Հաղթող է ճանաչվելու 5 մետր չոչ անող փոքրիկը

Հաղթող է ճանաչվելու 5 մետր չոչ անող փոքրիկը

«Հայ ծնողների ակումբ»-ը Հայաստանում չորրորդ անգամ կազմակերպում է «Չոչի մրցույթ 2023»-ը, որը Երևանում տեղի կունենա հուլիսի 2-ին, «Երազ այգում»։ Մրցույթին մասնակցելու է 6-ից 14 ամսական 80 երեխա: Մրցույթի նպատակն է ՀՀ-ում խթանել առողջ ապրելակերպը՝ մասնավորապես չոչը մանկահասակ երեխաների մոտ, ակտիվ սպորտը և օգտակար ժամանցը։ «Հայ ծնողների ակումբ»-ի հիմնադիր տնօրեն Աստղիկ Զաքարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ «Հայ ծնողների ակումբ»-ն ունի երկու նպատակ` առաջինը հայ փոքրիկների համար մրցույթ-միջոցառում ստեղծել, երկրորդը` ստեղծել տոն, որը կլինի ընտանեկան, քանի որ Հայաստանում ընտանեկան տոները բավականին սակավաթիվ են.

«Միջոցառումն այդ առումով բավականին հաջողված է, քանի որ մասնակցում են երեխաներ, որոնք ներկայանում են ծնողների, տատիկ-պապիկների, հորաքույր-մորաքույրերի հետ: Արդեն չորրորդ անգամ ենք իրականացնում մրցույթն, ամեն անգամ յուրովի հաջողված և հետաքրքիր է այն անցկացվում»- նշում է նա:

Ըստ Աստղիկ Զաքարյանի` տարածքում լինելու են նաև տաղավարներ, որտեղ կլինեն անվճար զբաղմունքներ տարբեր տարիքի երեխաների համար. «Բոլոր ներկա երեխաներն անվճար կարող են օգտվել այդ տաղավարներից` խաղեր, ձեռքի աշխատանքներ»:

Հարցին, թե Չոչի մրցույթում հաղթող երեխաներն ի՞նչ մրցանակների են արժանանալու, մեր զրուցակիցը նշեց. «Մասնակցելու է 80 երեխա: Նրանք բոլորն էլ ստանալու են նվերներ: Իսկ ահա տասը հաղթողները բացի նախատեսված նվերներից ստանալու են այլ նվերներ ևս: 80 երեխան մասնակցելու է տասը խմբով, ամեն խմբից լինելու է մեկ հաղթող, այսինքն` ընդհանուր տասը հաղթող: Հաղթող է ճանաչվելու այն փոքրիկը, որը չոչ անելով կանցնի 5 մետր տարածքը», - նշեց մեր զրուցակիցը: