեպ մի երեւույթ, երբ ԱԺ նախագահությունն ընդմիջման ավարտից մոտ 40 րոպե ուշացումով մտավ նիստերի դահլիճ։ Նման բան նախկինում երբեք չէր եղել։ Առավոտյան ընդմիջման ժամանակ, երբ պատգամավորները դահլիճին կից սրահում փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրում էին ԱԺ նախագահի երեք տեղակալներին, դրանից հետո, երբ ավարտվեր ընդմիջումը, պետք է գային դահլիճ ու շարունակեին նիստը։

Բայց պատգամավորները եկել էին, ԱԺ նախագահը՝ ոչ։ Արարատ Միրզոյանն անհետացել էր, եւ բոլորը զարմացած իրար էին նայում, թե ինչու չի սկսվում նիստը։ Դա տեւեց մոտ 40 րոպե։ ԱԺ քարտուղարությունից փորձեցին դա արդարացնել, թե հաշվիչ հանձնաժողովը դեռ հաշվում է, նման հարցերում կանոնակարգով թողնված է խորհրդարանի հայեցողությանը, թե երբ շարունակեն նիստը, եւ որ այդ հաշվելն ու քվեարկությունը եւս ԱԺ բնականոն աշխատանքի մաս են կազմում։ Մինչդեռ նկատենք, որ նախկինում նման քվեարկություններից հետո ԱԺ-ն շարունակում էր նիստը, եւ երբ հաշվիչ հանձնաժողովն ավարտում էր աշխատանքը, այդ պահին ընդհատում էին ընթացիկ հարցի քննարկումը, ներկայացնում քվեարկության արդյունքներն ու նորից անցնում ընդհատված հարցի քննարկմանը։