Հարավային Եվրոպայում կարող են անապատներ առաջանալ․ ահազանգ

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող մասնագետները հայտարարել են, որ եթե աշխարհում գլոբալ տաքացումը հասնի 3 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի, ապա Հարավային Եվրոպայում կձեւավորվեն անապատներ։ Այս մասին The Telegraph պարբերականի հետ զրույցում ասել է ՄԱԿ կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի անդամ Ջիմ Սքին։ Համաձայն նրա, անապատացումը տեղի է ունենում ոչ միայն Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, այլ նաեւ՝ Հունաստանում, Թուրքիայում, Պորտուգալիայում։ «Ողջ Եվրոպան եւ հատկապես՝ Միջերկրականի ավազանը, գտնվում է չափազանց խոցելի վիճակում» ,- ասել է ՄԱԿ փորձագետը։
Նրա դիտարկումների համաձայն, գլոբալ տաքացումը 3 աստիճանի կհասնի 2100 թվականին, եւ սա չպետք է ընկալվի ներկայիս ապրող մարդկանց համար որպես ապագա սերունդների խնդիր։ Գլոբալ տաքացումը շոգ եւ խոնավ կլիմա է ձեւավորելու եվրոպական շատ երկրներում, օրինակ, Լեհաստանում հնարավոր է, որ այլեւս չկարողանան կարտոֆիլ աճեցնել, իսկ Իտալիայում՝ մակարոնեղենի համար անհրաժեշտ ցորենի կոշտ տեսակները, ասել է Սքին։
Կարծիքներ