Հարցնում է՝ մեզ ուզում եք ցեղասպանե՞լ, ու իրենց հետ անվտանգություն է ապահովում

Հարցնում է՝ մեզ ուզում եք ցեղասպանե՞լ, ու իրենց հետ անվտանգություն է ապահովում

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ վաղը Մոսկվայում կայանալու է «3+2» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի անդամ երկրների առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Օրակարգն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Հարավային Կովկասում մնայուն խաղաղաղության հաստատում։

Ինչպես հաղորդել է  «Անադոլու»-ն՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից տարածաշրջանային այս հարթակն առաջարկվել է «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման նպատակով»։ Հանդիպմանը մասնակցելու են  Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչները։ Ինչպես մանրամասնել է EADaily-ն՝ սույն ձևաչափը մշակվել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում որպես կայունացնող միջոց։

Ընդգծվել է, որ Մոսկվան ու Անկարան կարծում են, որ Թբիլիսին որոշ ժամանակ անց կվերանայի իր դիրքորոշումը։

«Հրապարակն» այս ձևաչափն անսպասելիորեն ընդունելու պատճառների մասին խոսել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, տպավորություն է, որ ՀՀ-ն մերժում էր այս ֆորմատը, հետո «ցրում»  էին․ ինչու ոչ, կմասնակցեն միայն այն ֆորմատներին, որոնք չեն կրկնում այլ միջազգային հարթակների գործառույթները, այլ խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի։ Մինչեռ այս առաջին նիստը Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն է վերաբերում, նրանով, ինչով զբաղվում է ԵԱՀԿ-ն։ 

- Չեմ կարծում, որ «3+2»-ն արգելափակում է Մինսկի խմբի ֆորմատը: Այն, որ Վրաստանը չի մասնակցում այդ ֆորմատին, դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն նույնպես ունեն հավակնություններ` մասնակցելու տարածաշրջանային գործընթացներին: Դրա համար բավական է նորից կարդալ Պենտագոնի ղեկավարի հայտարարությունները, որը նա վերջերս արել է Վրաստան կատարած այցի ժամանակ, և որից հետո փոխվեց Վրաստանի վերաբերմունքն այդ ֆորմատում մասնակցելու հարցում: Այս առումով Մինսկի խումբը դեռևս «կենդանի» է։ Թուրքիայի պաշտոնյաները, այդ թվում` իրենց նախագահը, ուղղակիորեն հայտարարում են, որ իրենց նպատակն է, որ տարածաշրջանում այլ երկրներ մասնակցություն չունենան, բնականաբար, դրանով նկատի ունի Արևմուտքին: Հետևելով արված հայտարարություններին, կարող ենք ասել, որ այդ հանդիպման ժամանակ շրջանցվելու է Արցախի կարգավիճակի խնդիրը,  այն թողնվելու է ապագային, կախված միջազգային հարաբերությունների զարգացումներից: Ինչ վերաբերում է Մոսկվայի հանդիպմանը, ապա կարծում եմ, որ հիմնական քննարկումը լինելու է կոմունիկացիաների հարցը, և հասկանալի է, որ այդ հարցում շահագրգռված են և ունեն մասնակցություն Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, և այդ առումով նրանց մասնակցությունը հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չեմ կարծում, թե ՀՀ-ի մերժումից ինչ-որ բան է կախված, այս երեք տարվա ընթացքում Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է իջել, որ մենք ոչ թե բանակցությունների սեղանի շուրջն են նստած, այլ բանակցությունների սեղանի վրա ենք դրված: Մեզ համար հիմա կարևոր է ներքին հարցերով զբաղվել՝ մեր ավգյան ախոռները մաքրել ու սկսել աշխատել մեր սուբյեկտայնության վերականգնման խնդրով:

- Սրանով կարելի՞ է ասել, որ կթաղեն առանց այն էլ հետին պլան մղված արցախյան հարցը։ 

- Արցախի հարցն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և դրա հետևանքները մեծ են՝ սկսած Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, ու շաղկապված է բազմաթիվ նմանատիպ հարցերի հետ: Չեմ կարծում, որ Արցախի հարցը թաղված է, այն դեռ «կրակելու» է, ու չեմ բացառում, որ անգամ կլինեն այնպիսի զարգացումներ, որի պատճառով Ադրբեջանը դեռ շատ է զղջալու այս պատերազմի համար, բայց դրա համար դեռ ժամանակ կա, ու մենք պետք է վերափոխենք Հայաստանը, ավելին, մեզ համար անգամ պետականության «վերաբեռնավորման» անհրաժեշտություն լինի:

-Նիկոլ Փաշինյանը հարցնում է Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեզ ուզում եք ցեղասպանե՞լ, ու նրանց հետ անվտանգային միջավայրի հարցեր է լուծելու։ 

 -Եկեք լուրջ ու պատասխանատու մարդկանց խոսքերը քննարկենք: Հուզական ու անհավասարակշիռ խոսքերը մեզ խանգարում են իրականությունը ճիշտ գնահատել: Հիմա հիստերիաների ժամանակը չէ, պետք է ճիշտ գնահատենք կատարվածը, անենք դասեր ու գնանք առաջ: Ցավոք, նման մոտեցում քաղաքական ու հանրային դաշտում դեռ չունենք։