Ըստ երեւույթին, Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ «ՔՊ պատմություն» առարկան անցնեն դպրոցներում

Ըստ երեւույթին, Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ «ՔՊ պատմություն» առարկան անցնեն դպրոցներում

Հանրային քննարկման դրված ու ամիսներ շարունակ թեժ կրքեր բորբոքած նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում էր «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», այլեւս իրողություն է։ Նախօրեին կառավարության որոշմամբ փոփոխություն կատարվեց Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգում: Համաձայն նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո:

ԵՊՀ դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանի գնահատմամբ՝ այս որոշումը տրամաբանական էր ու սպասելի, քանի որ Ն․ Փաշինյանի՝ իշխանության գալուց առայսօր ՔՊ վարչախումբը երբեք հանրային կարծիքը հաշվի չի առել․ «Հանրային, մասնագիտական բազմաթիվ գնահատականներ երբեք հաշվի չեն առնվել, որ հնչել են թե՛ այս հարցի, թե՛ նաեւ սահմանագծման աշխատանքների հետ կապված, ուստի ինձ համար տրամաբանական էր, որ հենց հիմա, երբ թե՛ դպրոցներն են արձակուրդի մեջ, թե՛ բուհերը, իրենք անվրեպ ընթացքով գնալու էին առաջ եւ ընդունելու էին այս որոշումը, որը, իմ համոզմամբ, ուղղակի թելադրված է թյուրք-ադրբեջանական ուժերի կողմից, որովհետեւ, ինչքան հզորանում է նրանց ինքնության համար մղվող պայքարը, եւ որքան թյուրքական ժողովուրդները միավորվում են եւ հորինում ու զավթում են իրենց համար պատմություն, այնքան մեր պատմությունն ուրացվում է, եւ մեր սահմանները փոքրացվում են»։

Ն․ Դիլբարյանն ընդգծում է՝ Հայաստանի պատմությունը բոլորովին էլ Հայոց պատմություն չէ․ «Ընդհանրապես, հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմությունը չէ, բազմաթիվ երկրներ ունեն տարբեր անվանումներ, հայ ժողովուրդը եւս ունի մի շարք ինքնանվանումներ, որոնք ունեն նվազագույնը 3.5-4 հազարամյակի պատմություն, եւ փորձ է կատարվում մեզ հեռացնել Վանի թագավորությունից, Ուրարտուից, մեր ամբողջ թագավորություններից, որոնք ամրագրված են մի քանի հազարամյա քննություն ունեցող աղբյուրներում, որտեղ խոսվում է Արմինա երկրի մասին։ Հետեւողականորեն կատարվում է Հայաստանը չպետություն եւ հայերին չազգ դարձնելու թուրքական ինքնության ազգային ուխտի ծրագիրը»։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է «Հայաստան, հայեր», սակայն «իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում պետության անունը եւ պետականության գաղափարը կարեւորելու  առաջնահերթություն կա»: Ի՞նչ է սա նշանակում։ «Նախարարի այս միտքը բացարձակ անմտություն է։ ՔՊ-ում շատերն են աչքի ընկնում մի վտանգավոր հատկանիշով՝ խոսել, շարունակ արտահայտել մտքեր, բայց իրականում ոչինչ չասել, դա ընդամենը արդարացման կեղծ ձեւ է։ Այո, գրաբարում «Հայք» բառը նշանակում է հայեր, բայց, փաստորեն, մենք թողնում ենք այդ ամբողջը, որը հայերի պատմությունն է։ Վերջին ամերիկյան լեզվաբանական դպրոցների գնահատմամբ՝ հայոց լեզուն հնդեվրոպական միասնությունից անջատվել է 4 հազարամյակ առաջ։ Հիմա ո՞վ ասաց, որ մենք միայն Հայաստան պետության պատմությունը պետք է ուսումնասիրենք։ Ես հիմա հարցադրում եմ անում Ժաննա Անդրեասյանին․ մենք գիտենք, որ «Ադրբեջան» եզրույթը շատ երիտասարդ եզրույթ է, եւ այս պետության անվանումն ինքնին ծագել է խորհրդային շրջանում, ու Ադրբեջան ազգ չի եղել, դրանք եղել են անդրկովկասյան կամ տարաբնույթ թաթարներ, որոնք ապրել են նույն տարածքում։ Հիմա ինչո՞ւ Ադրբեջանի պետությունը չի որոշել իրենց երիտասարդ պետության պատմությունը կոչել միայն Ադրբեջանի պատմություն եւ դեռ ավելին՝ իր սահմանադրության մեջ ամրագրել է, որ իրենք ոչ թե իրավահաջորդն են Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ, ընդհանրապես՝ ադրբեջանական դեմոկրատական հանրապետության, եւ որտեղ որ ապրում են ադրբեջանցիներ, այնտեղ Ադրբեջան է՝ բնականաբար, սեփականաշնորհելով այնտեղ ապրող բնիկ ժողովուրդների ողջ պատմությունը։ Ժաննա Անդրեասյանը չի՞ ուզում հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ եւ բացատրել իրական պետության պատմությունն ուսումնասիրելու խնդիրը։ Ընդհանրապես, դա ի՞նչ կեղծ խոսույթ է, ինչո՞ւ մենք պետք է ուսումնասիրենք հայ ժողովրդի միայն պետականության շրջանը։ Ոչ մի ժողովուրդ միայն պետություններով չի ապրում։ Փորձում են մեր ամբողջական պատմությունից պոկել մի փոքրիկ պատառիկ եւ այդ պատառիկը ներկայացնել որպես միակ իրականություն, ինչը բացարձակ կեղծ է»։

