Ռուս-ադրբեջանական սիրախաղը շարունակվում է. Մատվիենկոն հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության և դաշինքի։
Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Ըստ Մատվիենկոյի՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները.
«Նրանց [նախագահների] ջանքերի շնորհիվ, նրանց կամքի շնորհիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք մեր հարաբերությունները կառուցել ենք ամենաբարձր մակարդակի վրա, դրանք արդեն վերածվել են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների»,-նշել է նաև:
Պաշտոնյայի խոսքով, բոլորը լավ են հիշում, որ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը, ում մեծարում և հիշում են Ռուսաստանում, կանգնած է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման ակունքներում։
ՌԴ Դաշնային ժողովի խոսնակը լրագրողներին ասել է, որ իր հանդիպումը Ալիևի հետ եղել է «իմաստալից, բովանդակային և բաց».
«Ուզում եմ լիակատար վստահությամբ ասել, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը վճռական է շարունակել դաշնակցային գործընկերության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի հարաբերությունների կառուցումը»:
Մատվիենկոն նշել է նաև, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում կա «շատ հագեցած խորհրդարանական օրակարգ». «Այդ պատճառով մենք բարձր տրամադրություն ունենք, լավ տրամադրություն ունենք, շատ մանրամասն քննարկել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր քննարկել, և ձեռք են բերվել անհրաժեշտ պայմանավորվածություններ»։
Հատկանշական է, որ վերջին շրջանում, մասնավորապես՝ ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ուղևորատար օդանավի կործանումից հետո, որի մեջ Բաքուն տեսնում է ռուսական կողմի մեղքը, երկու երկրների հարաբերությունները բավականին լարված էին:
Օդային աղետից հետո Բաքվում հայտարարեցին Ռուսական տան փակման մասին:
Այնուհետ Մոսկվայում ամենաբարձր մակարդակով հայտնեցին Ռուսաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահ, Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևին նվիրված հուշարձան բացելու մտադրության մասին: Հուշարձանի հիմնարկեքին մասնակցեց նաև Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը:
Մատվիենկոյի այցը նույնպես փորձագիտական շրջանում համարում են երկու երկրների հարաբերությունների միջև առկա լարվածությունը լիցքաթափելու միջոց:
Կարծիքներ