Եղեգնաձորի երաժշտական դպրոցում խնդիրներ են առաջացել

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում խնդիրներ են առաջացել

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո երաժշտական դպրոցում որոշակի խնդիրներ են առաջացել։ Ըստ տնօրենի՝ դպրոցի աշխատակիցները խնդիրներ են ունեցել ուսմասվարի հետ։

«Դպրոցում խնդիրներ դեռ վաղուց են եղել, աշխատակիցները շատ դեպքերում չեն կարողացել միմյանց հասկանալ։ Դպրոցի ուսմասվարը դիմում ներկայացրեց, որպեսզի ազատվի աշխատանքից, սակայն նա այդ ժամանակահատվածում արձակուրդում էր գտնվում։ Դիմիլ է դատարան, և, կարծես թե, արդեն վերականգնվում է իր պաշտոնը։ Այս պահին դեռ ոչ, բայց մի քանի օրից արդեն կարող է նորից աշխատել։ Ասեմ, որ ուսմասվարը աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է անձնական խնդիրներից ելնելով։ Ինձ հետ խնդիր չի եղել։ Ես իր դիմումի հիման վրա եմ մակագրել դիմումը, այնպես չի, որ ես եմ աշխատանքից ազատել։ Դիմումի պատճեն կա, իրավաբանի մոտ է։ Կարծում եմ՝ իր մոտ էլ պետք է լինի։ Երևի ինքը նեղված էր, որ աշխատակիցներից մի քանիսը բողոքում են իրենից։ Հստակ բողոքներ են եղել։

Դատարանի որոշման մեջ, որի համաձայն պետք է նորից որպես ուսմասվար աշխատի, հստակ որևէ բան գրված չի, հստակ օրենքի հղումներ, կետեր չկան։ Բայց ես որոշումը հիմք եմ ընդունում, քանի որ դատարանն է։  Որոշման մեջ գրված է, որ այդ մարդուն պետք է վերականգնել նախկին աշխատանքում, վճարել պարապուրդ։  Ուսմասվարն ու կոլեկտիվը իրար մեջ խնդիրներ ունեն, որոնք ազդում են դպրոցի աշխատանքների վրա։ Մինչև իմ տնօրեն լինելը, ուսմասվարը դպրոցում երեքից չորս տարի աշխատել է։ Կոլեկտիվում աշխատում է 38 մարդ, որոնցից շատերը իրար հետ շատ լավ հարաբերություններ ունեն, բայց մի քանիսի պատճառով վիճակը անընդհատ լարված է մնում։ Այդ մի քանիսը իրենց խնդիրները հրապարակային են սարքում, ինչն էլ ազդում է ամբողջ աշխատակազմի վրա»,- ասաց Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը։ 

Տնօրենը նշում է, որ երաժշտական դպրոցի տարբեր աշխատակիցներ հենց իրեն են դիմում և ասում, որ ուզում են ուղղակի հանգիստ աշխատել․ «Ինձ ասում են՝ այսպես էլ չի լինի։ Մենք կոլեկտիվ ենք և ուզում ենք, որպեսզի ամեն ինչ այնպես լինի, որ կարողանանք հանգիստ աշխատել։ Ես՝ որպես դպրոցի տնօրեն, ամեն ինչ արել եմ և անում եմ, որ ամեն ինչ կարգին լինի։ Ոչ ոք իրավունք չունի դիմացինին վիրավորի։ Պետք է ուղղակի ամեն մեկն անի իր աշխատանքը»: 

Արթուր Կարապետյանը նշում է նաև, որ օրերս լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ինքը ՀՀԿ-ական է․ «Ես ՀՀԿ-ի հետ որևէ կապ չեմ ունեցել և չունեմ, դա չի համապատասխանում իրականությանը։ Առհասարակ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, ինչի մասին է խոսքը։ Ես ուղղակի արվեստի մարդ եմ, աշխատում եմ այս բնագավառում»։

