«Մեծարգոյի» հերթական հեքիաթը

«Մեծարգոյի» հերթական հեքիաթը

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան մի երկու օր առաջ հայտարարել է, որ եթե 30-օրյա զինադադար կնքվի, այն պետք է ունենա միջազգային բաղադրիչով օբյեկտիվ վերահսկողության գործուն մեխանիզմ: Ինչո՞ւ է դա ասվել: Որովհետև Ուկրաինայի իշխանությունը հասկանում է, որ եթե չունենա ՆԱՏՕ-ական հովանավորների աջակցությունը, չի դիմանա պատերազմում հաղթանակող ռուսական կողմի ճնշումներին: Ու այդ պատճառով էլ խնդրում է կնքվելիք զինադադարն ապահովել միջազգային բաղադրիչով վերահսկողությամբ:

Գանք մեր տարածաշրջանը: Հենց սկզբից ասեմ, որ թշնամու հետ խաղաղության պայմանագիր կնքելուն ուղղված բանակցություններին ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը բանի տեղ չի դրել վերը նշված երևույթը: Վերջինս համաձայնել է Բաքվի պահանջին (ինչին դեմ է նախարարը) ու թշնամի երկրի հետ փորձում է հարաբերությունները բարելավել երկկողմանի սկզբունքով՝ ատանց երրորդ կողմի: Որ դեմ է ռուսական կողմին՝ դրա պատճառը հայտնի է. այն սկսվեց 2020 թ.-ի դեկտեմբերի 12-ին թշնամու կողմից Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի զավթումով: Հիշեցնեմ, որ այդ գյուղերը գտնվում էին ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում: Հիշում եմ այդ օրվա վերջում երբեմնի «դուխով» Նիկոլի աննորմալ վարքը. Հ1-ի շարժական հեռարձակման կայանի ժամանելը կառավարական «դաչաներ», բժիշկների այցը և այլն: 

Այդ իրադարձությանը հետևած բազմաթիվ այլ դեպքերի արդյունքում երբեմնի «դուխով» Նիկոլը որոշեց, որ ՀԱՊԿ-ն այլևս չի կարող լինել ՀՀ-ի անվտանգային հովանոցը: Բայց քանի որ դրա փոխարեն մեր երկիրը չստացավ այլընտրանք` ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի, մենք մնացինք միայնակ: Ու վերջինս ստիպված է Իլհամի հետ բանակցություններն անցկացնել առանց հովանավորների: Ու այդ պատճառով էլ ստիպված է բավարարել Բաքվից հնչող պահանջները: Բայց միայնակ մնալով ընդդեմ թշնամու՝ Նիկոլը չի դադարում հայտարարել, որ անվտանգային համակարգը լավագույն է այն դեպքում, երբ մեկ երկրի հովանավորությունը փոխարինվում է բազմաթիվ այլ երկրներով: Եթե դա ասվեր այն ժամանակ, երբ արևմտյան աշխարհը կառավարվում էր գլոբալիստների կողմից՝ դա դեռևս, գոնե տեսականորեն կարող էր ընկալելի լինել: 

Իսկ 2025 թվականի սկզբից, Դոնալդ Թրամփի նախագահությամբ պայմանավորված, դա արդեն տեսականորեն էլ ընկալելի չէ, ուր մնաց, թե լիներ ընդունելի: Ոովհետև երբ ԱՄՆ-ում են խոսում ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին, մեզ դժվար թե եվրոպացիներն ընդհանրապես հրավիրեն այդ կառույցը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ երբ ԱՄՆ-ի նոր իշխանությունը բանի տեղ չի դնում իր նախորդի կնքած որոշումներն ու պայմանագրերը, մենք մնում ենք նույն եվրոպացիների հույսին: Եվ երրորդ, եթե բոլոր եվրոպացիները ընդգրկված են մեկ միասնական կառույցում, ինչպե՞ս ենք կյանքի կոչելու բազմազան երկրների հովանավորությունից օգտվելու գաղափարը: Եթե, իհարկե, չդիմենք, օրինակ, լատինամերիկյան երկրների օգնությանը: Կամ էլ մեր պետության «մեծարգո վարչապետը» չչոքի մեր  թշնամուն հովանավորողի՝ Թուրքիայի, «Բարձր դռան» (Օսմանյան կայսրության կառավարության անվանումը) առաջ:   

Ինչ մնում է այստեղից կամ այնտեղից սպառազինություն ձեռք բերելուն, ապա նույնիսկ «մեր մեծարգոյին» ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ցույց տար, որ դա սխալ գործելակերպ է: Որովհետև պետք է պահպանվի սպառազինության՝ մեկ ստանդարտից օգտվելու պարտադիր կանոնը: Որպեսզի ապահովվի տարբեր զինատեսակների միջև փոխգործակցության, համատեղելության պահանջը: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը մե՛կ գնում է արևմտյան՝ ֆրանսիական, մե՛կ էլ ռուսականի հիման վրա ստեղծված հնդկականը: Ուկրաինական կողմն, օրինակ, անընդհատ խնդիրներ էր ունենում խորհրդային արտադրության թնդանոթների համար համապատասխան արկեր ձեռք բերելու առումով: Ինչպես երևում է, «մեծարգոյի» օրոք մեզանում ևս ստեղծվում է սպառազինության առումով «աջափսանդալ»: Դրան գումարած, որ անվտանգային համակարգը միայն սպառազինությամբ չի սահմանափակվում, որպեսզի մենք բավարարվենք դրանով: Դրա մասին է վկայում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը ներկայացված է հոդվածի սկզբում: 
Այնպես որ նիկոլական կառավարման արդյունքում կասեցվեց ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ն մեզ չընդունեց իր շարքերը, անվտանգության գծով էլ մեկ առանձին ամպահովանին բազմաթիվ հովանոցներով փոխարինելու գաղափարն էլ վերածվեց հերթական հեքիաթի: Ու այդպես էլ «մեծարգոն» շարունակում է կառավարել մեր երկիրը: