Ոչ թավշյա գզվռտոց՝ թավշյա դատարանի բակում

Ոչ թավշյա գզվռտոց՝ թավշյա դատարանի բակում

Այս օրերին ընթացող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը զուգահեռ բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաեւ դատարանի բակում, որոնք կարելի է բնորոշել ինչպես «պայքար», այնպես էլ «ընդհարում», «գզվռտոց», «քաշքշուկ», «տուրուդմփոց» եւ այլ բառերով: Դատարանի բակում դիտակետեր են դրել Ռոբերտ Քոչարյանի թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները, որոնց միջեւ էլ ընթանում են այդ գործընթացները:
Առաջ չանցնելով` նշեմ, որ լրատվամիջոցները համարյա նույն հաճախությամբ հանրությանը տեղեկություններ են փոխանցում թե՛ դատարանի նիստերի դահլիճից եւ թե՛ դատարանի բակից, եւ մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ է կատարվում մեր պատմության մեջ աննախադեպ այդ դատավարության շուրջ: Նկատելի է նաեւ, որ մամուլը հիմնականում անկողմնակալ է լուսաբանում գործընթացները, ինչի համար միայն ու միայն շնորհակալություն պետք է հայտնել իրենց գրչով մեզ տեղեկություն բերող «ժրաջան մեղուներին»:

Խնդիրը, որի մասին կուզենայի խոսել այսօր, կարող է նույնիսկ տարօրինակ թվալ, բայց նման խնդիր կա, եւ այն անտեսելը ճիշտ չէ: Ըստ իս` միանգամայն բնական է, որ Քոչարյանի դատավարության ընթացքում նրա կողմնակիցները հավաքվում են դատարանի բակում: Այլ կերպ, թերեւս, չէր էլ կարող լինել: Ընդ որում, դա, հնարավոր է, կազմակերպվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի կամ նրա աջակիցների նորահայտ դաշինքի կողմից: Որեւէ դատապարտելի բան չկա այստեղ: Մյուս կողմից էլ` դատարանի բակում են հայտնվում տարատեսակ հասարակական ակտիվիստներ, Քոչարյանի «դատավճիռն» արդեն իսկ կայացրած առանձին քաղաքացիներ, շատ ներողություն, նաեւ` խաժամուժ, որի տարիքին նայելիս հաստատ չես ասի, որ Քոչարյանից տուժածներ են: Սրա մեջ էլ դատապարտելի բան չկա, եւ սա էլ, հնարավոր է, կազմակերպվում է ինչ-որ տեղից` ի հակակշիռ Քոչարյանի կողմնակիցների: Դատապարտելին այս խմբերի «բախումից» առաջացող աղմուկն է, որին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում այսօր: Այդ աղմուկը դատավարությանը զուգահեռ կարող է այնքան սաստկանալ, որ այլեւս հնարավոր չլինի վերահսկել իրավիճակը: Չպետք է մոռանալ, որ սա երկրի առաջին դեմքերի ներգրավվածությամբ պրոցես է, որի արդյունքում կայացվելիք դատավճիռներն ու որոշումները հսկայական նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար:

Մեր հասարակությունը պառակտված էր արդեն 10 տարի: Այդ պառակտվածությունն ավելի խորացավ «թավշյա, ոչ բռնի» հեղափոխությամբ, երբ մարդիկ բաժանվեցին «սեւերի» ու «սպիտակների»: Այն, ինչ կատարվում է այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության շուրջ, սպառնում է նորանոր բաժանարարներ գծել մեր հասարակության մեջ: Չի կարելի նման բան թույլ տալ: Եթե այս «գզվռտոցը» վերաճի մեծ իրարանցման, եւ փողոցից ճնշումներ գան դատարանի վրա, ապա դատարանի ոչ մի վճիռ չի կարող արժանահավատ եւ ընդունելի լինել:

Կարծում եմ՝ այս հարցում բավականին մեծ անելիք ունեն ՀՀ իշխանությունները: Չեմ ասում` Ոստիկանությունը, ԱԱԾ-ն կամ այլ ուժային կառույցներ, այլ իշխանությունը: Այն քաղաքական ուժը, որ մի կողմից նախաձեռնել է «նախկիններին» դատելու այս գործընթացը, իսկ մյուս կողմից էլ տիրապետում է բոլոր այն լծակներին, որոնք թույլ կտան հասնել իրենց համար ցանկալի դատավճռի: Թող ինձ ների վարչապետ Փաշինյանը, բայց ինձ թվում է, որ դատարանի բակում աղմուկ-աղաղակ բարձրացնելը, «հակաքոչարյանականներին» դատարանի բակ լցնելը, ընդհարումներ հրահրելը եւ այլ գործողություններ կազմակերպում են հենց իշխանությունները, որոնց պետք է այս դատավարությանը մեծ հնչեղություն հաղորդել նաեւ արտերկրում եւ մանավանդ՝ Եվրոպայում: ՄԻԵԴ-ի վճիռը Լեւոն Տեր-Պետրոսյանի գանգատով, մեղմ ասած, սառը ցնցուղ էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որ բավականին ակտիվ է եղել այն օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանը «խախտում էր ՀՀ սահմանադրությունը»: Եվ, ուրեմն, պետք է եվրոպացի դատավորների մեջ տպավորություն ստեղծել, որ Քոչարյանի անձի եւ նրա իշխանության տարիների հետ կապված «մե՛ծ» դժգոհություններ կան Հայաստանում:

Մարդուն միշտ էլ կարելի է դատի տալ: Դժվարը, որքան հասկանում եմ, դատը շահելն է: ՀՀ իշխանությունները, բնականաբար, անելու են ամեն ինչ, որպեսզի շահեն այս դատը, քանի որ խնդիր ունեն դուրս գալու իրենց իսկ քաղաքական հայտարարությունների տակից: Հայտարարել են, չէ՞, որ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել, որ Մարտի 1-ի գործը բացահայտվել է: Եթե այդ ամենն արվել է, ուրեմն դատավորին մի «ուչաստկովիի գործ է մնացել անելու»: Հետեւաբար, Վարդգես Գասպարիին «Ազատություն» ռադիոկայանի հետ ուղարկում եք դատարանի բակ, որ ի՞նչ անեք:

Ես Քոչարյանի կողմնակիցներին կխնդրեի չգնալ դատարանի բակ եւ ՀՀ երկրորդ նախագահին իրենց աջակցությունը հայտնել այլ ձեւերով` քարոզչություն, հարցազրույցներ, հոդվածներ, ելույթներ, հանդիպումներ եւ այլն: Ինչպես ասում են` դատարանին թողնենք հանգիստ աշխատի: Թե դրանից հետո ինչ մարտավարություն կընտրեն իշխանություններն ու նրանց ակտիվիստները, իրենց գործն է: Կարեւորը` աղմուկ չլինի, որն այս պահին ձեռնտու է միայն իշխանություններին: