Առեղծվածային հրաժարականների հիմքը այլ է

   Առեղծվածային հրաժարականների հիմքը այլ է

Երբ Արթուր Վանեցյանը նոր էր նշանակվել ԱԱԾ տնօրեն ու սարսափազդու կադրեր  էին հրամցվում հանրությանը, «Բավ է ուժըս ֆիլմերով մեզ վախեցնեք» վերտառությամբ մի փոքրիկ հոդված էի գրել, որտեղ սուբյեկտիվ գնահատական էի տվել․ (5 Հունիս 2018)  «Հայաստանում  թիվ մեկ սարսափը դարձել է Արթուր Վանեցյանը։ Ով ում ուզում է վախեցնել՝ Վանեցյանի անունն է տալիս։
Հեղափոխությունից հետո մի այդպիսի կերպար էր պետք, որ ով օլիգարխ էր կամ պաշտոնից- բանից ուներ, ականջներից քաշեին ու քարշ տային «կագեբեի խուց»։ Փողերը, շորերը վրայից պլոկեին ու թողնեին տկլոր, որ քաղցած, "էրված-խորովված" մարդկանց սիրտը հովացնեին։
Մարդիկ պիտի տեսնեին, թե ինչպես են հարուստները լաց լինում, ինչպես են հալածվում և մտածեին՝ ի՜նչ լավ է, որ մենք միայն կարտոլ ենք ուտում։  
Էդ կերպարը տվին Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ նա դիմագծերով շատ հանդարտ, խաղաղ մարդ է, նույնիսկ բարի ու լուսավոր ժպիտ ունի, այդ կերպարին սկսեցին գույներ տալ։ Թատրոնում ո՞նց է լինում, երբ բարի մարդուն տեխնիկական հնարքներով ու համապատասխան գույներով այնպիսին են դարձնում, որ տեսնողը վախից փախչի
»։

Այս հատվածը շատ բան է բնորոշում։ Հեղափոխությունից հետո նման կերպար էր պետք։ Վանեցյանը կատարեց այդ դերը։

Որոշ ժամանակ հետո մարդկանց համար սովորական դարձավ այդ կերպարը` նրանց պետք էր ավելի սկանդալային կադրեր։ Նոր կերպար էր պետք, որպեսզի մարդկանց մեջ չհանգչեր հեղափոխական կրակը և նրանք հասկանային, որ մեծ փոփոխություններ չանելու մեղավորը Արթուր Վանեցյանն է։ Վտանգավոր էր, մարդիկ արդեն չէին արձագանքում «բռնել, բացթողումներին», թերահավատ էին, էյֆորիան «նստում էր»։ Այդ ամենը բարդվեց Արթուր Վանեցյանի վրա, և նա հրաժարական տվեց՝ պոռթկուն տեքստով։ Վանեցյանը  ոչինչ չկորցրեց՝ հրաժարականից մի քանի օր առաջ գեներալ մայորի ծիրանին փռեցին նրա ուսերին ու ամենակարևորը՝ բարի ԱԱԾ տնօրենի իմիջով հեռացավ։ Նոր կերպար էր պետք։ Կարևոր չէ՝ ով է, սարսափը մտցվում է՝ ֆիլմն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար։

․․․Նոր կերպարը սարսափելի է այնքանով, որ հետապնդում է Արթուր Վանեցյանին, Սահմանադրական դատարանի նախագահին, նրա ընտանիքին, աղմուկ է ստեղծվում կերպարի շուրջ, ու մարդիկ շունչները պահած հետևում են դրամատիկ ֆիլմին․․․

Այս ամենի մեջ, կհարցնեք, ի՞նչ տրամաբանություն կա։ Ժամանակի որոշակի հատվածում Նիկոլ Փաշինյանի շուրջ «տաք պահել հանրությանը»։ Պլանը կարող է գործել միայն ժամանակի որոշակի  հատվածում, երկարաժամկետ չի՝ ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար։  Եթե դա ձեզ չհամոզեց՝ փորձեք համոզել ինձ՝ հրաժարականներից մի քանի օր առաջ շնորհված գեներալի կոչումը՝ Վանեցյանին ու Օսիպյանին,  (երկուսի դեպքում էլ նույն մեխանիզմն է գործել) ի՞նչ տրամաբանությամբ է կատարվել։ Այսինքն մի քանի օր առաջ լավն էին, հետո դարձան դավաճաննե՞ր․․․

Առեղծվածային հրաժարականների հիմքը այլ է։