Հայաստանի հերթական պարտությունը

Հայաստանի հերթական պարտությունը

Ամերիկայի Միացյալ նահանգների կառավարությունը որոշում է կայացրե`լ դադարեցնել Արցախի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ամենամյա օգնությունը։ Այդ միջոցները հիմնականում ուղղվում էին հանրապետության տարածքում ականզերծման աշխատանքների իրականացմանը։ Կարելի է ենթադրել, որ ականազերծման աշխատանքները տարիներ շարունակ զուտ պատրվակի նշանակություն են ունեցել և այդ օգնությունը շատ ավելի լուրջ քաղաքական թիրախներ է սահմանել։ Խոսքն առաջին հերթին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին է, և փաստացի ԱՄՆ-ն այդ ուղիղ օգնությամբ քաղաքական վերաբերմունքի անուղղակի ազդակներ է հղել ոչ միայն Երևանին ու Ստեփանակերտին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին։ 

Ազդակներ այն մասին, որ նույնիսկ Արցախի չճանաչման պայմաններում, ԱՄՆ-ն,այնուամենայնիվ, հաշվի է նստում տարածաշրջանային այդ գործոնի և նրա ինքոնորոշման պայքարի հետ։ Սա շատ կարևոր արձանագրում է, որի հիմքում Արցախը de facto ճանաչելու փաստն է։ 

Ներկայումս կարող ենք փաստել, որ վերոհիշյալ արձանագրումն այլևս գոյություն չունի։ Սա իհարկե քաղաքական վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է և ակնհայտ է, որ նախագահ Դ․ Թրամփի վարչակազմը հրաժարվում է իր նախորդների որդեգրած քաղաքականությունից։ Հնարավոր է, որ վերաբերմունքն այս ինչ-որ մի օր կփոխվի, բայց դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Թրամփը հեռանա Սպիտակ տնից։ Իսկ 45-րդ նախագահը, ինչպես տեսնում ենք, դեռևս հեռանալու մտադրություն չունի և ակտիվորեն նախապատրաստվում է պաշտոնավարման երկրորդ ժամկետին։ 

Այսինքն, Թրամփի վարչակազմն այլևս հետաքրքրված չէ Հարավային Կովկասում հավասարակշռության և անվտանգության համակարգի պահպանմամբ։ Եվ սա վերաբերմունք է ոչ այնքան Ստեփանակերտի, այլ ավելի շատ հենց Երևանի նկատմամբ։ Կամ էլ Երևանում նստած հեղափոխականների, որոնք ԱՄՆ-ին քննադատելը ոչ վաղ անցյալում դիտարկում էին որպես աննախադեպ ձեռքբերում։ 

Կարող ենք արձանագրել, որ սա Հայաստանի կառավարության մեծագույն պարտություններից մեկն է։ Վերջին երկու տարիներին փաստացի ոչինչ չի արվել Վաշինգտոնի հետ կառուցողական երկխոսություն նախաձեռնելու համար։ Ավելին՝ Փաշինյանի կաբինետն իր անհետևողական գործունեությամբ արձանագրել է Հայ-ամերիկյան համագործակցության վատթարագույն և ամենաանբերանպաստ շրջափուլը։ Միջպետական փոխհարաբերությունները երբևէ այսքան սառը և անորոշ չեն եղել։ 

Հայաստանի պարտությունն անշուշտ հաղթանակն է Ադրբեջանի։ Այս պարագայում մեծ դերակատարում են ունեցել նաև ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները։ Բայց վերջիններս երբևէ չէին կարող համանման առաջխաղացում արձանագրել, եթե Հայաստանն ու ընդհանրապես հայկական գործոնն իրենց տեղում լինեին։ 

Վաշինգտոնի համար Ադրբեջանը միշտ էլ շատ ավելի կարևոր նշանակություն է ունեցել, քան Հայաստանը։ Բայց այս ամենի հետ զուգընթաց աշխարհաքաղաքական այդ նախապատվությունն անցյալում հանդիպել է հավասակաշռող խոչընդոտի, որն է՝ հայկական գործոնը։ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր Ադրբեջանի կարևորությունն իհարկե կրկնապատկվել է, իսկ հավասարակշռող հայկական գործոնն էլ ավելի թուլացել։ 

Այսինքն ԱՄՆ-ի նախնական նախապատվության, ադրբեջանական լոբբինգի ակտիվացման և հայկական գործոնի պասիվացման համատեքստում Վաշինգտոնը նախանշել է նոր քաղաքականություն, ինչն իհարկե լրջագույն հարված է հայկական երկու հանրապետություններին։ 

ԱՄՆ-ի համանման մոտեցման ամենամեծ շարժառիթն այն է, որ Թրամփի վարչակազմը լուրջ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ Վերջինս Մոսկվայի և Վաշինգտոնի միջև աստիճանաբար թեժ մրցավազքի պլացդարմի կարգավիճակ է ձեռքբերում։ Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ՌԴ-ն ցանկանում են տիրապետող դիրքեր հաստատել Բաքվում և այդ ուղղությամբ պատրաստ են հօգուտ Ադրբեջանի որոշակի զիջումների գնալ։ Ահա, Վաշինգտոնը արձանագրեց իր առաջին զիջումը, իսկ ի՞նչ են պատրաստվում զիջել ռուսները։ Իհարկե դժվար է ասել, բայց գրեթե կասկած չկա, որ ամենն այդ կյանքի է կոչվելու Հայաստանի շահերի հաշվին։ 

Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանի հպարտ քաղաքացիները կարող են հպարտանալ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանությունը չանաչելու ապաքաղաքական փաստով։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է յուրացնել այդ ձեռքբերումը՝ ներկայացնելով որպես իր կառավարության մեծագույն նվաճում, իհարկե հայ-ամերիկայն «աննախադեպ» փոխհարաբերությունների քարոզչական պատրանքի համատեքստում։