Ազգային ինքնության վերաֆորմատավորում փորձել են անել նաեւ բոլշեւիկները

Ազգային ինքնության վերաֆորմատավորում փորձել են անել նաեւ բոլշեւիկները

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում ՀՀ ներկայիս իշխանությունների կատարած փոփոխությունները բավական հետաքրքիր տեսակետների եւ վերլուծությունների առիթ են տվել փորձագետներին։ Հատկապես ռուսալեզու միջավայրում գործող փորձագետները նկատում են, որ դիլեման հետեւյալն է՝ իրականացվում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների խմբագրո՞ւմ, թե՞ ազգային ինքնության վերաֆորմատավորում։ Այս համատեքստում հատկապես ուշադրություն են դարձնում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած ոչ միանշանակ, իսկ երբեմն՝ նաեւ մերժող կեցվածքին։

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը համարում է հայ ժողովրդի համար՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, ազգային ինքնության հետ կապված հարց, եւ այս հարցի նկատմամբ պետական քաղաքականության փոփոխությունը, նրա տրամաբանությամբ եթե դիտարկենք, կարող է համարվել թե՛ որպես արտաքին քաղաքական առաջնահերթությունների սրբագրում, թե՛ որպես ինքնության վերաֆորմատավորում։ Թե իրականում ինչ նպատակներ կան Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումների հետեւում, ժամանակը ցույց կտա։ Սակայն պատմականորեն ուսումնասիրելով հայ ժողովրդի գոնե վերջին 100-120 տարվա պատմությունը եւ հատկապես Խորհրդային Հայաստանի սկզբնական շրջանի պատմությունը, կարող ենք ասել, որ այն, ինչ հիմա փորձ է արվում անել Հայաստանի գործող իշխանությունների կողմից, իրականում արդեն մեկ անգամ փորձել են կյանքի կոչել հայ բոլշեւիկյան իշխանությունները։

Հայոց ցեղասպանության մասին խոսելը, հայ ազգային ինքնության հետ կապված հարցեր քննարկելը մինչեւ գոնե խրուշչովյան «հալոցքի» ժամանակները համարվել են նացիոնալիզմի դրսեւորում եւ պատժվել են խոստորեն՝ դեպի Սիբիր աքսորներով, 30-ականներին՝ նաեւ գնդակահարություններով։ Հիմա գոնե գնդակահարություն ու աքսոր չկա, սակայն տրամաբանությունը նույնն է՝ լռեցնել, անտեսել ազգային ինքնության հետ կապված հարցերը՝ թեկուզ այդ ինքնության վերաֆորմատավորման գնով, հանուն «լուսավոր ապագայի», հանուն հարեւանների հետ լավ հարաբերությունների, ի վերջո՝ հանուն բարեկեցության։ Բոլշեւիկների փորձառությունը, ի վերջո, մատնվեց անհաջողության, եւ սկսած 60-ականներից, Հայաստանում սկսեցին ազգային զարթոնքի տարրեր երեւան գալ։

Թե ինչ հաջողություն կունենա նիկոլական փորձառությունը, երեւի կիմանանք որոշ ժամանակ անց, երբ այսօրվա իրադարձություններն արդեն որպես պատմության շրջափուլ ներկայացվեն մասնագետների կողմից։ Կարեւորը թերեւս այն է, թե կունենա՞ արդյոք հայ ժողովուրդը բավարար ներքին պոտենցիալ, որպեսզի Հայաստանում կարողանա վերազարթոնք ունենալ։