ՀԱԿ-ը հակված է մասնակցել ընտրություններին

ՀԱԿ-ը հակված է մասնակցել ընտրություններին

«Հայ ազգային կոնգրեսն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ մայիսի 1-ին համագումար են անցկացնում։ Մենք այսօր գրել ենք, որ «Դվինի Արտակը» մերժել է նրանց «Դվինում» համագումարն անցկացնելու հայտը, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել։ ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն ասաց, որ տեղի հետ կապված խնդիր չկա, պարզապես՝ «մեծ տեղ ենք ման գալիս, որպեսզի մեկումեջ նստացնենք մեր ժողովրդին, վարակ չլինի ու որ մենք էլ չդառնանք համավարակի խրախուսող»։ Համագումարը միայն ընտրություններին գնալ-չգնալու հա՞րցն է քննարկելու, թե հարցը որոշված է եւ համագումարը միայն ֆորմալացնելու է այդ որոշումը։ Այս և այլ հարցերին Զոյա Թադևոսյանը չպատասխանեց, միայն ասաց․ «Որպես դասական քաղաքական ուժ մենք իրավունք չունենք առանց համագումարի՝ կանոնադրությամբ է պահանջվում որոշում կայացնել։ Դրա համար, համագումարն անհրաժեշտություն է»։ 

Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ վարչության անդամները ընտրություններին մասնակցությանը կողմ են արտահայտվել։ Դաշինքով և «ում հետ» գնալու առումով դեռ որոշում չկա։ Ինչ վերաբերում է հակվածություններին, ապա կարծիքները տարբեր են։ ՀԱԿ-ի հետ մշտապես դաշինքի մեջ մտնող ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն ի պատասխան դաշինքի մասին հարցի, ասաց, որ քննարկում չի եղել, ինքը Մեղրիում է, բայց եթե քննարկում եղած լիներ՝ տեղյակ կլիներ։