Ե՞րբ էր այդ պահը

Ե՞րբ էր այդ պահը

Անհնար է պատկերացնել ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմ, հիմարություն, մարտնչող տգիտություն, պետության հանդեպ ավելի մեծ վնասարարություն, քան այսօր իրականացնում է երկրի իշխանությունը` տարբեր ոլորտներում: Անհնար է որեւէ երկրում պատկերացնել տարրական բաներ չիմացող, անգամ բարձրագույն կրթություն չստացած, իրենց ղեկավարած ոլորտներից անտեղյակ պաշտոնյաների նման քանակ, քան մեզանում: Բայց այդ բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մարդիկ են պետությունը կառավարում, ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա հայտարարել, թե հանրությունը տգետ է` պետք է նրան կրթել:

Առավել եւս՝ իրեն թույլ չի տա լսարաններ հավաքել, դասախոսություններ կարդալ, կրթելու, սովորեցնելու առաքելություն ստանձնել, երբ երկրում կան կրթական հաստատություններ, դպրոցներ, համալսարաններ: Նման պահվածքն ինքնին մովետոն է, քաղաքակիրթ դեմոկրատական երկրներին անհարիր: Այդ երկրներում նման փորձեր անող իշխանություններին ուղղակի ծաղրի կենթարկեին, ոչ պիտանի կհամարեին եւ կուղարկեին արխիվ: Ինչպես թույլ չէին տա իրենց ազգային ավանդույթների դեմ ոտնձգություններ անել, իրենց պատմությունն աղավաղել, ազգային սրբություններին դիպչել: Ե՞րբ, ո՞ր պահից այս ամենը մեզանում հնարավոր դարձավ: Ինչո՞ւ եւ ե՞րբ մենք բաց թողեցինք լկտիանալու հակված այդ երեւույթի դեմն առնելու պահը: Գուցե դա այն պահին էր, երբ ԱԺ ամբիոնի մոտ հայտնված` 7 մանդատ ունեցող ուժի ղեկավարը բացահայտ սպառնալիքների միջոցով փորձում էր վարչապե՞տ ընտրվել: Կամ՝ այն պահի՞ն էր, երբ իր համար տհաճ դատավճռի պատճառով կոչ էր անում մարդկանց` շրջափակել դատարանների դռները: Կամ` երբ ուզում էր սահմանադրական հանրաքվե անել` ՍԴ-ի` իրեն չենթարկվող դատավորներից ազատվելու համա՞ր: