Վարչապետի պրոտոկոլը և խորհրդականները նրան ճիշտ խորհուրդ չեն տվել
«Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-24-ը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ելույթի հետ կապված, զարմանալին այն է, որ մեր հակառակորդը դրան ոչ մի կերպ չարձագանքեց։ Այսինքն, ցույց տվեց, որ կարծես թե ելույթ չի էլ եղել։ Չնայած այն մեսիջները, որ վարչապետն անում էր Ադրբեջանին, կարծում եմ, որ հենց Ադրբեջանին պետք է հետաքրքրեր։ Բայց Արդրբեջանի արտգործնախարարն իր ելույթով էլ ցույց տվեց, համենայնդեպս, որ իրենց հետաքրքիր չի, թե ինչպիսի ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը», -այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ըստ Բալասանյանի, վարչապետի ելույթում ընդհանուր վերցրած կային և դրական, և բացասական որոշակի կողմեր։ Օրինակ դիվանագիտական էթիկայի առումով, այնքան էլ ճիշտ չէր քարտեզի վերաբերյալ վարչապետի հարցադրումը, որը նա ուղղեց Ալիևին։ Որովհետև դիվանագիտական պրակտիկայում նման բան չկա, որ հակառակորդ կողմերի թշնամանքի կամ պատերազմական գործողության դեպքում՝ մեկը մյուսին հարցնի՝ կարո՞ղ ես ասել, որ քարտեզն է, որ քեզ համար կլինի ընդունելի։
«Կարծում եմ, որ պրոտոկոլը և խորհրդականներն այդտեղ թերացում ունեն։ Նրանք վարչապետին ճիշտ խորհուրդ չեն տվել։ Այստեղ նաև տեքստ գրողը պետք է դրան ուշադրություն դարձներ։ Չեմ կարծում, որ դա վարչապետի անձնական նախաձեռնությունն է եղել՝ այդ պահին իր խոսքի մեջ փոփոխություններ մտցնելը։ Ընդհանուր վերցրած՝ այցի հետ կապված, բացի ՄԱԿ-ից, արտառոց որևէ բան չի եղել։ Հայ համայնքի հետ հանդիպումը տեսանք, որ այդքան էլ հարթ չի անցել։ Կադրերը ցույց են տալիս, որ բողոքի ակցիաներ եղան հայ համայնքի կողմից»,-ասաց Բալասանյանը։
Միջազգայնագետը գտնում է, որ այս այցի ժամանակ, վարչապետը պետք է այլ կետերի վրա էլ կենտրոնանար՝ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ըստ Բալասանյանի, անպայման պետք է բարձրացվեր ազատության աջակցմանը 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը, որը ցավոք սրտի նաև Նենսի Փելոսիի այցի ժամանակ չբարձրացվեց։ Անպայման պետք է բարձրացվեր Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը վերականգնելու հարցը, որը վերջին տարիներին՝ Թրամփի իշխանությունից սկսած այլևս չեն փոխանցվում, կամ շատ քիչ են փոխանցվում։ Վարչապետը պետք է բարձրացներ նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինությունների հարցը։
«Ինչո՞ւ սպառազինությունների հարցը բարձրաձայնվեր Միացյալ Նահանգներում, որովհետև բոլորի համար պարզ է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների հոգեզավակն է, և եթե Միացյալ Նահանգները խնդիր է դնում Իսրայելի առջև սահմանափակել սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին, ես չեմ կարծում, թե Իսրայելը դեմ կգնար, այսպես կոչված, խնդրանք-հորդորին, և կշարունակեր ողջ թափով զինել Ադրբեջանին։ Նաև, ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ բարձրացնել Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան զենքի մատակարարման հարցը Ադրբեջանին։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին բայրաքթարների և մյուս համակարգերի մասին է։ Որովհետև Բայրաքթարն՝ ինքը, ըստ էության, թուրքական չէ։ Այո, հավաքման գործարանը գտնվում է Թուրքիայում, բայց բոլոր բաղադրամասերը Թուրքիա մատակարարվում են ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների կողմից։ Այսինքն, կարելի էր Միացյալ Նահանգների, առհասարակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից բարձրացվեր Ադրբեջանին կամ Հարավային Կովկասում ծավալվող այս պատերազմում կողմերից մեկին սպառազինություն կամ սպառազինության բաղադրամասեր մատակարարելու մասին։ Սա ավելի օգտակար կլիներ հայ-ամերիկյան օրակարգի համար, քան այն հանդիպումները, որ եղան հայ համայնքի հետ, կամ ամերիկյան՝ ոչ այդքան կարևոր, ավելի ցածր տրամաչափի քաղաքական գործիչների հետ։
Ես կարծում եմ պահանջը մեկը պետք է լիներ՝ դադարեցնել զինել Ադրբեջանին, և դադարեցնել աչք փակել այն մատակարարումների վրա, որ Թուրքիան տալիս է Ադրբեջանին, որովհետև դա, ըստ էության, բովանդակ ՆԱՏՕ-ի խնդիրն է նաև։ Հետևաբար, այս հարցում կարծում եմ, որ Հայաստանը ուներ լրիվ իրավունք՝ բարձրացնելու այդ հարցը, և մտահոգություն հայտնելու նաև ՆԱՏՕ-ի կողմից այսպիսի կրավորական կեցվածքի հետ կապված, երբ որ ՆԱՏՕ-ի զենքը կռվում է Հարավային Կովկասում մեր դեմ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Կարծիքներ