Հատկանշական է, որ հենց կառավարության տարածած հաղորդագրության մեջ նախարարը մեկ պարբերությունում 2 անգամ հակասում է իրեն, նախ նշելով․ «Ուզում եմ եւս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, եւ այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրսթողնման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ»։ Բայց հետո շարունակում է․ «Սա սկիզբն է, պարոն վարչապետ, սրան պետք է հետեւեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որպեսզի այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի մասին, անվան մասին, այլ լինի նաեւ իրական բովանդակություն, որն էլ հետեւելու է արդեն այս աշխատանքներին»: Այլ կերպ ասած՝ անվանման փոփոխությանը կհաջորդի բովանդակության փոփոխությունը։

«Կա մի հնագույն ասացվածք, որ լեզուն ոսկոր չունի, եւ, ընդհանրապես, կան հնարախաղային տեխնոլոգիաներ՝ խոսքի միջոցով մարդկանց ուղեղները լվանալու եւ ամեն կերպ թաքցնելու ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը հետեւյալն է․ նրանք հրաժարվում են Արմենա, Արմինա երկրի պատմությունից, հրաժարվում են նաիրյան թագավորություններից, Թորգոմյան տան, ասքանազյան ժողովրդի պատմությունից ․․․ ԽՄԿԿ շրջանում կար մի այսպիսի առարկա՝ ԽՄԿԿ պատմություն․ ըստ երեւույթին՝ Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ «ՔՊ պատմություն» առարկան անցնեն դպրոցներում, եւ այդ ՔՊ պատմությունը, բնականաբար, ոչ մի գործ չունի հին հայերի հետ։ Այսինքն՝ նրանք դասագրքերն աղավաղելու են, ինչպես աղավաղեցին, կեղծեցին, եւ, իհարկե, փորձի փոխանակում չեն կազմակերպում երիտասարդ ադրբեջանցիների հետ, որոնք արդեն իրենց պատմությունը տարել են մի քանի հազարամյակ այն կողմ։ Եթե դա այդպես ճիշտ եւ արդյունավետ է, այդ ինչո՞ւ թյուրք-ադրբեջանական հանրույթն այդ ճանապարհով չի գնում, սեփականել են Ուրարտուն, ինչ է՝ այդքան փայլուն մտքի թռիչքներ չունե՞ն, ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը», թե՞ չեն հասկանում՝ ինչպիսին է իրական պատմությունը։ Նրանք ուզում են մեզ ասել, որ մենք ոչ մի բան ենք, եւ պետք է լինի այսուհետ ՔՊ-ի պատմություն, որը ոչ թե իրական, այլ նահանջների, կորուստների, չպետության վերածվելու պատմություն է»,- ընդգծում է Ն․ Դիլբարյանը։

«Ինչո՞ւ ենք այս որոշումն ընդունում, որովհետեւ մենք մեր ռազմավարության հիմքում եւ մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը,- իր խոսքում ընդգծել էր վարչապետը եւ նկատել։- Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը եւ կյանքը երեւում են բոլորովին այլ կերպ»։

Վարչապետի՝ «դեպի պետական ընկալման աշտարակ» սլացող մտքի ձեւակերպումների շուրջ զրուցակիցս նկատում է․ «Ամեն անգամ ազգային ինքնությունը հերքելու, ազգին ոչնչացնելու կիրքը գտնում է այդպիսի բացարձակ կեղծ ձեւակերպումներ։ Պետությունը քանդում են, ասում են՝ վերականգնում ենք պետական մտածողությունը, անկախությունը դարձնում են բացարձակ անգո, Ադրբեջանն ինչ պահանջում է, կատարում ենք, բայց բարձր գոռում ենք անկախության մասին։ Անարդար մարդիկ միշտ գոռում են եւ կուրծք են ծեծում, որ իրենք ազատ են, ամենաոչանկախ վարչախումբը գոռում է, որ իրենք անկախ են եւ պետություն են կառուցում, իրականում իրենք մեծ զոհերի, զոհաբերումների, նվիրյալության ջանքերով կառուցած պետությունը ոչնչացնում են եւ գնում են Հայաստանը չպետություն դարձնելու ճանապարհով՝ դրա հիմքում փորձելով դնել նոր սերունդների ուղեղների լվացման խնդիրը, հույս ունենալով, որ հետագա սերունդներն ընդհանրապես պատմություն չեն իմանա եւ կկարծեն, թե իրենք թափառաշրջիկ գնչուներ են՝ Աստված գիտի որտեղից եկած»։