Սինանյանը ամիսը մեկ բյուջեի հաշվին Մոսկվա է թռչում

Սինանյանը ամիսը մեկ բյուջեի հաշվին Մոսկվա է թռչում

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը երեկ կրկին Ռուսաստան է մեկնել։ 
Ըստ կառավարության ապրիլի 16-ի որոշման, նա եւ հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետը ապրիլի 19-23-ը գործուղվել են ՌԴ, ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի եւ հուշանվերների ձեռքբերման ծախսերն էլ կատարվել են ՀՀ բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից։ 

Ապրիլի 19-21-ը նրանք լինելու են Ռոստովում՝ հայ երիտասարդների միության հրավերով, իսկ 21-23-ը ներառյալ՝ Մոսկվայում, որտեղ Սինանյանը կհանդիպի նույն՝ «Հայ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որոնց հանդիպել էր դեռ մարտի 4-ին։ Ինչպես հաղորդում են մոսկովյան աղբյուրները, հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ «Ռենեսանս Մոնարխ» ռեստորանում։
Հայ իրավաբանների ասոցիացան, որի ղեկավարն Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունից հեռացած Շահեն Պետրոսյանն է, նիկոլականների հենարան ՀԿ-ն է համարվում։ Այն միակ հասարակական կազմակերպությունն է, որի անդամներին ապրիլի 8-ին այցելել էր նաեւ Փաշինյանը։ Մյուս մեր հայրենակիցներին, որոնք հարցեր ունեին վարչապետին ուղղելու, ոստիկանները ներս չէին թողել եւ անգամ բերման էին ենթարկել։

Հավանաբար, ՀՀ ներկայիս վերնախավը ընտրություններից առաջ հավատարիմ, քաղաքական առումով հուսալի կառույցներ է ուզում ունենալ ՌԴ-ում եւ տպավորություն ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմն այնքան էլ ատելի չեն այնտեղի հայության համար, ինչպես կարող է թվալ հեռվից։ Սակայն փորձը վկայում է, որ Հայ իրավաբանների ասոցիացիան այնքան էլ հուսալի չէ Փաշինյանի համար։ Իրավաբաններից հայտնվել էին մարդիկ, որոնք թաքուն ձայնագրել ու համացանցով տարածել էին Շահեն Պետրոսյանի խմբային «չաթում» հրապարակված հրահանգները՝ Փաշինյանին չքննադատելու եւ հարցերով ու ելույթներով նրա համար բարյացակամ մթնոլորտ ստեղծելու մասին, ապա նաեւ մի հատված՝ տեսագրություն բուն քննարկումից, որտեղ Փաշինյանն «անկեղծանում» է։

Սույն «զապիսում» Փաշինյանն ասում է, որ Արցախի ստատուս քվոն պահպանվել է այնքան ժամանակ, որքան դա ցանկացել է Ռուսաստանը։ Սա նշանակում է խոստովանել, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի շահերից ելնելով եւ Ռուսաստանի ցանկությամբ։ Այդ նույն ձայնագրության մեջ ՀՀ վարչապետն այլ սկանդալային հայտարարություն է անում՝ ասելով, որ պետք է ապաշրջափակել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները եւ բացել սահմանները։
Գլխավոր հանձնակատարի այցն ինքնին արտառոց չէ։ Նա կարող է ամեն շաբաթ-կիրակի Մոսկվա թռչել եւ հասարակական կամ անձնական հանդիպումներ ունենալ, տեսնել նրան, ում ցանկանում է։ Սինանյանի ներկայությունը կամ բացակայությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի համար ոչինչ չի փոխում։ Բայց ինչո՞ւ դա անել պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանին եւ Զարեհ Սինանյանի խոսնակ Ամալյա Կարապետյանին նույն հարցն ուղղեցինք․ Սինանյանին ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան հաճախ գործուղվել Մոսկվա՝ նույն կազմակերպությունների հետ հանդիպման, եւ արդյոք դա պետական միջոցների վատնո՞ւմ չէ։ Մանե Գեւորգյանը չպատասխանեց, իսկ Ամալյա Կարապետյանը կարծում է, որ գործուղումները պետության միջոցների վատնում չեն, քանի որ «Ռուսաստանում է գտնվում հայերի ամենաբազմաշերտ, ամենասփռված համայնքը, որի հետ աշխատանքը շատ կարեւոր է, եւ մյուս կողմից՝ նաեւ համայնքը հետաքրքրություն ունի աշխատելու գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։ Դա են փաստում հրավերները»։

Նա ասաց, որ Զարեհ Սինանյանն առաջին անգամ է գնում Ռոստով։ Հարցին, թե ինչու է նորից իրավաբանների հետ հանդիպում, պատասխանեց, որ ոչ միայն իրավաբանների ասոցիացիայի հետ է հանդիպելու, այլեւ բժիշկների ասոցիացիայի եւ անհատների։ «Եղել է հրավեր, որ հայ իրավաբանների ասոցիացիան մեծ համաժողով է անցկացնում եւ ուրախ կլինի տեսնել գլխավոր հանձնակատարին՝ որպես պետության ներկայացուցչի, այդ համաժողովին»։ Ըստ խոսնակի, հանձնակատարի գլխավոր նպատակը սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումն է Հայաստանի կարիքների համար։ 

Թե որ հյուրանոցում է մնալու Մոսկվայում Զարեհ Սինանյանը, խոսնակը չգիտեր, խորհուրդ տվեց դիմել կառավարություն։ Հիշեցնենք, որ մարտյան այցի օրերին Զարեհ Սինանյանը Մոսկվայում գիշերել էր Նիկոլսկի փողոցում գտնվող թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է: