Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է

Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է

 Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, այսօր Թեհրանում Նիկոլ Փաշինյանին ընդունելով, կարծիք է հայտնել, որ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»։

«Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին», - հավելել է Խամենեին։

Հոգևոր առաջնորդը խոսում է առաջին հերթին Հայաստանի շահերից, որովհետև աշխարհում դժվար թե գտնվի մի պետության ղեկավար, ով իր երկրի շահը մի կողմ կդնի և կգործի այլ պետության շահերով։ Սա շատ նուրբ դիվանագիտություն է։ Ալի Խամենեին նաև հավելել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն այստեղ գտնվող պետությունների հարաբերություններին օգտակար չէ։

Պարզ, հստակ, հավասարակշռված դիրքորոշում։ Հարևան երկրից դուրս հարևան փնտրելը օգտակար չէ։ Տեսեք ինչ մեղմ, դիվանագիտական գնահատական է տրվել՝ «օգտակար չէ»։ Իրանի դիրքորոշումը Հայաստանի ժողովուրդը գիտե, և Իրանը բազմիցս այն ձևակերպել է։ Բայց թե ինչքանո՞վ է դա համընկնում Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ, կարելի է եզրահանգել Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի կարծիքից։

Եթե նա վստահ լիներ, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է Իրանի դիրքորոշման հետ նման կարծիք չէր հայտնի։ Առավել ևս չէր ակնարկի արտատարածաշրջանային ուժերի միջամտության մասին։