Տիգրան Ավինյանը փոխհատուցել է Լոս Անջելեսի տոմսի ծախսը

Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակ»-ին փոխանցում են, որ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ մեկնելու տոմսերի գնի ծախսերը.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին:
Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրվի»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական այցը Լոս Անջելես մեծ աղմուկ էր բարձրացել։ Բացի այլ ծախսերի համար տրամադրված մեծ գումարից, Ավինյանի տոմսի արժեքը ավելի քան 7 միլիոն դրամ էր արժեցել։ Քննադատություններից հետո քաղաքապետարանի նիստերից մեկում Ավինյանը հայտարարեց, որ սեփական միջոցներից փոխհատուցելու է տոմսի արժեքի ծախսը եւ նշել` ինքը տեղյակ չի եղել ավիատոմսի գնից։
Կարծիքներ