ՀԿԵ արհմիությունն ամփոփել է նախորդ 5 տարիները

ՀԿԵ արհմիությունն ամփոփել է նախորդ 5 տարիները

Կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության 2-րդ համագումարը: Միջոցառման ընթացքում համագումարի մասնակիցները լսեցին ընկերության արհմիութենական կազմակերպությունների վերջին հինգ տարիների գործունեության հաշվետվությունը, ընտրեցին կազմակերպության նոր ղեկավար կազմը եւ նախանշեցին ապագա ծրագրերը:  

Երկաթուղու շուրջ 3000 աշխատողների 98%-ը միավորող կազմակերպության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը ներկայացրեց վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը: Մասնավորապես, նա հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարբեր խնդիրների լուծմանն արհմիությունը հատկացրել է շուրջ 330 մլն դրամ: Այդ միջոցներով լուծվել են աշխատանքի պաշտպանության, աշխատողների բժշկական աջակցության, աշխատանքային պայմանների բարելավման, աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը, ինչպես նաեւ այլ խնդիրներ:

«Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ընկերությունում միջին աշխատավարձը  կազմել է 240 հազար դրամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը եւ շատ ավելի բարձր է, քան նույն ցուցանիշը հանրապետությունում,- ասաց Ալբինա Մարտիրոսյանը:- Միեւնույն ժամանակ, տարվա ընթացքում աշխատողների արտադրողականությունն աճել է 20%-ով: Մեզ հաջողվեց նաեւ պահպանել մոբիլիզացված բոլոր աշխատողների աշխատավարձերը ընկերության միջին աշխատավարձի մակարդակի վրա: Պարգեւատրման համակարգում վերջերս կատարված փոփոխություններն ուղղված էին աշխատողների մասնագիտական խրախուսմանն ու նոր կադրերի ներգրավմանը»:

Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրներին եւ արտադրությունում վնասվածքների դեպքերին` նշելով այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավման անհրաժեշտությունը:  

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց ընկերության ղեկավարության եւ արհմիութենական կազմակերպությունների համակարգված աշխատանքը` աշխատողների համար հարմարավետ աշխատանքային պայմանների եւ աշխատանքային կյանքի ապահովման գործում: Նա Ա. Մարտիրոսյանի ելույթը լրացրեց կադրերի պատրաստման ոլորտում նորություններով: 

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մենք մշակել ենք երկաթուղային անձնակազմի պատրաստման ծրագիր: Այսպիսով, հաջորդ տարվանից Հայաստանում առաջին անգամ կսկսեն պատրաստել բարձրագույն կրթություն ունեցող երկաթուղայինների, ինչն էապես կլրացնի Գյումրու երկաթուղային քոլեջի աշխատանքը»,- նշեց Ա. Մելնիկովը:

Համագումարը միաձայն բավարար գնահատեց միության վերջին 5 տարիների աշխատանքը, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարի պաշտոնում վերընտրեց Ալբինա Մարտիրոսյանին եւ ղեկավար կազմը: