«Հրապարակ»․ Հենց Ռուսաստանի սանկցիաները քչացան, Հայաստանի տնտեսությունն անկում է ապրելու

Նախօրեին տեղի ունեցած ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ երկրում առկա գործազրկության եւ աղքատության մասին բարձրաձայնել էր ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը, որն իր խոսքում նախ ընդգծել էր, որ երկրում ունենք 25 տոկոս աղքատություն, ապա հանդիմանել էր գիտնականներին, որ դա «հարիր չէ մեզ», ինչպես որ հարիր չէ 12 տոկոս գործազրկությունը, ու դա՝ այն դեպքում, երբ նման տնտեսական ակտիվություն կա երկրում:
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը համաձայն է, որ մեր երկրում աղքատության ու գործազրկության ցուցանիշները շատ բարձր են, սակայն համաձայն չէ երկրում տնտեսական ակտիվության առկայության մասին կարծիքի հետ, քանի որ դա մեր գյուղատնտեսության, արդյունաբերության կամ այլ ոլորտների ակտիվության հաշվին չէ. «Այո, իսկապես տնտեսության ակտիվություն կա` ՀՆԱ-ն աճում է, բայց դա Ռուսաստանից եկող ռեէքսպորտի հաշվին է: Քանի որ սանկցիաների տակ է Ռուսաստանը, դրա համար որոշ ապրանքներ, թանկարժեք քարեր, ոսկեղեն եւ այլն, Հայաստանի միջոցով վաճառվում են այլ երկրների, ու այդ գումարը հետո հետ է գալիս: Այսինքն, ոչ թե մեր արտադրանքի հաշվին է այդ ակտիվությունը, այլ՝ ռեէքսպորտի, ու դա արվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ղազախստանի ու այլ երկրների միջոցով, որոնք ունեն այդ հնարավորությունը: Իսկ սա չի խոսում մեր տնտեսության ակտիվության մասին, սա ժամանակավոր երեւույթ է` կապված Ռուսաստանի՝ սանկցիաների տակ գտնվելու հետ, ու հենց սանկցիաները մի քիչ թուլացան, ռեէքսպորտը քչացավ, Հայաստանի տնտեսությունն անկում է ապրելու: Ստեղծված իրավիճակում խնդիրը հետեւյալն է` մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ այնպես անենք, որ արտահանելու բան ունենանք»:
ՀՀ նախագահը խոսել էր նաեւ «Ակադեմիական քաղաք» նախագծի, «Խաղաղության խաչմերուկի», Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին՝ նշելով, որ մինչ օրս որեւէ հաշվարկ չկա դրանց տնտեսական պոտենցիալի հետ կապված։
«Այն, որ ինքը գիտնականներին դիմեց տնտեսական հաշվարկներ անելու առաջարկով՝ այս կամ այն թեմայի շուրջ, ու թե մեզ ինչն է խանգարում, ինչն է պակաս..., կամ՝ երբ խոսում ենք ակադեմիական քաղաքի կառուցման մասին, դարձյալ տեսնում ենք, որ ոչ մի հաշվարկ չկա, ուղղակի մի գաղափար է, որն ինչ-որ մեկն արտահայտել է, եւ որի հետեւից գնացել են ու հիմա ահագին գումարներ են ուզում ծախսեն` մի հատ ակադեմիական քաղաք կառուցելու համար: Ու դա՝ այն դեպքում, երբ մենք ակադեմիական քաղաք արդեն ունենք, դա Երեւանն է, որովհետեւ Երեւանում ե՛ւ ակադեմիական ինստիտուտներն են, ե՛ւ բուհերը, այդ թվում՝ ամբողջ մտավորականությունը, ուրեմն ի՞նչ կարիք կա մի հատ նորը կառուցել, այն դեպքում, երբ Հայաստանի առջեւ հարյուրավոր այլ հրատապ ու կարեւոր խնդիրներ կան, այդ նույն աղքատությունը, գործազրկությունը: Այս առումով կարելի էր մի հատ տնտեսագիտական, խոր վերլուծություն անել եւ ցույց տալ, որ ակադեմիական քաղաքի համար այդ ծախսն անելն ապուշություն է, այն պարագայում, երբ երկիրը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի»,- ընդգծում է սոցիոլոգը:
Խնդիրն այն է, որ նման տնտեսական հաշվարկներ, վերլուծություններ անելու պետպատվերն էլ պետությունն է իջեցնում, ըստ այդմ` իշխանության ներկայացուցիչներն ո՞ւմ եւ ինչի՞ց են դժգոհում ու ինչո՞ւ նման պետպատվեր գիտնականներին չեն տալիս։ «Դա շատ ճիշտ հարցադրում է, հատկապես որ Ակադեմիան պետբյուջեով ֆինանսավորվող հիմնարկություն է, եթե նման խնդիրներ կան, ո՞ւմ եք սպասում, պատվեր իջեցրեք` թող արվի..., բայց ես կարող եմ ասել, թե ինչու դա չի արվում, որովհետեւ իրենց պետք չէ: Նախագահը որպես նախատինք է ասում դա գիտնականներին, բայց դա իրեն պետք չէ..., որոշել են, որ այդ ծրագիրը պետք է անեն` անում են, իսկ թե այն շահավետ է Հայաստանի համար, թե` ոչ, Հայաստանը տուժելու է դրանից, թե ոչ` միեւնույն է: Հիմա որոշել են՝ հայ-թուրքական սահմանը պիտի բացեն, ուրեմն պիտի բացեն, իսկ այս դեպքում մենք միայն ուրախ պետք է լինենք, որ Թուրքիան չի ուզում բացել սահմանը: Փաստորեն, Թուրքիան մեր ժողովրդի մասին ավելի շատ է մտածում, որովհետեւ սահմանը որ բացեն, իրենց ապրանքների հոսքը մի տասն անգամ կավելանա, ու մեր արտադրանքն ընդհանրապես անմրցունակ կլինի, որովհետեւ իրենց մոտ մի քիչ ավելի էժան է, ու այդ իմաստով իրենք մի քիչ ավելի զարգացած տնտեսություն ունեն, քան մենք: Բնական է ու հասկանալի, որ այս փակ սահմանների պարագան մեզ համար է ձեռնտու, որ մենք չընկնենք այս թուրքական էքսպանսիայի տակ, ինչը Վրաստանում իրենց վրա արդեն զգացել են ու հասկացել, թե բաց սահմանները Թուրքիայի հետ ինչի են հանգեցնում»,- նշում է զրուցակիցս:
Ինչպես ընդգծում է Գ. Պողոսյանը, երկրում տնտեսական խնդիրներից բացի, կան նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ` սոցիալ-քաղաքական, որոնց հետ կապված՝ արժե սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնել. «Հենց թեկուզ պարզել հասարակության վերաբերմունքն իշխանությունների հանդեպ կամ այս կամ այն հարցի առնչությամբ, օրինակ՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա, մարդիկ ինչպե՞ս են նայում Թուրքիայի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը։ Սրանք հարցեր են, որոնց մասով կարելի է հետազոտություններ պատվիրել, որ այդ հարցերն ուսումնասիրվեն եւ զեկույցների տեսքով ներկայացվեն կառավարությանը: Բայց դա չի արվում ոչ միայն հիմա, այլ նաեւ` նախկինում, որովհետեւ կառավարությունն առաջ է շարժվում իր ծրագրով, եւ իրեն բոլորովին չի հետաքրքրում, թե բնակչությունն ինչ է մտածում դրա շուրջ, համաձա՞յն է, թե՞ ոչ, որովհետեւ եթե անգամ համաձայն չէ, իրենք դա անում են: Տեսեք՝ նույնը Արցախի դեպքում եղավ, բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մարդկանց 95 տոկոսը դեմ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվի, բայց, մեկ է՝ ճանաչեցին։ Խնդիրն այստեղ այն է, որ, անկախ ամեն ինչից, կառավարությունն իր ճանապարհով է շարժվում, իսկ ազգն ու ժողովուրդը՝ բոլորովին այլ ճանապարհով, եւ այդ ճանապարհները հիմնականում չեն համընկնում»:
Կարծիքներ