Ազնավուրն արժանի չէ, որ մի խայտառակ շինություն անվանեն իր անունով

Ազնավուրն արժանի չէ, որ մի խայտառակ շինություն անվանեն իր անունով

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու (Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) առաջարկությամբ կառավարությանն են դիմել «Ազնավուր» հիմնադրամը եւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ հարցի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար կառավարությունը դիմել է նաեւ Հանրային խորհրդին։

Երեկ չուշացավ նաեւ Հանրային խորհրդի արձագանքը, որի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել էր, որ, պայմանավորված արտակարգ դրությամբ, նիստերի հրավիրման դժվարություններով, հարկադրված կլինեն այս եւ մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։ ՀԽ նախագահն ընդգծել էր, որ ոչ պակաս կարեւոր է նաեւ գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ հանրության տեսակետը հասկանալը։  

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ այս հարցն ամիսներ առաջ մեկ անգամ եւս բարձրաձայնվել է․ «Հայտնի է, որ աշխարհում նշանակալից օդանավակայանները կոչվում են հայտնի, նշանավոր մարդկանց անունով․ գոնե այդպիսի միտում է նկատվում։ Այդ առումով, ինձ թվում է՝ շատ լավ էլ տարբերակ են գտել, որովհետեւ, օրինակ, Ղրիմում կա օդանավակայան, որը կոչել են Այվազովսկու անունով։ Ազնավուրը եւս շատ կարեւոր անձնավորություն է ու մեծ ներդրումներ ունի մեր երկրի համար եւ ոչ միայն արվեստի ոլորտում։ Այնպես որ, ինձ թվում է՝ դա շատ լավ միտք է»։ Նա դեմ չէ վերանվանմանը․ ««Զվարթնոցն» էլի մնում է իր անունով, բայց՝ Ազնավուրի անունով, այսինքն, սկզբից տեղային անունն են տալիս, հետո՝ միջազգայինը»։ Մինասյանը նկատում է, որ սա այն դեպքը չէ, որի համար մտավախություններ լինեն թե՛ հիմա, թե՛ հաջորդիվ․ «Հո Գառնին չե՞ն վերանվանելու ուրիշ անունով, մեր օդանավակայանն է, որ իր 2-րդ անունն է ունենալու՝ ամրացնելու համար այդ ազգի համար նշանավոր մարդու անունը, որի մեջ խնդիր չեմ տեսնում»։ Նա կարծում է, որ հարցը պետք է դրվի հանրային քննարկման, եւ հանրությունն էլ իր մասնակցությունն ունենա․ «Կհնչեն տարբեր կարծիքներ, կտրվեն տարբեր անուններ, թող դնեն հանրային քննարկման ու տեսնեն, թե ովքեր են ճիշտ։ Հետո՝ ճիշտ ու սխալի խնդիր էլ չկա, մի մասը կգերադասի այս ազգանունը, մի մասը՝ մեկ այլ»։ 

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ պետք է ճշտում մտցնել, թե օդանավակայանի որ շենքի մասին է խոսքը՝ հնի՞, թե՞ նորի։ Ամեն դեպքում, եթե խոսքն օդանավակայանի նոր մասնաշենքի մասին է, ապա ինքը կողմ չի լինի, որ այն անվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով․ «Որովհետեւ Շառլ Ազնավուրն ունիկալ անձնավորություն էր, անկրկնելի արվեստագետ եւ հայ ժողովրդի հպարտությունը։ Իսկ այս նոր օդանավակայանը հայ ժողովրդի խայտառակությունն է, անճաշակ, տիպարային, անգրագետ մի շինություն, որն ամոթ է երբեւիցե որեւէ մեկի անունով անվանել, եթե անվանեն սեփականատերի անուններով (ես չգիտեմ, թե ովքեր են այնտեղ սեփականատերերը․ բացի Էռնեկյանից, ենթադրում եմ, որ մեր նախկին նախագահներն էլ այնտեղ կան), ես չեմ առարկի, բայց այն անվանել մեր հայտնի արվեստագետի անունով, շատ սխալ է։ Շառլ Ազնավուրն արժանի չէ նրան, որ այսպիսի մի խայտառակ շինություն անվանեն իր անունով»։ 

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ընդգծում է՝ Ազնավուրը շատ բաների է արժանի, եւ նրա անունով շատ բաներ կարելի է անվանակոչել, բայց ««Զվարթնոցը» հանգիստ թողեք։ Դա մեր ազգային լեզվամտածողության դեմ արված քայլ կլինի, քանզի «Զվարթնոցը» ստուգաբանորեն թռիչքի հետ է աղերսվում եւ ենթագիտակցականորեն ասոցացվում։ Այո՛, Շառլն ինքնին մեծ արժեք է, բայց մի արժեքը մյուսի նվաստացման, հեռացման եւ այլ գործընթացների միջոցով գնահատելն առնվազն ազգային կարճամտության ժանրից է։ Եթե անվանափոխում են՝ դարձնելով Շառլի անվան, «Զվարթնոցն» արդեն աբստրակտ կերպով առարկայացնում են։ Դա նույնն է, որ երեխաների վրա երկու պապերի անունն էին միաժամանակ դնում, բայց ճնշող մեծամասնությունը դրանցից մեկին` առավել հարմարավետին է նախընտրությունը տալիս՝ տվյալ անձին դիմելիս։ Նույնը՝ Շառլի դեպքում․ ազգի ճնշող մեծամասնությունը հենց Շառլ է ասում, շատ քչերն են Ազնավուր ասում, եւ բացառիկները՝ Շառլ Ազնավուր։ Իսկ Շառլ Միշայի Ազնավուր՝ գրեթե ոչ ոք։ Այդ իսկ պատճառով ավելի քան վստահ եմ, որ 21-րդ դարի համառոտասեր քաղաքացուն այնքան էլ չի տրամադրի «Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» օդանավակայան» անվանաձեւը։ Միաբառ «Զվարթնոցը» նաեւ այդ հարմարավետության տեսանկյունից է շահեկան։ Ահա թե ինչու եմ կասկածում, որ սա քողարկված լեզվամշակութային արշավ է ազգային արժեքի գնահատման քողի ներքո։ Մի հատ Ազնավուրին կենդանության օրոք հարցնեիք՝ այս գնով համաձայն կլինե՞ր անվանափոխությանը»,- ընդգծեց Մարտիրոսյանը։