Մեզ հետ զրույցում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենը նշեց, որ խոսում են նաև, թե դպրոցի ուսմասվարը մարզպետի սանիկն է կամ արյունակցական կապ ունի մարզպետի հետ․ «Noyan-tapan.am-ով քննարկում էր տեղի ունենում, որտեղ նշվում էր, որ ուսմասվարը բարեկամական կապեր ունի մարզպետի հետ։ Ես այս մասով ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Չգիտեմ՝ սանիկն ա, թե ինչն ա, դա իրանք գիտեն, բայց համենայն դեպս դատարանն արդեն որոշում է կայացրել, որի համաձայն ուսմասվարը նորից պետք է անցնի իր աշխատանքին։ Ես չէի ցանկանա, որ նման որոշում լիներ, բայց որոշումն արդեն կա, ուսմասվարը նորից կյինի իր պաշտոնում»։
Արթուր Կարապետյանից վերջում հետաքրքրվեցինք, թե ինչպես է լուծվելու թափուր աշխատատեղերի հարցը։

«Որ ուսուցիչը դուրս է եկել աշխատանքից, իր մոտ սովորող երեխաները արդեն իսկ գրանցվել են մեկ այլ ուսուցչի մոտ, սկսել է պարապել մեկ այլ ուսուցիչ։ Այդ ժամերը ես բաշխել եմ այլ ուսուցիչների վրա։ Աշխատանքային իմասով ոչինչ չի փոխվել։ Եթե նման խնդիր լիներ, ապա ես նոր ուսուցչներ կընդունեի դպրոց։ Երկու ուսուցիչ են հեռացել,ովքեր արդեն աշխատանքի են տեղավորվել Երևնում»։

Մարինե Մանուկյանը, ով վերոնշյալ դեպքերից առաջ Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի ուսմասվարն էր, մեզ հետ զրույցում նշեց․ « Ես այս պահին դպրոցի ուսմասվարը չեմ, բայց այո, եղել եմ։ Տնօրենը ինձ սխալ ազատում էր տվել, որից հետո ես դիմել եմ դատարան։ Դատարանը, ինպես պարզ դարձավ, քվեարկել է իմ օգտնին։ Առայժմ չեմ վերականգնվել, ուղղակի դատարանի որոշումը իմ օգտին է։ Ես տնօրենի հետ որևէ լարված իրավիճակ չունեմ։ Խնդիրն այն է, որ զուտ մի քանի հոգի դուրս են եկել աշխատանքից, ովքեր արդեն աշխատանքի են անցել Երևանում։ Դեպքեր կան, որ ամուսինները թույլ չեն տալիս աշխատել։ Այնպես որ չի կարելի մտածել, թե հեռացել են կամ հեռացվել են»։ 

Մեր այն հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, թե մարզպետի հետ արյունակցական կապ կա, նախկին ուսմասվարը պատասխանեց․ «Իհարկե ոչ, նման բան չկա։ Մենք ուղղակի ծանոթներ ենք, հարազատներ։ Մարզպետը ինձ որևէ հարցով ոչ ընդառաջել է, որ ընդառաջում է։ Եթե նման բան կա, բա այդ բարեկամական կապը ինչու որևէ ձևով չանդրադարձավ այն բանի վրա, որ ես վերականգնեմ իմ աշխատանքը։ Ես նույնիսկ դիմում եմ գրել, որպեսզի ինձ ուղղակի որպես դասատու ընդունեն, սակայն տնօրենը չընդունեց, ինչ-որ խնդիրներ կար։ Նորից պետք է ասեմ, որ բա եթե բարեկամներ ենք, հնարավոր չէր այնպես անեինք, որ ես որպես դասատու ընդունվեի աշխատանքի»։ Նախկին ուսմասվարի խոսքով՝ ինքն ու տնօրենը միշտ նորմալ հարաբերություններ են ունեցել․ «Մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, ոչ էլ այս պահին ունենք։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա ինձ որպես դասատու չընդունեց, միևնույն է, ես նրա հետ խնդիր չունեմ։ Ասում են ՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։ Ես էլ ասում եմ՝ ով այդ կոռուպցիան արել է, թող նա էլ պատասխան տա։ Ես կոռուպցիայի հետ կապ չեմ ունեցել»։