Երեւանցին չի ասել՝ մանդատը վերցրեք ու համր ուղտի պես նստեք տեղներդ
Երեւանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը փետրվարի 7-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում 5 ընդդիմադիրների՝ ավագանու մանդատներից զրկելու հարցն է. «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի եւ Գեւորգ Ստեփանյանի հարցն է քննարկվելու։ Գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանու նիստերի քվորումը մինչ օրս ապահովվել է բացառապես «Հանրային ձայն» խմբակցության անդամների մասնակցությամբ: Սակայն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը` Դոգը, ով փորձում է տարանջատվել կուսակցության նախագահ Արտակ Գալստյանից եւ ցույց տալ, որ ինքն իշխանության հետ գործարքի մեջ չէ, ուստի օրեր առաջ հայտարարել է, թե «Հանրային ձայն» ֆրակցիան ոչ մի դեպքում քվորում չի ապահովելու, չի մասնակցելու արտահերթ նիստին: Նա նշել է, որ եթե խմբակցությունից ինչ-որ մեկը մասնակցի նիստին, ապա կարժանանա իր պարսավանքին, այսինքն` հայհոյանքներին:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող մասնակցել ավագանու նիստին, քանի որ իր հորեղբայրն է մահացել. «Չեմ հասցնի, մեկնում եմ հուղարկավորության»: Իսկ ի՞նչ են որոշել իր թիմակիցները` մասնակցելո՞ւ են նիստին, թե՞ բոյկոտելու են, Սարգսյանն ասաց. «Կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»:
Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանից հետաքրքրվեցինք` մասնակցելո՞ւ եք նիստին։ Նա եւս բավականին խորհրդավոր պատասխան տվեց` կոնկրետ չասելով, թե «Հանրային ձայնն» առաջիկա նիստի քվորումն ապահովելո՞ւ է. «Ամսի 7-ը կգա, եւ այդ ժամանակ բոլորին պարզ կլինի»: Բայց ի՞նչ կա պարզ լինելու, Ղուկասյանն ասում է, որ չպետք է մասնակցեք, դուք ի՞նչ եք որոշել։ «Ինչ կորոշենք, դա էլ կանենք, չենք ուզում հրապարակել մեր որոշումը: Դե հիմա ասել է` ասել է, ինձ ինչի՞ եք հարցնում, եթե Ղուկասյանն ասել է, էլ ինչի՞ եք ինձ հարցնում»: Հարցնում եմ, որ հասկանամ՝ նրա ասածները հիմք ընդունե՞նք, դա ձե՞ր որոշումն է, թե՞ անելու եք այն, ինչ ցանկանում եք։ «Ես չակերտներ չբացեմ, Դուք ամսի 7-ին կհասկանաք՝ ինչը ոնց է: Ես կարող եմ ասել, որ մեր ֆրակցիան ունի իր գաղափարները եւ ոչ մի շանտաժի, ուղղորդման եւ ճնշումների տակ չի կայացնելու որոշում: Մնացածը կտեսնեք ամսի 7-ին»,- ասաց Վահան Ավագյանը: Մեր տեղեկություններով, այս խմբակցությունը մասերի է բաժանվել` 2 անձ միանշանակ Վարդան Ղուկասյանի հրահանգներով է շարժվում, մյուս երեքը մե՛կ Արտակ Գալստյանին է լսում, մե՛կ` Դոգին, եւս 2 անձ մանդատ ունի, բայց նիստերին չի մասնակցում` Արտակ Գալստյանը բանտում է, Տիգրան Ուրիխանյանը` Ռուսաստանում:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել` մեր խմբակցության անդամների անդամազրկման պրոցեսը կանխելու համար: Եթե նիստ տեղի ունենա, հուսով եմ, քվորում չի լինի, իսկ եթե լինի, պետք է անդրադառնանք գործընթացի բնույթին»:
Սուքիասյանը վստահ չէ, որ «Հանրային ձայնը» չի մասնակցելու նիստին եւ այս անգամ եւս քվորում չի ապահովելու. «Իրենց առաջնորդը տարբեր երանգներ ունեցող հայտարարություններ է անում, դեռ ոչ մի բան հստակ չէ, ստույգ չէ: Եթե իրենց առաջնորդը եթերում ասում է, որ իր ֆրակցիայից մեկ-երկուսի վրա ճնշումներ կան, դա բավականին մեծ հիմք է կարծելու, որ նրանց չմասնակցելը հաստատուն չէ, եւ նրանց ներսում ներքին խմորումներն ու տարաձայնությունները շարունակվում են»:
«Փորձում են գործընկերներիս զրկել մանդատից` բացակայության համար, բայց, որպես այդպիսին, բացակայություն չի եղել, պարզապես քվեարկության բոյկոտ է եղել, դրանք տարբեր բաներ են եւ ոչ մի կապ չունեն իրար հետ: Մեր ավագանու անդամ Սոնա Աղեկյանի չափ, ես չգիտեմ` ՔՊ-ից քանի՞ հոգի է գնացել շրջայցերի, հարցապնդումներ արել եւ ելույթներ ունեցել: ՔՊ-ականների գերակշիռ մասը սուս-փուս տեղում նստած է, ո՛չ հարցեր են տալիս, ոչինչ չեն անում, միայն դակելով են զբաղված: Դա՞ է աշխատելու չափորոշիչը: Երեւանցին չի ասել՝ մանդատը վերցրեք ու համր ուղտի պես նստեք տեղներդ, միայն կնոպկա սեղմեք ու թուղթ դակեք, գնացեք տներով: Դա ավագանու գործ չէ, այլ խամաճիկություն է: Մեր ֆրակցիան ամեն անգամ դահլիճ մտնելով՝ բարձրաձայնել է քաղաքական հարցեր ու իշխանության կոկորդին ոսկոր է մնացել»,- նշեց Սուքիասյանը:
«Մենք միայն մեկ դեպքում կմասնակցենք այդ նիստին` քվորում լինի, եւ տեղի ունենա նիստը: Այդ դեպքում մենք հարկադրված պետք է դահլիճ գնանք եւ իրերը կոչենք իրենց անուններով: Նախքան այդ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տապալվի նիստը»,- եզրափակեց նա:
Կարծիքներ