Նոր խորհրդարանի «խեղկատակները», «հարձակվողները», «հրշեջներն» ու «տուրիստները»

Նոր խորհրդարանի «խեղկատակները», «հարձակվողները», «հրշեջներն» ու «տուրիստները»

Արդեն հայտնի է, թե ովքեր են մուտք գործելու Ազգային ժողով։ Բոլոր գումարումների խորհրդարաններում ամեն իշխանություն ունեցել է իր «խեղկատակները», որոնք աբսուրդ հայտարարություններ են անում, «կոճակ սեղմողները», որոնք երբեք ելույթ չեն ունենում, «սկանդալիստները», որոնք վեճ են հրահրում եւ հայհոյախառն ելույթներ ունենում, «հարձակվողները», որոնք ընդդիմախոսներին են շշպռում, եւ ամենակարեւորը՝ «հրշեջները», որոնք մարում են կոնֆլիկտները եւ աշխատանքային մթնոլորտ ապահովում։

Այս խորհրդարանի իշխանական խմբակցության ցանկից պարզ է դառնում, թե ում ինչի համար են գրել ցուցակում եւ տարել ԱԺ՝ ինչ դերակատարում է ստանձնելու նրանցից յուրաքանչյուրը։ Եթե նախկինների թիմում ամենազավեշտալի հայտարարություններն անում էին Գալուստ Սահակյանը եւ մի խումբ մականունավորներ, ապա այս խորհրդարանում մաեստրոյի արժանի փոխանորդը, անշուշտ, Հովիկ Աղազարյանն է, ով անցած 3 տարիներին կատարել է անկեղծ զրուցակցի, թիմի խոհանոցը բացողի ուրախ դերը։ Լրագրողների սիրելի Աղազարյանը մշտապես հոժարակամ հարցազրույցներ է տալիս եւ միշտ մի ուշագրավ միտք ու հայտարարություն անում, որոնք եթե անգամ զավեշտալի չեն, ապա տարբերվում են թիմի հավաքական կարծիքից։

Այս խմբում կարելի է ներառել նաեւ Նիկոլ Փաշինյանի աներձագին՝ ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանին, ինչպես նաեւ Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանին։ Պատերազմից հետո մանդատ ստացած այս պատգամավորն իր ունիկալ կերպարի շնորհիվ կարճ ժամանակում այնքան հայտնի դարձավ, որ խորհրդարանի մոտ բռնության ենթարկվեց՝ այդ օրերին իշխանության դեմ շուրջօրյա բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների կողմից։ Ասլանյանի ամենից հիշվող հայտարարությունը պատերազմի եւ պարտության մասին էր․ «Մենք չենք պարտվել, հրադադար ենք կնքել՝ մեզ համար անցանկալի ձեւով»։

«Սկանդալիստների» ու «խեղկատակների» խմբի անդամության հավակնորդները շատ են։ Սակայն գենդերային հավասարությունը չխախտելով՝ նշենք նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանին․ արտաքուստ սառնասիրտ ու հանդարտ այս տիկնոջ յուրաքանչյուր հարցազրույց, հայտարարություն առանց բուռն քննարկումների չի անցնում․ «Կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն», «Իսկ գուցե մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը, մե՞նք ենք պատանդ պահել», Թագուհի Թովմասյանին ուղղված «իդիոտկա» արտահայտությունները մեծ աղմուկ են առաջացրել։ Ու թեեւ լուրեր կային, որ Նազարյանն ԱԺ չի գնա, քանի որ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը եւս պատգամավոր է դարձել, սակայն նման բարոյական սահմանափակումներ այս իշխանությունը չունի, եւ Նազարյանը կշարունակի զվարճացնել հայ հանրությանը՝ պատգամավորի կարգավիճակում։

Մի յուրօրինակ խումբ են նաեւ ծեծուջարդի պատմություններով հայտնի դարձած պատգամավորները․ 2 տարի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված եւ մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի պատմությունից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը պաշտոնանկ արվեց, բայց այժմ նրան խորհրդարան են բերել։ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի լրագրողին ծեծի ենթարկելու պատճառով պաշտոնանկ արված Հակոբ Արշակյանը։ Այստեղ է նաեւ բազում սկանդալային պատմություններով հայտնի Հայկ Սարգսյանը, ում կապերը գողական Ռուստամ Գասպարյանի եւ այլ քրեական շրջանակների հետ հայտնի են։ ԱԺ-ում է նաեւ հրազենային «ռազբորկայի» մեղադրանքով նստած Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը։ «Իմ քայլի» ժանդարմը՝ Հակոբ Սիմիդյանը, վայր դրեց մանդատը, նա կառավարությունում աշխատանքի կանցնի, նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Նավակ Ճոճողը՝ Վիլեն Գաբրիելյանը, ով գլուխ չհանեց Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի աշխատանքից, այժմ գործուղվել է ԱԺ։

Գլխավոր «հրշեջի» դերը ստիպված է լինելու կատարել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով անցած տարիներին զբաղված էր Նիկոլ Փաշինյանի եւ, առհասարակ, թիմի ասած ապուշություններն արդարացնելու, սխալները կոծկելու, կիքսերը հարթելու գործով՝ չխնայելով անձնական վարկանիշը։ «Հրշեջների» խմբում կլինեն նաեւ Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ՔՊ քարտուղարուհուց ԱԺ հասած Արփի Դավոյանը, թեեւ վերջինիս դեպքում դժվար է ասել՝ կմարի՞ բորբոքված կրակը, թե՞ ավելի կբորբոքի։ Նա նաեւ իշխանության «ԲՏՌ»-ների շարքում է, որոնց վրա կդրվի ընդդիմությանը շշպռելու գործը։ Այստեղ կդիրքավորվեն նաեւ Վահագն Հովակիմյանը, Արսեն Թորոսյանը, Գեւորգ Պապոյանը եւ այլք։

Խորհրդարանական «տուրիստների» եւ օրենսդրական օլիգարխիկ նախաձեռնություններն անցկացնողների խմբում կլինեն գործարար Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, թոշակառու Վիգեն Խաչատրյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանը, որոնք նախկին են, բայց կարողացել են արժանանալ Փաշինյանի վստահությանը։ Այս խորհրդարանում էլ օրենսդիր աշխատանքը կմնա Վլադիմիր Վարդանյանի, Նարեկ Զեյնալյանի, Բաբկեն Թունյանի ուսերին, որը կրկին կնշանակվի տնտեսական հանձնաժողովի նախագահ։

Նկատենք, որ Ընտրական օրենսգրքի գենդերային պահանջի շնորհիվ խորհրդարան են անցել նաեւ օրենսդիրից կիլոմետրերով հեռու մի խումբ կանայք, որոնց առաքելությունը կսկսվի ու կավարտվի կոճակ սեղմելով։ Այս խմբում, իհարկե, տղամարդիկ էլ կան, օրինակ՝ Արարատի մարզպետի որդի Սեդրակ Թեւոնյանը, Արագածոտնից ընտրված՝ գիշերային ակումբի նախկին մենեջեր Սերգեյ Մովսիսյանը, Մաթեւոս Ասատրյանը եւ ուրիշներ։